Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ սիրեմ ձեր երկիր»

Մարտ 18,2009 00:00

Օտարազգի ուսանողների կրթությունն ու ուսանողական առօրյան

Բալին Իրանից է: Արդեն 3-րդ տարին է՝ ապրում է Հայաստանում: Սովորում է Երեւանի պետական ճարտարաշինարարական համալսարանում: Ասում է, որ որպես ուսման վայր՝ Հայաստանն ընտրելու պատճառն այն է, որ այստեղ եւ՛ ընդունվելն է հեշտ, եւ՛ սովորելը:

Երեւանի պետական համալսարանի ուսանող Ղաֆֆարին նույնպես Իրանից է: Նա դեռ չի հասցրել ընկերանալ իր հայ հասակակիցների հետ, բայց ասում է, որ այստեղ շատ լավ է զգում իրեն: «Շատ սիրեմ ձեր երկիր»,- ասում է նա:

Սրբուհին թեեւ հայ է, բայց, նախքան համալսարան ընդունվելը, մեկ տարի սովորել է Օտարերկրյա քաղաքացիների նախապատրաստական բաժնում (ՕՔՆՖ): «Լավն այն է, որ եթե հայոց լեզվից անգամ 8 ստանաս, միեւնույն է, ընդունվում ես»,- ասում է նա:

«Օտարերկրացի ուսանողների ընդունելությունն իրականացվում է ՀՀ ԿԳՆ մշակած եւ արդարադատության նախարարության կողմից հաստատված կանոնակարգով»,- ասում է Միջազգային համագործակցության վարչության Սփյուռքի բաժնի վարիչ Ալեքսանդր Վիրաբյանը: Համաձայն այդ կանոնակարգի՝ ուսանողներն ընդունվում են երկու եղանակով՝ նախապատրաստական ֆակուլտետի եւ հարցազրույցի միջոցով: ՕՔՆՖ-ն կազմավորվել է 1961-1962 թթ.: Սկզբում այն գործել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի տարածքում: Հետագայում, երբ ուսանողների թիվը մեծացավ, կառավարությունը ֆակուլտետը Նոր Նորքի հանրակացարանների մասնաշենք տեղափոխելու որոշում կայացրեց: Այժմ այն գործում է ԵՊՀ-ի՝ Ավանի մասնաշենքերից մեկում: ԵՊՀ Միջազգային համագործակցության վարչության Սփյուռքի բաժինը զբաղվում է ինչպես սփյուռքահայերի, այնպես էլ օտարերկրացի ուսանողների հարցերով:

ՕՔՆՖ-ում այժմ սովորում է 65 ուսանող 13 երկրներից՝ Վրաստանից, Իրանից, Թուրքիայից, Ուզբեկստանից, Լեհաստանից եւ այլն: «Մեր ֆակուլտետի գործը հայոց լեզու սովորեցնելն է»,- ասում է ՕՔՆՖ-ի դեկան Լեոնարդ Շեկոյանը: Ժամանակին հայոց լեզվի դասաժամերը ֆակուլտետում կազմում էին տարեկան 700 ժամ, այժմ հայերենին տիրապետողների համար՝ 320 ժամ, իսկ չտիրապետողների համար՝ ընդամենը 448 ժամ: «Սա, իհարկե, բավարար չէ, որ արտասահմանցի ուսանողը կարողանա հստակ տիրապետել հայերենին: Բայց այդ բացը փորձում ենք լրացնել «բաց դասերի» միջոցով»,- ասում է ՕՔՆՖ-ի հայոց լեզվի դասախոս, հասարակական կարգով դեկանի օգնական Սիմոն Պետրոսյանը:

Այստեղ կազմակերպվում են էքսկուրսիաներ՝ Հայաստանի տարբեր շրջաններ, այցելում են թանգարաններ, թատրոններ: Ամեն տարվա հոկտեմբերին կազմակերպվում են մերձեցման երեկույթներ, ամանորյա միջոցառումներ: Ֆակուլտետի դասախոսները շատ են կարեւորում նման միջոցառումները, քանի որ ուսանողներն ընդլայնում են իրենց բառապաշարը, ծանոթանում են մեր մշակույթին, արժեքներին: «Նրանք համոզվում են, որ մենք աշխարհին շատ բան ունենք ցույց տալու, եւ համոզվում են ոչ թե մեր ասածով, այլ իրենց տեսածով»,- ասում է Ս.Պետրոսյանը:

Ֆակուլտետում գործում է թատերական խմբակ՝ «Կայծերը»: Մի քանի տարի առաջ ուսանողները ներկայացրել են Պ. Զեյթունցյանի «Մեծ լռություն» եւ Հ. Պարոնյանի «Պաղտասար ախպար» պիեսները: Հենց այդ բեմադրություններով էլ մեկնել են Ղարաբաղ՝ ճանապարհին ելույթներ ունենալով Գորիսի, Սիսիանի, Կապանի հանդիսատեսի համար: «Երբ պարսիկը երգում է «Ով սիրուն, սիրուն», սա արդեն շատ բան է նշանակում»,- ասում է Ս. Պետրոսյանը: ՕՔՆՖ-ում հետաքրքիր ավանդույթ կա. ամեն տարի դեկտեմբերի սկզբին ուսանողներն ու դասախոսներն այցելում են Գյումրիի Նանսենի անվան «Հույս» մանկատուն: Ս. Պետրոսյանի հավաստմամբ՝ տարեցտարի մասնակիցների թիվն ավելանում է, մասնակցության ցանկություն են հայտնում նաեւ ֆակուլտետի նախկին ուսանողները: «Ամենակարեւորն այն է, որ, անկախ ազգությունից՝ ամեն մեկն իր օգնությունն է բերում երեխաներին»,- ասում է Ս. Պետրոսյանը:

ՕՔՆՖ-ն ունի տասը խումբ: Խմբերը, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ծրագիրը, բաժանվում են ըստ հայերենի իմացության՝ լավ իմացողներ, որոշ չափով տիրապետողներ եւ առհասարակ չիմացողներ: Ուսումնառությունը վճարովի է: ԱՊՀ քաղաքացիների համար ուսման վարձը 350 հազար դրամ է, այլ երկրների քաղաքացիների համար՝ 400 հազար դրամ: Սակայն եթե ուսանողն ընդունվում է միջպետական համաձայնագրերի հիման վրա, ուսուցումը տարվում է անվճար: Իսկ նման պայմանագրեր ՕՔՆՖ-ն ունի Չինաստանի, Եգիպտոսի հետ: «Միայն Սփյուռքի ուսանողների համար նախատեսված է 70 անվճար տեղ, իսկ օտարազգի ուսանողներն անվճար սովորելու հնարավորություն ունեն միայն հայագիտության եւ այլ մանկավարժական բաժիններում սովորելու դեպքում»,- ասում է Ալեքսանդր Վիրաբյանը:

ԵՊՀ-ում այսօր սովորում է գրեթե 800 օտարերկրացի ուսանող: Նրանցից 338-ը՝ բակալավրիատում, 68-ը՝ մագիստրատուրայում, 363-ը՝ ասպիրանտուրայում եւ հեռակա ուսուցման բաժնում՝ 16 ուսանող:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել