Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտ 18,2009 00:00

Ավարտվեց դատավարության առաջին օրը

\"\"Երեկ ավստրիական Սանկտ-Պելտենե քաղաքում ավարտվեց 73-ամյա Յոզեֆ Ֆրիտցելի դատավարությունը: Նա իրեն մեղավոր է ճանաչել սեփական աղջկան բռնաբարելու մեջ: Ըստ BBC-ի, երեկ դատարանը լսում էր աղջկա տեսագրված ցուցմունքները, որոնք տեւում են 11 ժամ: Ենթադրվում է, որ դատաքննությունը կարճ է լինելու, եւ արդեն ուրբաթ օրը դատավորը հայտնելու է իր որոշման մասին: Մեղադրանքների թվում են բռնաբարությունը, արյունա-պղծությունը, ազատությունից ապօրինաբար զրկելը, կենակցելու պարտադրանքը, ստրկության մեջ պահելը եւ երեխաներից մեկի անզգույշ սպանությունը: Ֆրիտցելն իրեն մեղավոր է ճանաչել բռնաբարության մեջ, սակայն հերքում է սպանության մեղադրանքը: Ենթադրվում է, որ ամբաստանյալն իր աղջկանից ունեցել է 7 երեխա: Իր հակիրճ նախնական ելույթում դատախազը պատմեց այն սարսափելի պայմանների մասին, որում Ֆրիտցելը պահում էր իր աղջկան՝ պատուհաններ չունեցող նկուղում: Մեղադրողի խոսքերով՝ ամբաստանյալը բազմիցս բռնաբարել է աղջկան այլ երեխաների աչքի առաջ եւ պատժում էր նրան՝ թողնելով բացարձակ մթության մեջ: Քննության վարկածով, Ֆրիտցելը դեռեւս 1984 թվականին իր աղջկան տարել էր նկուղ, որը նախապես կահավորված էր տեսախցիկներով եւ ձայնամեկուսիչներով: Պատմությունը ջրի երես դուրս եկավ միայն անցած տարվա ապրիլին:

Սալվադորի նոր նախագահը նախկին ապստամբ է

\"\"Կիրակի օրը կայացած նախագահական ընտրություններում Սալվադորում նախագահ դարձավ Մաուրիսիո Ֆունեսը, որն ունի արմատապես ձախ հայացքներ, իսկ ժամանակին աշխատում էր որպես CNN-ի թղթակից: «Ազատություն» ռադիոկայանը հիշեցնում է, որ անցած դարի 80-ական թվականներին նա ներկայացնում էր Ֆարաբունդո Մարտիի ճակատը, որի մեջ մտնում էր Կոմունիստական կուսակցությունը, եւ որին սատարում էին Խորհրդային Միությունը եւ Կուբան:

Սալվադորը տարածաշրջանի ամենաաղքատ երկրներից մեկն է, եւ, ըստ փորձագետների, պատահական չէ, որ այստեղ նույնպես իշխանության եկան պոպուլիստական ուժերը, որոնք թշնամաբար են տրամադրված «արեւմուտքի կապիտալիստական արժեքների» նկատմամբ: Ինքը՝ Մաուրիսիո Ֆունեսը, ընտրվելուց հետո զերծ մնաց ծայրահեղական կարգախոսներ հնչեցնելուց: Մասնավորապես նա նշեց, որ փորձելու է նորմալ, բարիդրացիական հարաբերություններ հաստատել Վաշինգտոնի հետ: Ֆունեսի խոսքերով՝ ԱՄՆ-ի հետ համատեղ իր կառավարությունը պետք է իրականացնի 2 խնդիր՝ պայքար Սալվադորի ներսում ծայրահեղ աղքատության դեմ, ինչպես նաեւ տարածաշրջանում թմրաբիզնեսի մարտահրավերների դիմակայումը: Ներքին քաղաքականության մեջ նոր նախագահի առաջնահերթությունն է մթերքների արտադրությունը՝ աղքատների պահանջարկները բավարարելու համար, ինչպես նաեւ ԱՄՆ-ում աշխատող սալվադորցիների տրանսֆերտների ռացիոնալ օգտագործումը: Երկրի 7 միլիոն բնակչությունից ավելի քան 1 միլիոնը գտնվում է ԱՄՆ-ում՝ արտագնա աշխատանքի:

Պակիստանի ընդդիմությունը հաղթանակ է տոնում

\"\"Երեկ Պակիստանի ընդդիմությունը հասավ իր նպատակին. երկրի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին, տեղի տալով բողոքի մասշտաբային ակցիաներին, հայտարարեց, որ վերականգնում է գերագույն դատարանի նախկին կազմը, որը պաշտոնանկ էր արվել ավելի քան 1 տարի առաջ: Ըստ «Գազետա» թերթի, Գերագույն դատարանի նախագահ կրկին կդառնա Իվթիհար Չաուդրին, որի անունը դարձավ ժողովրդավարական ազատությունների համար պայքարի խորհրդանիշ: Ի պատասխան՝ ընդդիմությունը հայտարարել է, որ դադարեցնում է երթերն ու հանրահավաքները, որոնք մինչ այդ արդեն արյունալի ընդհարումների պատճառ դարձան: Ընդդիմության առաջնորդ Մուշալիֆը շնորհավորեց զինակիցներին հաղթանակի առթիվ, նշելով, որ «այս պահից Աստծո օգնությամբ երկրի ճակատագիրը կփոխվի»: 2007 թվականի նոյեմբերին երկրի նախկին նախագահ գեներալ Մուշարաֆը պաշտոնանկ արեց Գերագույն դատարանի բոլոր 60 անդամներին: Դա դարձավ նրա հրաժարականի հիմնական պատճառը: Նոր, ավելի ազատական հայացքներ ունեցող նախագահ Զարդարին խոստացավ վերականգնել արդարությունը, սակայն երբ պարզ դարձավ, որ նա չի շտապում իր խոստումը կատարել, ընդդիմությունը բողոքի հզոր ալիք բարձրացրեց: Պակիստանյան ԶԼՄ-ները ենթադրում են, որ թե Մուշարաֆը, թե Զարդարին վերապահումներով են վերաբերվում Գերագույն դատարանի տվյալ կազմին՝ միեւնույն պատճառով, այդ դատավորները չափից դուրս անկախ են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել