Լրահոս
Օրվա լրահոսը

Հայորդաց տները դժվարություններ ունեն

Մարտ 18,2009 00:00

Տարբեր պատճառներով դասարաններ են փակվում

\"\"Միջին տարիքի սերունդը, անշուշտ, ինչ-ինչ հիշողություններ կունենա՝ կապված խորհրդային ժամանակներում գործող «պիոներպալատների» հետ: Դրանք արդեն գոյություն չունեն, փոխարենը այդ կրթօջախների հիմքի վրա 15 տարի առաջ հայոց եկեղեցու հովանավորությամբ հիմնադրվեցին հայորդաց տներ, որոնք այսօր Հայաստանում 7-ն են եւ ունեն շուրջ 2500 սան: \"\"Դրանցում գործում են արվեստի եւ արհեստների ճյուղերի գծով դասարաններ, որտեղ մինչեւ 27 տարեկան երիտասարդներ կարող են կրթություն ստանալ՝ ամսական վճարելով միջինը 1500 դրամ: Վերջին շրջանում հայորդաց տները որոշ դժվարությունների առաջ են կանգնել: Ամենամտահոգիչը տարբեր դասարանների փակումն է: Օրինակ՝ Մալաթիայի հայորդաց տանը ժամանակին գործում էր բալետի դասարան, որն այժմ միայն հիշողություն է, Արաբկիրում փակվել են դհոլի, ասեղնագործության դասարանները եւ այլն: «Առավոտը» զրուցեց հայորդաց տների տեսուչ-տնօրեն Կոմիտաս վարդապետ Հովնանյանի հետ: Նախքան բուն խնդրին անդրադառնալը՝ Կոմիտաս վարդապետը նկատեց. «Մեր նպատակն է հայորդաց տան յուրաքանչյուր սանի մեջ ձեւավորել արարելու գաղափարը, քանի որ ինչ-որ բան սովորել, նշանակում է՝ էությանդ մեջ ձեւավորել նաեւ տալու գաղափարը: Մեր սաներն ուսման ընթացքում ստանում են նաեւ կրոնական եւ ազգային դաստիարակություն»: Իսկ դասարանների փակման առիթով զրուցակիցս ասաց. «Ամեն դասարան ձեւավորվում է տվյալ ուսուցչի շուրջ: Երբ անձը ինչ-ինչ պատճառներով տեղափոխվում է, դա դառնում է դասարանի փակման առիթ, երբեմն էլ անձի շահադիտական հետաքրքրություններն են դասարանի փակման պատճառ դառնում: Հնարավոր է տվյալ անձին չբավարարի այստեղի ամսավճարը, եւ նա հեռանա: Բացի այդ, դասարան ստեղծելու համար, եթե, օրինակ, նվազագույնը պահաջվում է 10 երեխա, բայց նրանք 8-ն են կամ 7-ը, դասարան բացում ենք: Ներկայումս կան արվեստի որոշ ճյուղեր, որոնց նկատմամբ երեխաներն այլեւս հետաքրքրություն չունեն, նախընտրում են ավելի գործնական մասնագիտություններ, քան ավանդական»: Մեր այն դիտարկմանը, թե դհոլի դասարանի դեպքում ճիշտ չէ՞ր լինի անգամ 2-3 աշակերտի համար դասարան բացել, որ խթանվի հետաքրքրությունը առանց այդ էլ անուշադրության մատնված այդ գործիքի նկատմամբ, Կոմիտաս վարդապետն այսպես պատասխանեց. «Մայր աթոռ Սուրբ Էջմիածինն իր ֆինանսական խնդիրները հոգալու համար չունի արտադրություններ, որոնց հաշվին ապահովի իր հաստատությունների ծախսերը: Հայորդաց տները գոյատեւում են հիմնականում նվիրատվություններով, ուստի 1-2 աշակերտով դասարան զբաղեցնելը ձեռնտու չէ ոչ հաստատությանը, ոչ էլ մանկավարժին: Իսկ ինչ վերաբերում է դհոլի դասարանին, ունենք թե Նորքի, թե Էջմիածնի հայորդաց տներում, սաների թիվն էլ 30-ն է»: Անդրադառնալով դհոլի դասարանի պատմությանը՝ Նոր Նորքի հայորդաց տան տնօրեն Աիդա Անդրեասյանը հայտնեց, որ դասարանը փակվել է, քանի որ ուսումնական տարվա կեսին ուսուցիչը որոշել է դուրս գալ աշխատանքից եւ փաստի առաջ է կանգնեցրել ղեկավարությանը: Տիկին Անդրեասյանը հավաստիացրեց, որ դասարանը սեպտեմբերին անպայման կբացվի: Այնուհետեւ անցում կատարվեց Նորքի հայորդաց տանը: «Կան արվեստի տեսակներ, որոնք ժամանակի ընթացքում շատ բարդություններ են առաջացնում երեխայի համար: Հենց սա էլ դասարանի փակման պատճառ է դառնում: Մեր հայորդաց տանը երկու դասարան է փակվել. դեկորատիվ կիրառական արվեստինը, քանի որ ուսուցչուհին հեռացավ, իսկ հելունագործությունը ոչ թե փակվել, այլ երեխաների սակավության պատճառով միացվել է ժանեկագործության դասարանին»,- հայտնեց Ա. Անդրեասյանը: Նշենք, որ հայորդաց տների սաներին թույլ չի տրվում ժամանակից շուտ իրենց ստացած գիտելիքներով գումար վաստակել, օրինակ՝ նվագել հարսանիքների ժամանակ կամ քեֆերին եւ այլն: Բայց ուսումն ավարտելուց հետո նրանք ստանում են վկայական, որի շնորհիվ կարող են հետո նաեւ դասավանդել այդ հաստատությունում:

Նկարում՝ Արաբկիրի եւ Նորքի հայորդաց տները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել