Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԻԱԿԻՑ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆՍ ԿՕԳՏՎԵՆՔ

Մարտ 18,2009 00:00

\"\"Մինչ օրս չէր թույլատրվում մահացածի առողջ օրգանները փոխպատվաստման նպատակով օգտագործել: Լրամշակված օրենքով
դա թույլատրելի է:

Այս օրերին Ազգային ժողովում քննարկվում է «Մարդուն օրգաններ կամ հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու հարցը: Նկատենք, որ գործող օրենքով, մեր երկրում երիկամ կամ սիրտ փոխպատվաստելու համար դոնոր գտնելը բարդ գործ է: Չնայած նրան, որ մարդու օրգանների փոխպատվաստման մասին ՀՀ օրենքը 5-6 տարի ուժի մեջ է, այդ օրենքում մի շարք բացեր կային, ինչի պատճառով մինչ օրս շատ հիվանդներ ստիպված են եղել իրենց օրգանները (երիկամ, սիրտ, հյուսվածքներ) փոխպատվաստել օտարերկրյա կլինիկաներում, իսկ նման վիրահատությունները, մասնագետների ներկայացմամբ, բավականին թանկ արժեն՝ $50-120 հազար, եւ, փաստորեն, մեր օրենքի թերի լինելու պատճառով, վիրահատության համար վճարվող գումարները ոչ թե Հայաստանի Հանրապետության, այլ օտար երկրների բյուջեներն են լցրել:

Այսպես. գործող օրենքով, փոխպատվաստման նպատակով դիակային դոնորից օրգաններ կամ հյուսվածքներ կարող են վերցնել միայն այն դեպքում, երբ տվյալ անձն այդ մասին իր կենդանության օրոք սահմանված կարգով համաձայնություն է տվել: Եթե չկա այդ համաձայնությունը, ապա դիակի պիտանի օրգանները ոչ մի դեպքում չի թույլատրվում օգտագործել մարդասիրական նպատակներով: Եվ որպեսզի մահացածների առողջ օրգանները օգտագործեն եւ որեւէ մեկի կյանքը փրկեն, ԱԺ-ի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի առաջարկությամբ օրենքում հետեւյալ փոփոխությունն է նախատեսվում. եթե, ասենք, մարդն իր կենդանության օրոք գրավոր որեւէ փաստաթուղթ չի թողել մահից հետո իր առողջ օրգանները վերցնելու մասին, ապա, լրամշակված օրենքով, բժշկական հատուկ հանձնաժողովը կարող է դա անել՝ հարազատների համաձայնությունը ստանալով:

«Առավոտի» հետ զրույցում ԱԺ-ի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը նշեց, որ օրենքի փոփոխությունից հետո հնարավոր կլինի մեկ դիակային դոնորով 4-5 մարդու կյանք փրկել. «Ճիշտ է, մենք ամեն ինչ անելու ենք հիվանդ մարդուն առողջացնելու կամ կյանքը փրկելու համար, բայց եթե հանկարծ մեկը մահացավ, ապա, համաձայնության դեպքում, հնարավոր կլինի վերցնել երիկամները: Սա արդեն 2 կյանք տվեց, լյարդը՝ 3-րդ մարդու, սիրտը՝ 4-րդ, ենթաստամոքսային գեղձը՝ 5-րդ եւ այլն: Այսինքն, եթե ինչ-որ մեկը մահանում է, կարելի է մյուսին կյանքի բերել: Փառք Աստծո, մեզ մոտ հաջողությամբ անում են այդ օրգանների փոխպատվաստումը»: Մեր այն դիտարկմանը, թե մեր հիվանդները ստիպված էին լինում փոխպատվաստման մեկնել արտերկիր, պարոն Բաբլոյանն ասաց՝ «Այդ մարդիկ էլ արտասահմանում սպասում էին մահացածի օրգանին եւ գուցե տարիներով սպասեին: Վերջիվերջո, կարող է այդ պետությունն էլ մի օր ասեր, որ այլեւս չեն ընդունում օտարերկրացիներին կամ՝ ինչո՞ւ ձեր պետությունը այդ մեթոդը չի կիրառում եւ այլն: Եվ քանի որ նմանատիպ խնդիրներ միշտ էլ կլինեն, օրենքի փոփոխությունը անհրաժեշտ է»: Մեր այն հարցին, թե ազգային մենտալիտետից ելնելով, արդյոք, մարդիկ կհամաձայնե՞ն առողջ օրգաններ եւ հյուսվածքներ տալ, պարոն Բաբլոյանն ասաց, որ հստակ ու պարզ օրենքի առկայության դեպքում ամեն ինչ նորմալ կլինի. «Մի քանի տարի առաջ, երբ մի երեխա ուղեղային մահ ունեցավ, նրա ծնողն առաջարկեց՝ առողջ օրգանները վերցնել եւ օգնել մեկ այլ երեխայի: Այդ ծնողն ասաց, որ գուցե մեկ այլ երեխայի մեջ տեսնի իր զավակին: Բայց մենք դա չէինք կարող անել, քանի որ օրենքը թույլ չէր տալիս: Այնպես որ, կլինեն մարդիկ, որոնք գիտակցելով կհամաձայնեն»:

Օրենքի փոփոխությամբ նախատեսվում է նաեւ, անչափահասների մահից հետո, կրկին հարազատների համաձայնությամբ, վերցնել առողջ օրգանները:

Ինչ վերաբերում է կենդանի դոնորներին, ապա, ըստ Ա. Բաբլոյանի, ամեն մարդ իրավունք ունի դոնոր լինել, սակայն այս դեպքում բացառվում է օրգանների առուվաճառքը. «Օրենքը նաեւ ասում է՝ բացառվում է ֆիզիկական կամ պաշտոնական ճնշումների ներքո մարդուն դոնոր լինել: Դա պետք է լինի կամավոր, բարոյական եւ բարեգործական հիմունքներով եւ անվարձահատույց, ինչպես որ արյուն են տալիս»:

Ա. Բաբլոյանի հավաստմամբ՝ ցանկացած մարդ դոնոր դառնալու կամ չդառնալու մասին կարող է տեղյակ պահել ընտանեկան բժշկին: Ընտանեկան բժիշկը պարտավոր է այցելուին ընդունելու ժամանակ, ինչպես որ խոսում է նրա առողջության մասին, այնպես էլ տեղեկացնի, որ նա իր համաձայնությամբ գրավոր փաստաթուղթ տա այն մասին, որ իր մահից հետո համաձայն է կամ համաձայն չէ, որ իր առողջ օրգանները կամ հյուսվածքները փոխպատվաստելու նպատակով օգտագործվեն. «Ընտանեկան բժիշկն էլ իր հերթին այդ մասին տեղյակ է պահում օրգանների եւ հյուսվածքների ռեեստրին»:

Քանի որ գործող օրենքը թույլ չէր տալիս դիակային դոնորից օրգաններ վերցնել, ուստի օրգանների եւ հյուսվածքների ռեեստրի կարիք էլ չկար: Օրենքի մշակված տարբերակով ռեեստր էլ է նախատեսվում, որտեղ կգրանցվի տեղեկատվություն դոնորի եւ փոխպատվաստման դեպքերի մասին:

Գործող օրենքով ամրագրված է, որ կառավարությունը պետք է փոխպատվաստման ենթակա օրգանների ցանկ մշակի, բայց մինչ օրս այդ ցանկն էլ չի կազմվել: Այս առնչությամբ պարոն Բաբլոյանն ասաց, որ հանձնաժողովը դրա հետ կապ չունի, եւ որ կառավարությունը պետք է հատուկ մասնագետների միջոցով ցանկը մշակի:

Օրենքում դոնորի իրավունքների եւ պարտականությունների հետ կապված հարցերն էլ հստակեցված չէին, միայն ասվում է, որ դոնորն իրավունք չունի իր օրգանը վաճառելու՝ այն պետք է նվիրաբերի, հակառակ դեպքում՝ կենթարկվի քրեական պատասխանատվության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել