Լրահոս
Օրվա լրահոսը

Ստիպված են խնայել պետական փողերը

Մարտ 18,2009 00:00

Որոշ նախարարություններ կրճատել են ծախսերը, իսկ որոշներն էլ այդ մասին չեն էլ մտածում

Կառավարության կողմից խիստ խնայողությունների անցնելու մասին հայտարարությունը նշանակում է, որ Ազգային ժողովը, նախարարությունները, դատարանները, մարզպետարանները եւ այլ պետական կառույցներ պետք է վերանայեն իրենց տարեկան պլաններն ու հետաձգեն ծախսատար ծրագրերը: Նախօրեին ֆինանսների նախարարությունը հրավիրել է օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների գլխավոր ֆինանսիստներին ու տեղեկացրել, որ ընդամենը 1-2 օրվա ընթացքում պետք է իրականացվեն պետական բյուջեով նախատեսված որոշ ծախսերի միջեռամսյակային վերաբաշխումներ, ինչպես նաեւ ժամանակավորապես որոշ ծախսեր պետք է կասեցվեն:

«Առավոտը» մի քանի նախարարություններից փորձեց ճշտել, թե հատկապես ի՞նչ ծրագրեր են հետաձգվելու եւ ո՞ր ոլորտների համար նախատեսված գումարներն են կրճատվելու կամ ընդհանրապես կասեցվելու: Պարզվեց, որ էկոնոմիկայի նախարարը ծախսերը կրճատելու վերաբերյալ կառավարության որոշմանը առանձնապես լուրջ չի վերաբերվում: Նախարարության լրատվական ծառայությունից «Առավոտին» տեղեկացրին, որ իրենց մոտ որեւէ փոփոխություն չեն արել ու նման հարց չի քննարկվել. «Այսօրվա դրությամբ՝ բոլոր ծրագրերն ուժի մեջ են, իսկ գործուղումները չեն հետաձգվել: Ծախսերի կրճատումներ չեն արվել, ընդհակառակը, երբ 2 օր առաջ ձյուն եկավ, ջեռուցումը, որն արդեն անջատված էր, նորից միացրին»: Ֆինանսների նախարարության մամուլի քարտուղար Իրինա Այվազյանի ներկայացմամբ էլ. «Ինչպես բոլոր պետական կառավարման մարմինները, մենք նույնպես նախատեսում ենք որոշ ծախսերի վերաբաշխումներ կատարել, ինչպես նաեւ կասեցնել որոշ ծախսեր: Օրինակ, տրանսպորտային ծախսերը պետք է կրճատվեն 50%-ով, գույքի ձեռքբերումը եւ մի քանի այլ ծրագրեր կտեղափոխվեն չորրորդ եռամսյակ: Պետական բյուջեից ֆինանսավորվող շատ գործուղումներ արդեն իսկ կրճատվել են ու դեռ էլի կկրճատվեն: Կմնան միայն խիստ անհրաժեշտները: Ընդհանուր առմամբ, փոփոխություններ կլինեն գրեթե բոլոր հարցերում, բացի աշխատակիցների կրճատումից ու աշխատավարձերից»: Բնապահպանության նախարարության լրատվական ծառայության ղեկավար Արծրուն Պեպանյանի ներկայացմամբ էլ. «Այս պահի դրությամբ ծրագրերի հետաձգման կամ ծախսերի կրճատման վերաբերյալ որեւէ հստակություն չկա, պարզ չէ՝ կրճատումներ կլինե՞ն, թե՝ ոչ: Հնարավոր է՝ դրանք ընդհանրապես չլինեն»:

Ծախսերի կրճատումների առնչությամբ տրանսպորտի եւ կապի նախարարությունից «Առավոտին» տեղեկացրին, որ այս պահին ծախսերի հետ կապված որեւէ կրճատում չկա, միայն քննարկվում է որոշ ծախսեր առաջինից չորրորդ եռամսյակ տեղափոխելու հարցը:

Չնայած արդեն այսօր բոլոր գերատեսչությունները պետք է ունենան հիմնավորված առաջարկություններ ծախսերի վերաբաշխումների ու նաեւ կասեցման վերաբերյալ, սակայն պարզվում է, որ որոշ նախարարություններ խնայողությունների ռեժիմին անցնելուն «մատների արանքով են նայում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել