Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՂԱՄԱՐԴԻԿ ՄԵԾ ԵՐԵԽԱՆԵՐ ԵՆ

Մարտ 18,2009 00:00

Կամ՝ Արա Երնջակյանի «Հոբելյանական հաճախորդը»

\"\"\"\"
Քեթրին Մանասյանի ու Արշալույս Հարությունյանի խաղը
դուր եկավ հանդիսատեսին:

Օրերս Կամերային թատրոնում դիտեցի «Հոբելյանական հաճախորդը» ներկայացումը: Պիեսի հեղինակն ու բեմադրող ռեժիսորը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Արա Երնջակյանն է, դերերում՝ Արշալույս Հարությունյանն ու Քեթրին Մանասյանն են: Ներկայացումը 16 տարեկանից բարձր հանդիսատեսի համար է:

«Հոբելյանական հաճախորդը» սովորական պատմություն է, թռուցիկ սիրավեպ, որ կարող է կամ չի կարող վերաճել սիրո: Տղամարդը սրճարանում հանդիպում է իրեն դուր եկած կնոջն ու գիշերն անցկացնում նրա ննջարանում. բնականաբար՝ խոստումներ, գեղեցիկ խոսքեր, քնքշանք, եւ երազանքների ժամանակավոր ասպետը պատրաստ է: Իսկ առավոտյան՝ ընդամենը ցտեսություն, որովհետեւ ինքը անհետաձգելի գործեր ունի, որոնք թույլ չեն տալիս անծանոթ կնոջը շնորհակալություն ասել գեղեցիկ գիշերվա համար: Ինչպես ամեն կին, այնպես էլ ներկայացման հերոսուհին, քիչ թե շատ սենտիմենտալ է, միշտ հաճելի խոսքեր լսելու ցանկություն ունի ու պատրաստ է անգամ իր չիմացած ուզբեկական փլավը պատրաստել անծանոթ, բայց կարճ ժամանակահատվածում հարազատացած տղամարդու համար:

Տղամարդիկ իրենց բնույթով բազմազբաղ են, ու ներկայացման հերոսը ստիպված է հեռանալ, քանի դեռ ամեն ինչ չի բարդացել, մանավանդ՝ իրեն սպասում է նախկին կինը: Հեռանալ պետք է, սակայն դա այնքան էլ հեշտ չէ: Ստիպված՝ հիասթափված ու ակնկալիքները պարպած կինը մի պատմություն է հորինում, թե ինքը սովորական մարմնավաճառ է, որն այդ գիշեր հյուրընկալել է իր հոբելյանական հաճախորդին՝ ամեն ինչ ձրի է, «Կակտուս» ֆիրման էլ ծախսերն իր վրա է վերցնում: Տղամարդը, իհարկե, չի հավատում. նրանք կանանց փայլուն գիտեն, կանայք՝ տղամարդկանց: Կանայք ռոմանտիկ են, իրենց դուր եկած ամեն մեկի մեջ ասպետ փնտրող, նաեւ հաճախ անհարկի անձնազոհ, տղամարդիկ էլ մեծ երեխաներ են ու կարիք ունեն իմպրովիզացիաների, անակնկալների, ինքնատիպ փոփոխությունների, խորհրդավորության…

Նշենք, որ Արշալույս Հարությունյանն ու Քեթրին Մանասյանը համոզիչ էին խաղում. ասվածի ապացույցը նրանց ամեն շարժումին ու խոսքին հետեւող հանդիսատեսի ռեակցիան էր: Ամեն ինչ կենդանի էր ու իրական, ինչպես ներկայացման ժամանակ պատրաստված ձվածեղը: Հանդիսատեսը գոհ էր, հուզված: Արա Երնջակյանի ներկայացումը ստացվել էր: Ի դեպ, հանդիսատեսի մեծամասնությունը տղամարդիկ էին: Պարոն Երնջակյանը եւս զարմացած էր, որ անգամ մարդի 8-ին էին նրանք մեծաթիվ: Թե ո՞րն է պատճառը՝ առայժմ չգիտի: Ասում է՝ գուցե ուժեղ սեռի ներկայացուցիչները վերջերս ավելի ռոմանտիկ են դարձել: Ինչեւէ, կարեւորը, որ մարդիկ հետաքրքրված են թատրոնով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել