Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն գնով՝ մեղադրական վճիռ

Մարտ 18,2009 00:00

Երեկ Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ

«7 քաղբանտարկյալների գործով դատավարությունում վարչախումբը վերջապես կարողացավ հասցնել իր համար իդեալական իրավիճակի, այն է՝ դատավարություն անցկացնել առանց մեղադրյալների ու պաշտպանների, միայն դատավորի ու դատախազի կազմով։

Ի սկզբանե քաջ գիտակցելով, որ «7-ի գործը» ծայրեծայր կեղծիքների ու շինծու փաստերի վրա է հիմնված, դատարանը, ապօրինի վարչախմբի պարագլուխների պատվերով, նպատակ էր դրել դիմել ամեն տեսակ ապօրինությունների՝ նախապես ծրագրած իր դատավճիռը օր առաջ ստանալու համար։

2008 թվականի դեկտեմբերին, դատավարության երրորդ օրը նախապես հայտնի դարձավ, որ վարչախումբն այդ նպատակին հասնելու համար ծրագրել է դատարանի դահլիճում անկարգություններ ու ծեծկռտուք հրահրել եւ այդ հիման վրա փակ դատավարության որոշում կայացնելու առիթ ստանալ։ Կանխելու համար այդ նենգ ու փոքրոգի դավադրությունը, ՀԱԿ կենտրոնական գրասենյակի կոչով, քաղբանտարկյալների հարազատներն ու ընկերները այդ եւ հաջորդ բոլոր նիստերին չմտան դատարանի դահլիճ։ Առաջին այս ծրագրի տապալումից հետո վարչախումբը հատուկ օրենսդրական փոփոխություններ արեց՝ ինչով իրավունք ստացավ առանց ամբաստանյալների դատական նիստեր անցկացնելու։ «Հույժ շտապ» այդ փոփոխությունն օրենքում ակնհայտորեն արվեց հատուկ «7-ի գործով» քաղբանտարկյալների համար։ Պատահական չէ, որ դրանից անմիջապես հետո այն կիրառվեց եւ բոլոր 7 քաղբանտարկյալները դատավորի որոշմամբ հեռացվեցին դատարանի դահլիճից։ Հաջորդ խնդիրը այնպիսի պայմանների ստեղծումն էր, որ դատարանից հեռանան նաեւ քաղբանտարկյալների պաշտպանները։ Այսօրվա՝ մարտի 16-ի դատական նիստի ժամանակ դատավոր Մնացական Մարտիրոսյանը թույլ տվեց Դատավարական օրենսգրքի հերթական կոպիտ խախտումը. նա հրաժարվեց բավարարել քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի՝ իր պաշտպանից հրաժարվելու եւ նոր պաշտպան ներգրավելու օրինական միջնորդությունը եւ որոշում կայացրեց դատական նիստը շարունակել առանց նրա պաշտպանի։ Արդեն մինչ այդ էլ բազմաթիվ օրինախախտումներ թույլ տված ու պաշտպանական կողմի օրինական իրավունքները ոտնահարած դատավորը ստեղծեց մի իրավիճակ, երբ պաշտպանական կողմի ներկայությունը դատարանում դարձավ ոչ միայն անիմաստ, այլեւ կարող էր ծառայեցվել որպես դատական հետագա ապօրինությունները քողարկող միջոց։ Նկատի ունենալով այս հանգամանքը, պաշտպանական կողմը ամբողջ կազմով եւ համապատասխան հայտարարությամբ լքեց դատական նիստը։

Այս առիթով Հայ ազգային կոնգրեսը հայտարարում է. 7 քաղբանտարկյալների գործը քննող դատարանը եւ դատավոր Մ. Մարտիրոսյանը ծանր հանցանք են գործում՝ կատարելով անձամբ Սերժ Սարգսյանի՝ ցանկացած գնով օր առաջ մեղադրական դատավճիռ կայացնելու հրահանգը։ Դատարանին իջեցված այս պատվերը վերջին մի ապացույցն է այն բանի, որ վարչախումբը սարսափում էր այս գործի բնականոն քննության դեպքում իր համար զարհուրելի իրողությունների բացահայտման հեռանկարից։ Միայն դատավորով ու դատախազով, առանց ամբաստանյալների ու պաշտպանների, դատարանի որեւէ վճիռ ապօրինի է, եւ դրա համար բոլոր պատասխանատուները վաղ թե ուշ պատասխան կտան իրական արդարադատության առաջ»,- ասվում է ՀԱԿ հայտարարությունում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել