Լրահոս
Օրվա լրահոսը

«Տաքացել» է՝ մարդ է ծեծել

Մարտ 18,2009 00:00

Ըստ Բրյուսովի անվան լեզվաբանակա ն համալսարանում անվտանգության ծառայություն մատուցող ընկերության տնօրենի՝ իրենց աշխատակիցը բորբոքվել է՝ իր հասցեին ասված «սեռական բնույթի հայհոյանքներից»:

Օրերս Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում՝ նույն բուհի անվտանգության աշխատակցի կողմից ծեծի էր ենթարկվել «Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» օրաթերթերի ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանը: Նշենք, որ Գ. Շամշյանը մտել էր համալսարանի շենք՝ առանց անվտանգության աշխատակիցների թույլտվության, ինչի պատճառով էլ անվտանգության աշխատակից Կարեն Միրիջանյանը ծեծկռտուք էր սկսել: Միջադեպի հաջորդ օրը Լեզվաբանական համալսարանը հաղորդագրություն էր տարածել, որում մասնավորապես ասվում էր. «Գագիկ Շամշյանը ցուցաբերել է լրագրողին ոչ հարիր, ցինիկ գործելակերպ, խախտելով բուհի ներքին կարգապահական կանոնները, ներխուժել է համալսարան՝ խանգարելով ուսումնական գործընթացը: Նրա կատարած անօրինական գործողությունների ընթացքում տեղի է ունեցել միջադեպ, որի արդյունքում Գ. Շամշյանը ստացել է մարմնական վնասվածքներ: Ցավում ենք կատարվածի համար, միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ կատարված միջադեպը ոչ թե Գ. Շամշյանի պրոֆեսիոնալ պարտականությունների կատարման, այլ նրա խուլիգանական գործողությունների կանխման արդյունք է: Անընդունելի համարելով պահակախմբի աշխատակցի գործելաոճը, արձանագրում ենք, որ նա չպետք է ենթարկվեր Գ. Շամշյանի կողմից նախաձեռնած սադրանքին: Միջադեպի տեսաձայնագրությունը գտնվում է համալսարանի տրամադրության տակ եւ անհրաժեշտության դեպքում այն կտրամադրվի»:

«Առավոտը» փորձեց տվյալ բուհում անվտանգության ծառայություն մատուցող «Գարդմոբիլ» ընկերության տնօրինությունից պարզել՝ իրենց աշխատակիցն իրավունք ունե՞ր, արդյոք, իր ծառայողական պարտականությունները նման կերպով կատարել: Ընկերության տնօրեն Գարիկ Հովսեփյանի խոսքերով՝ միջադեպի մասին լրատվամիջոցների օպերատիվ արձագանքն այնքան էլ ճիշտ չէր. «Ես երեկ հայտնել եմ, որ տարածված տեղեկատվությունը սուտ է: Ես կարծում եմ, որ մեր աշխատակիցը կատարել է իր ծառայողական պարտավորությունները, այսինքն՝ պահպանել է անցագրային ռեժիմը: Ցանկացած քաղաքացի, որը բուհի ուսանող չէ, պետք է հայտնի անվտանգության աշխատակիցներին՝ ում մոտ է գնում, անցագիր ստանալով միայն կարող է մուտք գործել համալսարանի շենք: Այս պարագայում լրագրողը ցույց չի տվել իր անձը հաստատող, այսինքն՝ լրագրողի փաստաթուղթ: Ես պարզ կարող եմ ասել, որ մեր աշխատանքը կանոններին չենթարկվողին մեկուսացնելն էր, որն այս դեպքում չի հաջողվել անել: Ես համարում եմ, որ ճիշտ չէ լրագրողի կողմից նման կերպ գործելը: Այո, եղել է հարված, սակայն լրագրողի սեռական բնույթի հայհոյանքներից հետո: Մենք՝ հայերս, մի քիչ տաքարյուն ենք, վիրավորանքները հենց այնպես չենք կարող ընդունել»: Մեր հարցին՝ ստացվում է, որ անվտանգության աշխատակիցը ցանկացած գնո՞վ պետք է կանոնները խախտողին դուրս հանի համալսարանի շենքից, Գ. Հովսեփյանն ասաց. «Առանց հրմշտելու ու հայհոյելու: Բայց ամեն դեպքում հրահրողը եղել է Գագիկ Շամշյանը: Նշեմ, որ դեպքի հաջորդ օրը մեր տղան լավ չի զգացել ու գնացել է հիվանդանոց»:

Մենք փորձեցինք անվտանգության ծառայություն մատուցող այլ ընկերության տեսակետին էլ ծանոթանալ այս դեպքի առնչությամբ: «Պանտերա սեքյուրիթի» ընկերության տնօրեն Վահե Դարբինյանի կարծիքով. «Անվտանգության աշխատակցին ոչ ոք իրավունք չի տվել այդպես վարվելու: Սակայն ես ուզում եմ հասարակությունը տեղյակ լինի, որ նման բաներ պատահում են, եւ պատահում են նաեւ լրագրողի պատճառով: Այս հարցը պետք է օբյեկտիվ քննարկվի, լիարժեք պատասխաններ ստացվեն: Մենք հայ ենք եւ կոպիտ ձեւով մտնելով հսկվող օբյեկտ, պարզ է, որ պետք է վեճի առիթ տանք: Ես կարծում եմ, որ այնտեղ ուղղակի ծեծկռտուք է առաջացել»: Նա ավելացրեց, որ իրենց ծառայությունները ստեղծված են կարգ ու կանոն հաստատելու համար: «Սակայն մենք այդ ուժը չունենք, որ ոստիկանության պես կանոնները խախտողին վերցնենք ու տանենք բաժին»,- ասաց Վ. Դարբինյանը:

Ոստիկանության մամուլի քարտուղար Սայաթ Շիրինյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ, իհարկե, ոչ մի բանական մարդ չի կարող կողմ լինել ծեծին: Իսկ ինչ վերաբերում է քրեական գործին, ապա, ըստ Ս. Շիրինյանի, հետաքննության մարմինը կտա բոլոր հարցերի պատասխանները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել