Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ԲԻԶՆԵՍԸ ՏԱՊԱԼՎՈՒՄ Է

Մարտ 18,2009 00:00

\"\"Գյումրիում, առեւտուր չլինելու պատճառով, մեկը մյուսի հետեւից փակվում են անգամ հեղինակավոր խանութները

Նախորդ ամսվա ընթացքում Գյումրիում առեւտրի եւ սպասարկման տասնյակ օբյեկտներ դադարեցրել են իրենց գործունեությունը. փակվում են ինչպես հայտնի տեխնիկայի ու հագուստի խանութները, այնպես էլ սննդի օբյեկտներն ու նույնիսկ բաղնիքները: Ոչ պաշտոնական տվյալներով, այդպիսի օբյեկտները մոտ 200-ն են: Քաղաքի կենտրոնական խանութներում մեծ զեղչեր են, ինչը նշանակում է, որ գործարարն ուզում է ծախել ամենավերջին ապրանքն ու դադարեցնել իր բիզնեսը, այլապես ապրանքն իր վրա կմնա եւ չի կարողանա հետ ստանալ նույնիսկ ձեռք բերված ապրանքի ինքնարժեքը: Ամեն քայլափոխի խանութների վրա փակցված է՝ «տրվում է վարձով» կամ էլ «վաճառվում է» հայտարարությունը: Միայն Գյումրիի Շարլ Ազնավուրի հրապարակի մոտակայքում կարելի է հանդիպել վաճառքի հանված տասից ավելի խանութների:

Քաղաքի ամենափորձառու բիզնեսմեններից մեկը՝ Ավետիք Բադալյանը, եւս մտադրված է վաճառել Անի թաղամասում գտնվող իր խանութը, քանի որ, ըստ նրա, Գյումրին բիզնեսի համար ձեռնտու քաղաք չէ: «Էս քաղաքում տարին տասներկու ամիս ապրում են դրսից եկած գումարների հաշվին, եթե էսօր փող ուղարկող չկա, ուրեմն անիմաստ է առեւտուր ծավալելը, պատկերացրեք՝ ինչքան գումար է անհրաժեշտ կոմունալ ծախսերի համար, ընդ որում՝ մի քանի օրից թանկանում են գազը, լույսը, ջուրը, տարրական հաշվարկ է, եթե մեծ գումար պիտի տաս ու ապրանք բերես, ճանապարհածախսը վրադ միլիոն պետք է նստի, ու հետո ապրանքը հարկադրված «նիսյայով» վաճառես, մի բան էլ հետեւներից ընկնես, որ փողդ ստանաս, էլ ինչո՞ւ ես առեւտուր անում: Ես արդեն իսկ մի քանի հոգու ձեռքը կրակն եմ ընկել: Ինչքան էլ հոռետեսական հնչի իմ ասածը, շուտով սննդի խանութներն էլ կսկսեն փակվել: Վստահ եմ, որ չորս ամիս հետո էս քաղաքը լրիվ կմարի, այլեւս ոչ մի գումար չի մտնի, էս ամենին ավելացնենք նաեւ այն, որ խանութներից էլ գողությունը կշատանա, մարդը սոված մնաց՝ անպայման գողություն կանի»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց բիզնեսմենը:

«Աթոյան եւ ընկերներ» կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ֆիրմայի տնօրեն Գեւորգ Աթոյանի կանխատեսմամբ էլ՝ Գյումրիում զգալիորեն կտուժի մանր ու միջին բիզնեսը, քանի որ, ըստ նրա, բանկերը հրաժարվում են վարկեր տրամադրել, իսկ ընդհանուր ապրանքաշրջանառությունն էլ, պայմանավորված քաղաքում ֆինանսական հոսքերի դադարեցմամբ, նվազել է: «Երեւանում գոնե մերթընդմերթ բանկերը վարկեր են տրամադրում, Գյումրիում էս պահին դա բացառվում է, էլ չեմ խոսում մատչելի ու ցածր տոկոսադրույքների մասին: Եթե էս պահին պետական աջակցություն չլինի, ռեսուրսներ չճարեն ու մարդկանց չօգնեն, Գյումրիում բիզնես հասկացությունը իսպառ կվերանա»,- կանխատեսում է գյումրեցի գործարարը, որին Գյումրիում սովորաբար ճանաչում են որպես նախանձելի լավատես:

Մեզ հետ զրույցում Գյումրիում լույս տեսնող թերթերի խմբագիրները հավաստիացրին, որ ավելացել են տան վաճառքի մասին հայտարարությունները, որն, ըստ նրանց, նշանակում է՝ մարդիկ պատրաստվում են լքել հարազատ քաղաքը: «Շրջապատ» անկախ շաբաթաթերթի տնօրեն Եպրաքսյա Մեխակյանի խոսքերով. «Նախկինում գովազդները մեքենաների կամ տան կահույքի ու տարբեր իրերի վաճառքի մասին էին, այժմ թեման փոխվել է, 70%-ը տան վաճառքի հայտարարություն է տալիս, սրանից շատ վատ հոտ է գալիս: Ի դեպ, նախկինում մեր թերթի հայտարարությունների բաժնից շատ էին օգտվում նաեւ կրկնուսույցները, հիմա մարդիկ վախենում են հայտարարություն տալ, նրանց ասելով, հարկայինը կընկնի հետեւներից: Կտրուկ պակասել է մեր գովազդատուների թիվը, մշտական գովազդատուները եւս գովազդվել չեն ուզում, օրինակ՝ տարիներ շարունակ աշխատել ենք «Միլենարի» տաքսի սերվիսի, ավտոլվացման որոշ կետերի, երեք-չորս կահույքի սրահների հետ, բայց հիմա նրանց այլեւս գովազդ պետք չէ: Չեմ ասի, թե թերթի ընթերցողների քանակը պակասել է, շենքից մեկը գնում է՝ հարեւաններով կարդում են, նույնիսկ «վազվռատները» հետ են բերում քրքրված, մաշված ու խաչբառերը լուծված վիճակում, որը նշանակում է, թե բացել-կարդացել են, բայց էս ամենը մեզ չի մխիթարում, թերթը եւս ապրանք է, վաղ թե ուշ ճգնաժամը կծեծի նաեւ մեր դռները, եթե հատկապես թանկանա թուղթը»:

Գյումրիի «Հինգշաբթի» շաբաթաթերթի տնօրեն Արմեն Մարտիրոսյանն էլ հավաստիացրեց, որ գովազդատուները պակասել են. «Նախկին 100 հայտարարությունների փոխարեն էսօր 10 կամ 20 հայտարարություն ենք տպում, տան առուվաճառքով զբաղվող «Գլոբուս ռիելիթի» ֆիրման մեր մշտական գովազդատուն էր, բայց հիմա, պատկերացրեք, ուղիղ 50%-ով կրճատել է իր գովազդների պատվերը: Եթե նկատի ունենանք, որ գարունն ու ամառը թերթի վաճառքի համար ամենավատ սեզոնն են, եթե աչքի առջեւ ունենանք նաեւ տպարանի սպասվելիք թանկացումները, չեմ ուզում պատկերացնել, թե ինչ սարսափելի վիճակ կլինի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել