Լրահոս
Օրվա լրահոսը

«ՆՄԱՆՍ ԶՆՄԱՆԸ ԳՏԱՆԻ»

Մարտ 18,2009 00:00

Վերջին մեկ տարում մամուլում ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ներկա հանգրվանն է: Քաջատեղյակ լինելով թուրքական հասարակության պատմական զարգացման առանձնահատկություններին եւ այդ երկրի քաղաքականության ողջ ներկապնակին, իմ պարտքն եմ համարում հանրությանը ներկայացնել իմ տեսակետը:

Անկախության հռչակումից հետո ՀՀ իշխանությունների որդեգրած արտաքին քաղաքականության առանցքային բաղադրիչը հռչակվեց հարեւան բոլոր երկրների, այդ թվում՝ Թուրքիայի հետ փոխադարձ շահավետության վրա հիմնված բարիդրացիական հարաբերությունների հաստատումը: Պրագմատիկ մտածելակերպի արդյունք հանդիսացող այս քաղաքական գիծը ուներ իր այլընտրանքը. պատմական իրողությունները շահարկելով՝ Հայաստանը ներկայացնել որպես «ոչ բարեկամական» երկրներով շրջապատված քրիստոնեական կղզյակ եւ աշխարհով մեկ ահազանգել անընդհատ մեզ սպառնացող ոչնչացման վտանգի մասին: Բնական է, որ նման դիրքորոշումը կարող էր հակառակ ռեակցիա առաջացնել դրացի երկրներում եւ մեզ շպրտել հզոր պաշտպանի եւ աջակցի փնտրտուքների ոլորապտույտը, ինչը հարցականի տակ կդներ ՀՀ-ի՝ որպես ինքնուրույն քաղաքական միավոր հանդես գալու հնարավորությունը: Դժբախտաբար, վերջին տասնամյակում երկիրը ղեկավարողներն ընտրեցին հենց այդ այլընտրանքը, ինչի պտուղներն ենք քաղում այսօր:

Այդ մասին են վկայում Թուրքիայում եւ մասամբ նաեւ Վրաստանում ահագնացող հակահայկական տրամադրությունները, ինչպես նաեւ Ռուսաստանի հետ մեր երբեմնի իրոք բարեկամական եւ դաշնակցային հարաբերությունների փոխադրումը թելադրողի եւ հնազանդվողի փոխհարաբերությունների հարթություն: Ռ. Քոչարյանի իշխանության տարիները, փաստորեն, հայ-թուրքական հարաբերությունների աստիճանական սրացման եւ առճակատման խորացման տարիներ էին, իսկ մերթընդմերթ հնչող «մենք կողմ ենք առանց նախապայմանների հարաբերությունների հաստատմանը» բնույթի լակոնիկ եւ անբովանդակ արտահայտությունը իրերի դրությունը չէր փոխում: Այլ կերպ ասած, ազգայնական գաղափարախոսությունն առաջին պլան մղելով՝ Քոչարյանն ու նրան աջակցող ուժերը նպաստեցին թուրքական ազգայնամոլության հզորացմանը:

Այժմ անդրադառնանք 2007-ի աշնանից նախ թաքուն, ապա՝ բացահայտ, Հայաստան-Թուրքիա շփումներում նկատվող աշխուժացմանը, ինչը տարաբնույթ մեկնաբանությունների առիթ տվեց ու տալիս է թե Հայաստանի ներսում, թե արտերկրում: Ո՞րն է այս զարգացումների բուն էությունը:

Հանգամանքների բերումով այնպես է ստացվել, որ երկու երկրներում էլ իշխանության լծակներին տիրապետում են այնպիսի քաղաքական ուժեր, որոնց համար եվրոպական արժեքային չափանիշները, իրականում, խորթ են: Հատկապես անընդունելի են այդ արժեհամակարգի անկյունաքարը հանդիսացող մարդու իրավունքները, թեպետ երկուսն էլ հրապարակավ հայտարարում են այդ արժեքներին իրենց նվիրվածության մասին: Թե՛ Թուրքիայի, թե՛ Հայաստանի արդի իշխանական համակարգերը ներկայացնողները, իրենց էությամբ, ասիական մտայնության կրողներ են, որոնց համար առաջնայինը ոչ թե մարդ անհատի իրավունքներն են (ինչպես Արեւմուտքում), այլ, այսպես կոչված, «պետական» կամ «ազգային» շահը (ավելի շուտ՝ այդ շահերով սեփական ամբիցիաները քողարկելու ձգտումը): Այս մտայնության համար ազգի բջիջը հանդիսացող անհատներն արժեք չունեն կամ «պտուտակներ» են՝ ինչպես ԽՍՀՄ օրոք:

Սակայն Թուրքիայի դեպքում մենք գործ ունենք այնպիսի մի քաղաքական ուժի հետ, որն իշխանության է եկել ազգաբնակչության կրոնական զգացմունքները (իսլամը) եւ 2000-2001 թթ. երկրի ֆինանսական համակարգն ավերող ճգնաժամի հետեւանքների շահարկման արդյունքում: Ճգնաժամ, որը հաշված օրերի ընթացքում չքավոր դարձրեց միլիոնավոր մարդկանց, ինչից դժգոհ հանրությունը հերթական համապետական ընտրությունների ժամանակ «վրեժ լուծեց» բոլոր խոշոր քաղաքական կուսակցություններից՝ քվեների բացարձակ մեծամասնությունը տալով իսլամամետ հայացքներ դավանող Էրդողանի կուսակցությանը: Այսպիսով, այդ երկիրն ունեցավ այնպիսի ղեկավարություն, որն անկաշկանդ կարողանում է մանյովրել Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ, հարկ եղած դեպքում մերձենալով Արեւմուտքի հետ լուրջ խնդիրներ ունեցող Իրանի եւ Ռուսաստանի հետ՝ ձեռնոց նետելով ԱՄՆ-ին եւ տարածաշրջանում իր ռազմավարական դաշնակից Իսրայելին, իբր պաշտպանելով պաղեստինցիների շահերը: Միաժամանակ, շարունակում է իր ջանքերը Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ եւ դրական ուղերձներ է հղում ԱՄՆ-ին:

Գուցե տարօրինակ հնչի, բայց նման պայմաններում ներկայումս ընդդիմադիր հանդիսացող երբեմնի հզոր քաղաքական կուսակցությունները, որոնք երկրում աշխարհիկ կարգերի եւ եվրոպական քաղաքականության արժեքների պահապանի դերն էին ստանձնել, նոր իշխանություններին սկսեցին հակադրել թուրքական ազգայնականության գաղափարը՝ փորձելով այդ գաղափարի շուրջ համախմբել զինվորական վերնախավին եւ ժողովրդական զանգվածներին: Դրա բացահայտ դրսեւորումներից է «Էրգենեկոն» ազգայնամոլական կազմակերպության ընդարձակ ցանցի ստեղծումը եւ վերջինիս պայքարը իսլամամետ իշխանության դեմ, ինչն իրականում հանուն իշխանության մղվող պայքար է եւ առանձնապես մեծ աղերսներ չունի պատմությունից մեզ հայտնի պանթյուրքիզմի հետ:

Հենց այդ ներքաղաքական պայքարում դիվիդենդներ հավաքելու եւ իր դիրքերը ամրապնդելու նպատակ է հետապնդում Էրդողանի կառավարության սիրավեպը Ռուսաստանի հետ եւ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու իմիտացիա ստեղծելուն ուղղված քայլերը: Եթե նրան զուգահեռաբար հաջողվի կասեցնել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, երկրում իր վարկը (նաեւ ազգայնական շրջանակներում) ավելի կբարձրանա: Նման պայմաններում բնական է, որ արեւմտամետ ընդդիմությունը՝ հակադրվելով կառավարությանը, ստիպված է քննադատել նրա ձեռնարկած բոլոր քայլերը, այդ թվում՝ ՀՀ-ի հետ մերձենալու փորձերը, թեեւ ժամանակին հենց նրանք էին հանդես գալիս նույն նախաձեռնությամբ:

Ի տարբերություն Թուրքիայի, «հայկական մենտալիտետի» անվան տակ նույնպես ասիական արժեքներ դավանող Հայաստանի իշխանությունները, որոնք ժամանակին եղել են անաստվածության (աթեիզմ) գաղափարախոսության ջատագովները, այսօր էլ են հեռու քրիստոնեության քարոզած բարոյական արժեքներից, եւ միայն «իմիջի» համար են «դարձի եկել»: Գումարած դրան, մեզ մոտ շաղկապվել են նրանց եւ իրենց ազգայնական հորջորջող, բայց իրականում ազգի շահերին հակասող գործունեությամբ զբաղվող ուժերի շահերը: Եվ, դժբախտաբար, այս սերտաճման սլաքը ուղղված է ոչ թե դեպի ապագա, այլ դեպի մռայլ եւ փորձություններով լի անցյալ:

Այս ֆոնի վրա մեզ մատուցվում է մի սցենար, թե իբր երկու երկրների իշխանությունների ջանքերը մեզ մոտեցնում են բնականոն հարաբերությունների հաստատմանը: Արդյո՞ք սայլը, իրոք, տեղից շարժվել է: Մի պահ վերհիշենք 2008թ. ամռանը հնչած ամպագոռգոռ հայտարարությունները միջպետական սահմանի մոտալուտ բացման, երկաթգիծը վերաշահագործելու նպատակով տարվող աշխատանքների, Թուրքիային էլեկտրաէներգիա վաճառելու մասին պայմանագրի ստորագրման վերաբերյալ: Իրականությունն այն է, որ մեր հարաբերությունների մակարդակը դիվանագիտական որոշ շփումներից այն կողմ չի անցել:

Վերադառնանք վերը շարադրված մտքերին: Կտեսնենք, որ ականատես ենք մի իրողության, երբ իշխանությունն ամեն գնով երկարաձգելու ձգտումը միավորել է երկու սահմանակից երկրների իշխանություններին, ինչպես նաեւ ավելի կանոնակարգված կերպով նույն ուղիով ընթացող եւ «ժողովրդավարության սեփական ուղին» կերտելու հավակնություն ներկայացնող, սակայն այլախոհության ցանկացած դրսեւորում օրորոցի մեջ խեղդող Ռուսաստանը: Գործում է «նմանս զնմանը գտանի» ասույթը: Թյուր է այն կարծիքը, թե այս ուղղությամբ առաջին քայլը «ֆուտբոլային դիվանագիտությունն» էր: Բանն այն է, որ ՀՀ-ում 1998թ. իրագործված «խաղաղ հեղաշրջումը» լիովին համապատասխանում էր Թուրքիայի թե այն ժամանակվա, թե ներկայիս իշխանությունների իղձերին, քանի որ միջազգային հանրության առջեւ շատ ավելի դյուրին է արդարացնել ոչ ժողովրդավարական վարչակարգ ունեցող եւ պահանջատիրությունը պետական քաղաքականության օրակարգ մտցրած ազգայնական Հայաստանի հետ սահմանները փակ պահելը ու նրան միջազգային ու տարածաշրջանային ծրագրերից մեկուսացնելը: Եվ քանի որ նախագահական աթոռի փոխանցումը բոլոր հարցերում Քոչարյանի զինակիցը հանդիսացող Ս. Սարգսյանին նշանակում էր հարաբերությունների նախկին իրավիճակի պահպանում, Թուրքիան շտապեց առաջիններից մեկը ճանաչել ՀՀ-ում նախագահական ընտրությունների արդյունքը եւ շնորհավորել Ս. Սարգսյանին: Գյուլի այցը Երեւան՝ Անկարայի միջեւ տարածաշրջանում առկա ստատուս-քվոն անփոփոխ թողնելու ուղղությամբ ձեռք բերված լռակյաց համաձայնության վերջին ակորդն էր: Դրանից հետո տեղի ունեցած եւ շարունակվող դիվանագիտական շփումներն արդեն երկրորդական են: Կողմերն արդեն ձեռք են բերել զգալի քաղաքական դիվիդենդներ: Այլ հարց է, որ Թուրքիայի դիվիդենդները շատ ավելի ծանրակշիռ են եւ տեսանելի ապագայում մեր երկիրն իր մաշկի վրա կզգա դրանց ծանրությունը:

Իսկ միջպետական սահմանը շարունակում է փակ մնալ: Այլ հարց է, թե ինչքանով ճիշտ է խոսել փակ սահմանների մասին, եթե երկու երկրների միջեւ գոյություն ունի մեծ չափերի ապրանքաշրջանառություն եւ զբոսաշրջություն, որը, ցավոք, հավասարակշռված չէ եւ մեծ հաշվով ունի միակողմանի ուղղվածություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել