Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՉԲԱՑԱՀԱՅՏՎՈՂ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

Մարտ 18,2009 00:00

Ո՞վ կպաշտպանի գյուղացու ունեցվածքը

Մոտ մեկ ամիս է անցել Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեւան գյուղում կատարված վերջին անասնագողությունից: Ինչպես երեւում է՝ այս հանցագործությունն էլ, մյուսների նման, չբացահայտված կմնա: Փետրվարի լույս 21-ի գիշերը Ոսկեւանում անհայտ անձը կամ անձինք գողացել են Էդիկ Գարդիշյանին պատկանող 12 գլուխ խոշոր եղջերավոր անասուն՝ ուշ գիշերին մետաղաձողով կոտրելով գոմի փականը: Գողերը Գարդիշյանների շանը ինչ-որ դեղ են տվել, որից շունը մինչ այժմ ուշքի չի գալիս: Գարդիշյանը զինվորական է, մայոր: 51-ամյա Էդիկը թեեւ զինվորական ստաժով կարող է թոշակի անցնել, սակայն շարունակում է ծառայել հայրենի գյուղին՝ սահմանապահ ստորաբաժանումում, ոչ հեռու այն տարածքից, որտեղով, ըստ վարկածի, տարել են գողացված անասունները: Նա 3 որդի ունի, մտածում էր աշնանն անասունները վաճառելով՝ տղաներից մեկի համար տուն գնել: Սակայն անասնագողությունը ընտանեկան այդ ծրագիրը ի չիք դարձրեց: Ոսկեւանի այս թաղամասում վերջին տարիներին գրեթե բոլորի անասունները հափշտակվել են, ընդ որում՝ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Անետա Սարգսյանից երկու անգամ են անասուն գողացել: Նույն՝ փետրվարի լույս 21-ի գիշերը Ոսկեւանում գողացել են նաեւ Սեյրան Մելքոնյանի երկու կովը: Ոսկեւանի գյուղապետ Սերյոժա Ալեքսանյանի վկայությամբ, երկու կովերից մեկը ճանապարհին ծնել է, մյուսն էլ գողության ճամփից փախել: Երկու անասունն էլ մնացել են Ադրբեջանի հետ սահմանից մոտ 1,5-2 կմ հեռավորության վրա, «Իմպուլս» գործարանի այդպես էլ կիսակառույց մնացած մասնաշենքի մոտակա թփերում: Այդ անասունները հետո վերադարձվել են գյուղ: Այս նույն հատվածով էին անցյալ տարվա հունիսի 10-ի գիշերը քշել հարեւան Բաղանիս գյուղի 74-ամյա բնակիչ Բաղիշ Հարությունյանի 104 ոչխարը, 40 գառը եւ 6 այծը: Հարությունյանների առանձնատնից մինչ հայ-ադրբեջանական սահման՝ շուրջ 3 կմ է: Ի դեպ, անասնագողը (կամ անասնագողերը) գողացված անասունները քշել-տանելու ժամանակ մի գառ, որի ոտքը կոտրված էր, թողել էին սահմանապահ զինվորական ստորաբաժանման հենց պարսպի տակ, անմիջապես միջպետական մայրուղու եզրին: Հայկական եւ ադրբեջանական հենակետերը սահմանի այս հատվածում իրար շատ մոտ են՝ մի քանի հարյուր մետր հեռավորությամբ: Անասունների հետքերով առաջնորդվելով՝ Բաղիշ Հարությունյանի որդին՝ Հրայրը, իր հորեղբոր տղայի՝ Բորիսի հետ մոտեցել էր սահմանին: Նրա խոսքերով, մինչ սահմանը մնացել էր մոտ 300 մ: Սակայն առաջ գնալը վտանգավոր էր, քանզի ադրբեջանական հենակետերից կրակ կբացեին:

Էդիկ Գարդիշյանի անասունների գողությունից շուրջ երկու շաբաթ առաջ էլ հարեւան Կոթիում առեւանգել էին 1991-ին Ոսկեպարի անտառում նահատակված միլիցիոներ Սոս Մանթաշյանի հոր՝ Ազալխանի երկու կովը: Վատ ավանդույթի համաձայն՝ այս գողությունն էլ չբացահայտվեց:

2008 թ. հունիսի 12-ի գիշերը Ոսկեւանում փորձել էին գողանալ վերոհիշյալ Սեյրան Մելքոնյանի որդու՝ 42-ամյա Խաչիկ Մելքոնյանի կովերը, սակայն կովերի բառաչը խանգարել է հանցագործներին: Նույն Ոսկեւանում 2008 թ. մարտի 31-ին գողացել էին Էմմա Գեւորգյանի կովը, մոզին եւ հորթը: Գեւորգյանների տունը գյուղի եզրին է, սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա:

Անցյալ դարի 90-ական թվականներից մինչ օրս Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերում անասնագողության տասնյակ դեպքեր են եղել, հարյուրավոր, եթե ոչ՝ հազարավոր անասուններ են անհետացել: Երկու տարի՝ 2005-2007թթ. Նոյեմբերյանի սահմանամերձ բնակավայրերում անասնագողություններ չեղան: Անասունների առեւանգումը վերսկսվեց 2007թ. ապրիլի լույս 22-ի գիշերը, երբ սահմանամերձ Կոթի գյուղում անհայտ անձինք գողացան Հովհաննես Հախվերդյանի 9 մոզին: 2007թ. անասնագողություններ եղան Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեւան, Ոսկեպար, նաեւ Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Ներքին Ծաղկավան, Բերքաբեր գյուղերում: 2007թ. Ոսկեպարից գողացել էին Դերենիկ Պապյանի 5 կովը: Դժվարին վիճակում հայտնված համագյուղացուն սատարելու համար ոսկեպարցիները, իրենց սուղ միջոցներից հանգանակություն կատարելով՝ Պապյանի համար 1 կով եւ 1 մոզի գնեցին:

Անասնագողությունը սահմանամերձ գյուղերում դարձել է տարածված երեւույթ, չարիք, որ խանգարում է ապրել, գյուղերում ստեղծում սարսափի եւ անվստահության մթնոլորտ: Գյուղացիները կարծում են, որ դրանց հետքերը տանում են Ադրբեջան, դրա համար էլ այդ հանցագործությունները չեն բացահայտվում: Նաեւ կասկածում են, որ ադրբեջանցի ելուզակների հետ հանցակից տեղացիներ էլ կան՝ «երբ գողը տնից է լինում, եզը երդիկով են հանում»: Որոշ տեղերում գյուղացիները, հույսները միայն իրենց վրա դնելով, դիմում են «տեխնիկայի» օգնությանը: Դովեղ գյուղի բնակիչ Գարիկ Ամիրխանյանն իր գոմում դպրոցական զանգ էր տեղադրել: Եվ մի անգամ ուշ գիշերին տան մեջ ուժգին հնչեց զանգը, ազդարարելով, որ անասնագողերը գոմ են մտել: Տնեցիներն արթնանալով՝ վառեցին լույսերը, գողերն էլ փախուստի դիմեցին: 2001-ին Դովեղում անասնագող ավազակները ավտոմատ հրազենից վիրավորեցին գիշերն իր անասնագոմը պաշտպանելու ելած Կարեն Վարդանյանին, ում կյանքը հետո բժիշկները հազիվ փրկեցին: Հրադադարի հաստատումից հետո տարիներ շարունակ ոստիկանությունը սահմանամերձ գյուղերի բնակչությանը հորդորում էր հանձնել կռիվներից մնացած զենքերը: Ոստիկանները շատ տներում զենք հայտնաբերեցին՝ դրանց տերերի վրա քրեական գործեր հարուցեցին: Սակայն, եթե պետությունը՝ ի դեմս ոստիկանության կամ բանակի, ի վիճակի չէ պաշտպանելու սահմանամերձ գյուղացու ունեցվածքը, այս դժվարին պայմաններում գյուղացու գոյատեւման թերեւս միակ միջոցը մնում է ինքնապաշտպանությունը: Սահմանամերձ գյուղերի շատ հողեր ականապատված լինելու կամ վտանգավոր տեղանքի՝ հակառակորդի նշանառության գոտում գտնվելու պատճառով չեն մշակվում: Ադրբեջանին սահմանակից բնակավայրերի հողերը մեծամասամբ անջրդի են եւ լավ բերք չեն տալիս: Գյուղացու եկամտի միակ միջոցը մնում է անասնապահությունը:

2007 թվականի վերջին եւ 2008-ի սկզբին խոզերի աֆրիկյան ժանտախտի համաճարակը գրեթե ամբողջությամբ վերացրեց խոզերի գլխաքանակը: Գյուղացու ապրուստի հիմնական միջոց մնաց միայն խոշոր եղջերավոր անասուններ պահելը: Սակայն անասնագողությունները խաչ են քաշում այդ վերջին հույսի վրա: Գողացված անասունները հո երկինք չթռա՞ն, կովերը հո ասե՞ղ չեն. դրանք կամ Հայաստանում են պարտակվում, կամ, որն առավել հավանական է, քշվում են հարեւան, մեզ հետ ոչ բարեկամ երկիր: Առաջին դեպքում՝ ոստիկանությունը մեղքի մեծ բաժին ունի, երկրորդ պարագայում՝ նաեւ բանակը: Երկու դեպքում էլ՝ պետությունն է մեղավոր, որ անզեն գյուղացին եւ նրա ունեցվածքը անպաշտպան են մնում գիշերային ելուզակների ոտնձգությունների դեմ: Եթե սահմանագոտում անասնագողությունները շարունակվեն եւ դրանք կատարողները շարունակեն անպատիժ մնալ, սահմանային գյուղերում երեկոներն ավելի սակավ տներում է լույս վառվելու: Գյուղացին ճարահատ՝ տարագրվելով է բողոքելու պատուհաս դարձած անասնագողությունների եւ անպատիժ մնացող անասնագողերի դեմ: Միտումներ արդեն կան: Հարկ է, որ «վերեւներում» այս մասին մտածեն: Տագնապի կոչնակն արդեն 15 տարի շարունակում է ղողանջել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել