Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտ 18,2009 00:00

ՄԱԴԱԳԱՍԿԱՐԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՉԻ ԶԻՋԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ

\"\"Մադագասկարի նախագահ Մարկ Ռավալումաոնանան երեկ հայտարարեց, որ չի պատրաստվում զիջել ապստամբ զինվորականներին եւ ընդդիմադիրներին, որոնք փորձում են իրեն պաշտոնանկ անել: Ինչպես հաղորդում է lenta.ru-ն, Մարկ Ռավալումաոնանան խոստացել է պայքարել մինչեւ վերջ, եւ եթե անհրաժեշտ է՝ զոհվելու է իր թիկնապահների հետ միասին: Այժմ նախագահը գտնվում է իր առանձնատանը՝ Մադագասկարի մայրաքաղաքից մի քանի կիլոմետր հեռու: Իր նստավայրը երկրի մայրաքաղաքում անցած գիշեր գրավել են զինվորականները եւ ընդդիմության առաջնորդները, որոնցից մեկն էլ իրեն նախագահ է հռչակել: Մադագասկարի բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ Անդրե Նդրիարիջաոնան հայտարարեց, որ բանակի 99%-ը սատարում է ընդդիմությանը, եւ նրանց շուտով կմիանա նաեւ ոստիկանությունը: Ապստամբները գրավել են նաեւ երկրի Կենտրոնական բանկը, սակայն նրանք առայժմ չեն պատրաստվում գրոհով վերցնել նախագահի՝ քաղաքից դուրս գտնվող առանձնատունը: Զինվորականների եւ ընդդիմության գործողությունները չեն արժանացել համաշխարհային հանրության աջակցությանը: Աֆրիկյան երկրները դատապարտել են պետական հեղաշրջման փորձը: Եվրամիության երկրներն իրենց հերթին հայտարարել են, որ կդադարեցնեն Մադագասկարին որեւէ օգնության տրամադրումը, եթե ապստամբներն այդ երկրում գան իշխանության:

ՈՐԴՈՒՑ ՉԻ ԲԱԺԱՆՎՈՒՄ

\"\"Ինչպես գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային այցով Երեւան էր ժամանել իր արտաամուսնական որդու՝ 5-ամյա Կոլյայի հետ: Երեխան ոչ միայն նախագահի հետ իջավ ինքնաթիռի աստիճաններով, այլեւ հոր գիրկն էր նստած այն ժամանակ, երբ Լուկաշենկոն եւ Սարգսյանը բանակցություններ էին վարում: Թերթը նշում է, որ Լուկաշենկոն վերջին շրջանում Կոլյայի հետ է գնում բոլոր պաշտոնական միջոցառումներին: Դա սկսվեց այն բանից հետո, երբ PR-ի բրիտանացի հայտնի մի մասնագետ հայտնեց նախագահին, որ ընտանիք ունեցող մարդը քաղաքացիների մեջ ավելի մեծ վստահություն է առաջացնում: Անցած տարվա հուլիսի 3-ին Բելառուսի Անկախության օրվան նվիրված շքերթի ժամանակ երեխան նախագահի կողքն էր, գլխավոր բարձրաբեմում: Իսկ Պեկինում Կոլյան Լուկաշենկոյի հետ մասնակցում էր Օլիմպիադայի բացմանը: Այնուհետեւ Բելառուսի նախագահը երեխայի հետ գնաց Ղրղըզստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների վերաժողովի աշխատանքներին: Առավել հետաքրքիր էր, երբ 2008 թվականի աշնանը, զորվարժությունների ժամանակ, Կոլյային զեկուցում էին բելառուս գեներալները: Երկրի նախկին պաշտպանության նախարար Կոզլովսկին դա անվանեց թատրոն: Ինչպես նշում է թերթը, բուժքույր Իրինա Աբելսկուց ծնված 5 տարեկան երեխայից բացի՝ Լուկաշենկոն ունի երկու օրինական որդի, որոնցից ավագը աշխատում է որպես նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական, իսկ միջնեկը ղեկավարում է նախագահական մարզական ակումբը:

ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՆ ՏԱԼԻՍ ՀԱՇՏՎԵԼ

Ամերիկյան փորձագետները խորհուրդ են տվել Բարաք Օբամային՝ հրաժարվել Վրաստանին եւ Ուկրաինային ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկելու ցանկությունից, վերանայել Եվրոպայում հակահրթիռային համակարգերի տեղադրման ծրագրերը եւ, ընդհանուր առմամբ, «վերալիցքավորել» ռուս-ամերիկյան հարաբերությունները: Փորձագիտական խումբը, որը ղեկավարել են Հանրապետական եւ Դեմոկրատական կուսակցությունների հայտնի գործիչներ՝ նախկին սենատորներ Հերի Հարթը եւ Չակ Հայգելը, իր զեկույցը հրապարակել է երկուշաբթի օրը Մոսկվա կատարած այցելությունից հետո: Հեղինակներն այն եզրակացության են գալիս, որ ամերիկյան վարչակազմը պետք է ընդունի, որ Ռուսաստանը, համենայնդեպս այս պահին, Միացյալ Նահանգների նկատմամբ թշնամաբար չի տրամադրված: Համաշխարհային շուկայում նավթի ցածր գներից թուլացած Մոսկվան այժմ ռեսուրսներ չունի «սառը պատերազմ» սկսելու համար եւ այդպիսի հակամարտության չի ցանկանում գնալ: Վաշինգտոնը, ըստ փորձագետների, կարող է օգտագործել այս պահը Իրանի եւ Աֆղանստանի հարցում գործընկերային հարաբերություններ զարգացնելու համար, ինչպես նաեւ համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքները համատեղ ջանքերով հաղթահարելով: Վերլուծաբանները առաջարկում են նոր աչքերով նայել Չեխիայում եւ Լեհաստանում հակահրթիռային համակարգեր տեղադրելու խնդրին եւ ավելի ակտիվ առաջարկել Մոսկվային նման համատեղ համակարգեր ստեղծելու գաղափարը: Փորձագիտական խումբը գտնում է, որ Միացյալ Նահանգները պետք է վավերացնի միջուկային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու մասին ռուս-ամերիկյան համաձայնագիրը: Այդ պրոցեսը սառեցրել էր Ջորջ Բուշ կրտսերը՝ «պատժելով» Ռուսաստանին՝ Վրաստանի տարածքում վարվող պատերազմի համար: Ինչ վերաբերում է էներգետիկ խնդիրներին, ապա խումբն առաջարկում է Վաշինգտոնին Եվրամիության հետ համատեղ գործուն քայլեր կատարել էներգետիկ մատակարարումների դիվերսիֆիկացիայի ուղղությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել