Լրահոս
Օրվա լրահոսը

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐՆ «ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾ ԵՆ» ՄԻ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ

Մարտ 18,2009 00:00

«7-ի գործով» նոր զարգացումներ

\"\"«7-ի գործով» Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, ամբաստանյալ Սասուն Միքայելյանի պաշտպան Հովիկ Արսենյանի նկատմամբ որոշեց կիրառել դատական սանկցիա՝ նրան պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմումով դիմելով ՀՀ փաստաբանների պալատ: Հովիկ Արսենյանը դրանից հետո դատարան չներկայացավ, եւ դա դիտվեց անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ: Դատարանը նույնպիսի դիմումներ ուղարկեց ՀՀ փաստաբանների պալատ՝ գործով ներգրավված մյուս փաստաբանների՝ Արթուր Աթարբեկյանի, Վարդուհի Էլբակյանի, Ստեփան Ոսկանյանի, Լիպարիտ Սիմոնյանի, Մելանյա Առուստամյանի անունով: Դատարանի, այսինքն՝ նախագահող Մնացական Մարտիրոսյանի պնդմամբ, «փաստաբաններն, առանց պատշաճ կարգով համապատասխան միջնորդություն ներկայացնելու եւ դատարանի որոշման, չեն ներկայացել դատական նիստերի դահլիճ, անհարգալից վերաբերմունք դրսեւորելով դատարանի նկատմամբ»: Հիշեցնենք, որ փաստաբաններից «առաջին տուժողը»՝ Հովիկ Արսենյանը, պատշաճ ներկայացել էր եւ այդ կապակցությամբ հայտարարություն արել: Սակայն դատարանը հերթական անգամ չէր հարգել փաստաբանի հայտարարությունը:

Այս գործով, դատարանի որոշմամբ, Սասուն Միքայելյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Գրիգոր Ոսկերչյանի, Հակոբ Հակոբյանի, Մյասնիկ Մալխասյանի, Սուրեն Սիրունյանի նկատմամբ նույնպես կիրառվել է դատական սանկցիա: Դատարանը նիստերի դահլիճից նրանց հեռացրել է 10 օրով: Ըստ դատարանի տրամաբանության, քրեական գործով դատաքննությունը շարունակվելու է, իսկ ամբաստանյալի պաշտպանների մասնակցությունն էլ պարտադիր է: Ամբաստանյալի՝ պաշտպանից հրաժարվելը նույն այդ տրամաբանությամբ չպետք է ընդունվի, նրանց լիազորությունները պետք է պահպանվեն:

ՀՀ դատական պրակտիկայում ստեղծվել է աննախադեպ իրավիճակ: Չկան ամբաստանվողները, չկան նրանց պաշտպանները: Ի դեպ, վերջիններս դատական նիստերին չներկայանալը բացատրում են դատարանի որդեգրած քաղաքականությամբ. իրենց հայտարարությունները, բացարկները, միջնորդությունները, պաշտպանյալներին իրավաբանական օգնություն ցույց տալու, նրանց շահերը ներկայացնելու դատավարական իրավունքները խախտված են եւ ոչ մի անգամ չեն բավարարվել: «7-ի գործով» դատավարությանը հետեւող փաստաբաններից մեկի դիտարկմամբ, իր գործընկերներն ասես ազատազրկված լինեն. «Նրանց ձեռուոտից կտրել են, առանց պաշտպանյալների դահլիճում գտնվելու, նրանց հետ խորհրդակցելու, ստիպում են պաշտպանել, մասնագիտական գործունեությամբ զբաղվել: Դատարանը մոռանում է, որ մեղադրյալն իրավունք ունի հարցաքննվել պաշտպանի ներկայությամբ, անարգել տեսակցել փաստաբանի հետ՝ առանց ժամի ու տեւողության սահմանափակման: Այդպես չի լինում: Դատարանն անհարգալից վերաբերմունք է ցույց տալիս փաստաբանական խմբի նկատմամբ»: Իրավաբան Արտակ Կարապետյանը գտնում է, որ դատարանն իրավունք չունի չհարգել ամբաստանվողների ցանկությունը: Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված է, որ ամբաստանվողը կնքում է պայմանագիր՝ իր շահերը պաշտպանելու համար: Պաշտպանն իրավունք չունի կատարել իր պաշտպանյալի շահերին հակասող որեւէ գործողություն, պաշտպանն իրավունք չունի հրապարակել այն տեղեկությունները, որոնք իրեն հայտնի են դարձել իրավաբանական օգնություն ցույց տալու ընթացքում, որոնք կարող են օգտագործվել իր պաշտպանյալների դեմ: Պաշտպանն իր լիազորությունները դադարեցնում է իր պաշտպանյալի կամքով: Նա չի կարող հակառակ գործունեությամբ զբաղվել, դա ինչպես մասնագիտական էթիկայի կանոնների, այնպես էլ «Փաստաբանության մասին» գործող օրենքի խախտում է:

Ինչ զարգացումներ են մատնանշում «7-ի գործին» հետեւող «Առավոտի» զրուցակից-իրավաբանները: 1.Պալատը կստանա դատարանի որոշումը ու մինչ ընթացք տա փաստաբաններին պատասխանատվության ենթարկելու հարցին, վերոհիշյալ գործով ներգրավված փաստաբանները դատարան չեն գնա ու կդիմեն դատարան՝ վերոհիշյալ որոշման դեմ բողոքով: 2. Մեղադրվողները գրավոր (քանի որ նրանք ֆիզիկապես ներկա չեն գտնվում դատական նիստերին) կդիմեն դատարանին՝ այս գործով նոր փաստաբաններ ներգրավելու միջնորդությամբ: 3. Դատարանը կբավարարի ու նոր փաստաբաններ կներգրավվեն: Վերջիններս գործի նյութերին ծանոթանալու համար կխնդրեն 10 օր ժամանակ, այսինքն՝ այնքան, որքան տվել էր դատարանը՝ ամբաստանվողներին հեռացնելով դատական նիստերի դահլիճից: Փաստաբանները կգան դատարան իրենց պաշտպանյալների հետ: Սա լավագույն տարբերակն է: 4. Դատարանը չի հարգի ամբաստանվողների խնդրանքը, նրանց փաստաբաններին կենթարկի պատասխանատվության՝ անհարգալից վերաբերմունքի համար, փաստաբանների խմբին վախեցնելով: Համարժեք հարթության վրա դնելով ամբաստանյալներին ու նրանց փաստաբաններին, նույն անհարգալիցի պիտակը դնելով նրանց վրա՝ փաստաբանների ինստիտուտը կվարկաբեկվի: 5. «7-ի գործով» փաստաբանների նկատմամբ կսկսվեն հետապնդումներ այլ քրեական գործերով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել