Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսվարողներն անտարբեր են

Մարտ 18,2009 00:00

Ասկերանի շրջանի Այգեստան գյուղը դարձել է «օտարերկրացի» երինջների նոր բնակավայր: Պետական հատուկ ծրագրով Արցախ է ներմուծվել 99 երինջ, որոնց մեծ մասը բերվել է հենց Այգեստան գյուղ, այստեղ անասունները պահվում են հատուկ գոմերում եւ հատուկ պայմաններում: ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արմո Ծատրյանը համոզված է, որ Ղարաբաղի յուրաքանչյուր շրջան պետք է ունենա նման գոնե մեկ կայացած ծրագիր, որը կնպաստի շրջաններում անասնապահության զարգացմանը:

Բերված երինջները արդեն հասցրել են նաեւ սերունդ տալ Արցախում: «Օտարերկրացու» առաջին Արցախի ծնունդ կովը օրական տալիս է 10-12 լիտր կաթ, իսկ որոշ ժամանակ հետո կաթնատվությունը հասնում է մինչեւ օրական 20 լիտրի: Երինջները կշռում են 650-700 կիլոգրամ: Գյուղատնտեսների կարծիքով, այս տիպի կովերին ձեռնտու չէ պահել բակային պայմաններում՝ քիչ քանակությամբ:

Շահավետ է գոնե 15-20 երինջ միանգամից պահելը: ԼՂՀ գյուղնախարարը ասում է, որ ծրագիրը շարունակական է լինելու, պետությունը իր բյուջեից 127,5 մլն դրամ է հատկացրել այս ծրագրի զարգացմանը:

Իսկ ԼՂՀ կառավարության տարածած տեղեկատվության համաձայն, ԼՂՀ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը ասել է, թե գյուղի մարդիկ անհրաժեշտ խորությամբ ծանոթ չեն գյուղատնտեսության բնագավառում իրականացվող պետական ծրագրերին, չգիտեն դրանց կարեւորությունն ու նշանակությունը: «Ներկա պահին ունենք քայքայված գյուղատնտեսություն, գյուղմթերքներ արտահանող երկրից վերածվել ենք ներկրողի։ Տասնամյակների ընթացքում կուտակված միջոցները փոշիացվել են, գյուղատնտեսական աշխատանքները կատարվում են անորակ ու չծրագրված: Ոլորտի պատասխանատուների եւ հողագործների անփութության պատճառով այսօր շատ ցանքատարածություններ վարակված են տարբեր վնասատուներով եւ մոլախոտերով, չեն մշակվել զգալի հողատարածքներ: Այսուհետեւ կառավարությունը կօժանդակի միայն նրանց, ովքեր աշխատում են պետական ծրագրերին համապատասխան եւ տնտեսություն չեն վարում ինքնահոսի սկզբունքով»,- ասել է Արա Հարությունյանը։ Գյուղնախարարն էլ իր հերթին հայտարարել է, որ ոլորտի ներկա խնդիրների մեծ մասը պայմանավորված է գյուղի տնտեսվարողների անտարբերությամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել