Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՏԱԽԱՆՈՎՅԱՆ ՏԵՄՊԵՐ՝ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Մարտ 18,2009 00:00

Կամ 5 տարում՝ 131 դիսերտացիա

Անցյալ տարվա ապրիլի 25-ին, ելույթ ունենալով ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փաստեց, որ լրջորեն վտանգվել է գիտական կոչումների նշանակությունը: Նախագահը նաեւ նկատել էր. «Շեշտակիորեն շատացած գիտական խորհուրդները թողարկել են բազմաթիվ գիտությունների թեկնածուներ եւ ոչ միայն թեկնածուներ, որոնք բացարձակապես չեն համապատասխանում գիտական աստիճանին ներկայացվող պահանջներին: Որոշ դեպքերում ասպիրանտուրան դարձել է բանակից փախչողների հավաքատեղի»:

Նմանների մի մեծ հավաքատեղի էլ (եթե ոչ հանրապետությունում ամենամեծը՝ 500-ից ավելի ասպիրանտ ու հայցող) այսօր Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանն է: Ասվածը հաստատելու համար դիմենք վիճակագրությանը:

Եթե 1938-2002 թթ. (65 տարում) «Մանկավարժություն եւ հոգեբանություն» մասնագիտությունների գծով հայաստանցիների կողմից պաշտպանվել է 340 թեկնածուական եւ 30 դոկտորական դիսերտացիա, ապա 2003-2007թթ.՝ ընդամենը 5 տարում, Մանկավարժական համալսարանի ռեկտոր Արտուշ Ղուկասյանի ղեկավարած «020-մանկավարժություն եւ հոգեբանություն» մասնագիտությամբ գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդում, համապատասխանաբար՝ 121 եւ 10: Խոսուն է է նաեւ պաշտպանությունների թվի դինամիկան՝ ըստ տարիների, եւ դրանց բաշխումը՝ ըստ տարվա ամիսների: Օրինակ, 2007թ. տեղի է ունեցել 47 պաշտպանություն, որից 16-ը՝ միայն մայիս ամսին (զորակոչից խուսափելու վերջին հնարավորությունը): Պարզագույն հաշվարկները ցույց են տալիս, որ վերոհիշյալ մասնագիտական խորհրդի «արտադրողականությանը» կնախանձեր անգամ Ալեքսեյ Ստախանովը:

Իսկ որ, վերոհիշյալ խորհրդի գործունեությունը վաղուց լուրջ ուսումնասիրության կարիք ունի, վկայում են նաեւ մամուլում հրապարակված բազմաթիվ հոդվածները («Մանկավարժականում դիսերտացիաներ են «թխվում»՝ «Առավոտ», «А ВАК и ныне там”, “Аттестация научных кадров остается одной из коррумпированных областей”-“Новое время” եւ այլն):

Ատենախոսությունների թեման եզրափակենք օստապբենդերյան մի եղելությամբ: Մանկավարժականի հնաբնակներին քաջ ծանոթ մի դոկտոր-պրոֆեսոր, որեւէ դիսերտացիայի մեջ հայտնաբերելով գրագողություն, իր մոտ էր կանչում դիսերտանտին եւ ասում. «Իմ լռությունը գին ունի …»: Չար լեզուները պնդում են, որ այդ «ավանդույթն» այսօր էլ մոռացված չէ, դեռ ավելին, ծաղկում է, քանզի բուռն ծաղկում է ապրում նաեւ գրագողությունը (որի դասական օրինակ է Ջուլիետա Գյուլամիրյանի դոկտորական դիսերտացիան), քանի ՀՀ ԲՈՀ-ը օրենքներ ունի՝ աշխարհը չունի. «…արդեն շնորհված գիտական աստիճաններից զրկման գործընթաց ՀՀ որեւէ օրենքով կամ իրավական ակտով նախատեսված չէ»:

Չունենալով մանկավարժական կամ հոգեբանական բազային կրթություն, այդ գիտությունների գծով գիտական աստիճան կամ կոչում՝ Ա. Ղուկասյանի կողմից հանրապետությունում միակ մասնագիտական խորհրդի նախագահի պաշտոնի զբաղեցումը առնվազն տարօրինակ էր: Հասկանալով իրավիճակի պայթյունավտանգությունը՝ նա սկսեց մեկը մյուսի հետեւից հոդվածներ ու գրքեր «գրել»՝ սրա-նրա համահեղինակությամբ: Օրինակ, Ա. Ա. Ղուկասյան, Լ. Ս. Ներսիսյան դուետի «Մանկավարժական գիտությունների գծով ատենախոսություններին ներկայացվող պահանջները» (Գիտամեթոդական հանձնարարականներ) 51 էջանոց ձեռնարկը (Երեւան, 2007) ծայրից ծայր արտագրված է՝ Мескон М., Альберт М., Хелоури Ф, – “Основы менеджмента” (пер.  сангл. М. Дело, 1992), М.М. Поташник-“Как разработать программу развития школы” (М., 1993г.) եւ այլ գրքերից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել