ՀԵՐԹԱԿԱՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԲԱՆԱԿՈՒՄ
Շիրակի մարզի Հարթաշեն եւ Փանիկ համայնքներում սկսվել է ստորագրահավաք: Բնակիչները երկրի նախագահ Սերժ Սարգսյանից պահանջում են անհապաղ բացահայտել հարթաշենցի զինծառայող Վազգեն Հունանյանին սպանողներին: Ըստ նրանց, հունվարի 24-ին Պառավաքար գյուղի «Թազապոստ» զորամասում դաժանաբար սպանել են Հունանյանին, ձեւակերպելով, թե ինքնասպանություն է գործել: Ի դեպ, սա երրորդ դեպքն է, երբ գյուղի տղաներին բանակից սպանված են բերում: Գյուղացիները «Առավոտի» հետ զրույցում վստահեցրին, որ այսուհետեւ հրաժարվելու են «խայտառակ» բանակին զինվորներ ուղարկել: «Գնացել եմ դիահերձարան, ասում եմ՝ զոհված զինվորի հորեղբայրն եմ, ինձ հարցնում են՝ ո՞ր մեկի, պատկերացրեք, թե հայոց բանակում ինչ է կատարվում»,- ասում է զինվորի հորեղբայր Հովհաննես Հունանյանը, ով ճանաչվել է տուժողի իրավահաջորդ: Մանրամասները՝ մեր հաջորդ համարում:
99-ԱՄՅԱ ԲՆԱԿՉԻ ՄԱՀԸ
Ըստ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության երեկվա հաղորդագրության, տանը բռնկված հրդեհի հետեւանքով ստացված այրվածքներով՝ Նոյեմբերյանի հիվանդանոց է տեղափոխվել Տավուշի մարզի Զորակ գյուղի բնակիչ՝ 99-ամյա Խաչատուր Մարտիրոսյանը: Խ. Մարտիրոսյանը հիվանդանոցում մահացել է:
ՄԻՋՆՈՐԴԵՑ 6 ՏԱՐԻ
Երեկ Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ շարունակվեց ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի եղբոր՝ Վարդան Ջհանգիրյանի գործի դատաքննությունը: Մեղադրող Կորյուն Փիլոյանը միջնորդեց Վ. Ջհանգիրյանին ազատազրկել 6 տարով, որից 5-ը նա պետք է անցնի փորձաշրջան: Հիշեցնենք, որ ողնաշարի տուբերկուլյոզով տառապող Վարդան Ջհանգիրյանը մեղադրվում է փետրվարի 23-ին իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու համար: Նա նշված օրը եղբոր հետ ավտոմեքենայով Արգավանդի ճանապարհին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից բերման է ենթարկվել: Երեկ Վ. Ջհանգիրյանը հենակներով դատարան էր ներկայացել: Իսկ մարդասիրական համարվող պետությունն այդպես էլ չբավարարեց հիվանդ մեղադրյալի պաշտպանների միջնորդությունը, նրան ստացիոնար բուժզննման ենթարկելու հնարավորություն տալու համար: Դատական հաջորդ նիստին՝ մարտի 27-ին կլսվի պաշտպանական ճառը:
Ա. Գ.
ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԻ ՄՈՏ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ադրբեջանական պատվիրակության աշխատակիցները փետրվարի 27-ի՝ լույս 28-ի գիշերն այցելել են ադրբեջանական գերության մեջ հայտնված երեք հայ զինծառայողներին՝ Հրանտ Մարկոսյանին, Ալիկ Թեւոսյանին ու Արթուր Սարգսյանին: Այդ մասին հաղորդել է ԿԽՄԿ ներկայացուցչության մամուլի քարտուղար Գյուլնազ Գուլիեւան: Նրա խոսքով, կոմիտեի աշխատակիցները գերիների պահման պայմանների մոնիտորինգ են անցկացրել, զրուցել յուրաքանչյուրի հետ առանձին: Ինչ վերաբերում է գերիներին վերադարձնելու շուրջ բանակցություններին, ապա Գուլիեւան նշել է, որ ԿԽՄԿ կողմից այդ ուղղությամբ աշխատանքը գաղտնի է իրականացվում:
ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Արդեն ընթերցողի սեղանին է ռադիոլրագրող, գրող-հրապարակախոս Գոհար Մարտիկյանի «Ապրելու բանաձեւ» եռհատորյակը: Հեղինակն «Առավոտին» հայտնեց, որ գրքերը արցախյան ազատամարտում հերոսացած հայ քաջորդիների հայրենասիրությունը, կյանքի ու սխրանքի պատմությունը վավերացնող, խոր հոգեբանական, հուզական եւ պատմական հիմք ունեցող ստեղծագործություններ են. «Այստեղ, հերոսների ապրած կյանքին ու սխրանքին զուգահեռ, պատմության դատին ու հիշողությանն է հանձնվում 1988-ից էլ շատ ավելի վաղ ալեկոծված ազգային-ազատագրական շարժումների պատճառներն ու 20-րդ դարավերջին այդ պատճառներն արմատախիլ անելու համար զենք վերցրած, անձնազոհաբար մարտնչած մի սերնդի հաղթական նահատակությանը վայել հպարտությունն ու խոնարհումը»: Նշենք, որ «Ապրելու բանաձեւ» գրքի առաջին հատորի առաջին հերոսը հեղինակի որդին է, որի հիշատակի հավերժացումով էլ որդեկորույս մայրը սկիզբ դրեց համապարփակ այս նախաձեռնությանը: «Կերպար առ կերպար որդիներս անմահացել են այս գրավոր պանթեոնում՝ որպես անմահ զորախումբ, հետագա հարձակումները կասեցնելու վճռականությամբ, առանց զորաբանակում իրենց առանձնակիությունն ընդգծելու»,- հավելեց տիկին Մարտիկյանը, նշելով, որ եռհատորյակն ունենալու է շարունակություն:
Ս. Դ.
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ԿԼԻՆԻԿԱ
Արդարադատության նախարարության ՔԿՀ մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը «Առավոտին» տեղեկացրեց, որ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում նախնական կալանքում գտնվող Շանթ Հարությունյանը երեկ, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, տեղափոխվել է առողջապահության նախարարության հոգեբուժական բժշկական կենտրոն ՓԲ ընկերության «Նուբարաշեն» կլինիկա: Տեղափոխումը պայմանավորված է վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացրած «Դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննության մասին» որոշմամբ:
ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԳՐԱԴԱՐԱՆԸ
Մարդու իրավունքների գրասենյակում երեկ բացվեց ՄԻՊ գրադարանը: Այնտեղ ներկայացվեց հայերեն «Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքներ» դասագիրքը: Գրադարանի բացմանն իրենց ներդրումն են ունեցել ՄԱԿ-ի զարգացման հայաստանյան գրասենյակը, Շվեդիայի Ռաուլ Վալենբերդի անվան մարդու իրավունքների ու մարդասիրության իրավունքի ինստիտուտը: ՄԱԿ-ի մշտական համակարգող Կոնսուելո Վիդալն ասաց, որ անհրաժեշտ է բարձրացնել մարդու իրավունքների պաշտպանների գիտելիքների մակարդակը:
Ն. Ա.