Լրահոս
Օրվա լրահոսը

Մտավորականների ֆորումի կոչը

Մարտ 18,2009 00:00

Բաց նամակ բոլոր նրանց, ում ծանոթ է Միլոշ Ֆորմանի «Թռիչք կկվի բնի վրայով» կինոնկարը

«Մինչ Մտավորականների ֆորումի ավագանու տարեցները, բնությունից իրենց սահմանված անշտապողականությամբ, թղթին կհանձնեին քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի ճակատագրին առնչվող խոսքը՝ վրա հասան լրագրող Գագիկ Շամշյանի նկատմամբ ֆաշիզմ հիշեցնող հաշվեհարդարն ու Պետական համալսարանի (թեկուզ եւ իրոք կաշառակեր) դասախոսների նկատմամբ ուղղակի եւ անուղղակի իմաստով փողոցային ակցիան: Անհրաժեշտ է այդ ակցիան նախաձեռնողներին հուշել, որ թեեւ կան կաշառակեր դասախոսներ, եւ հավանաբար դրանց թիվը փոքր չէ, բայց կա նաեւ «դասախոս» հասկացությունը, որը չի կարելի ոտքի տակի փալաս դարձնել, մանավանդ, որ ակցիան կազմակերպողների նկրտումները ոչ պակաս արատավոր կարող են լինել, քան որոշ կաշառակեր դասախոսների նկրտումները: Մեր համոզումով՝ որեւէ չարիքի դեմ պայքարի ամենաարդյունավետ եղանակը օրինականության դաշտում պայքարելն է: Եվ եթե մեզանում այդ դաշտն ինքը ծածկված է անօրինականության մացառով ու մոլախոտով, միեւնույն է՝ առավել անօրինական քայլերի, այս դեպքում խոսքը բարոյական, չգրված օրենքի մասին է, չպետք է դիմել:

Իսկ այժմ կկվի բնի վրայով թռիչքի մասին։

Անկախ այն հանգամանքից, թե մեզանից յուրաքանչյուրը հասարակական դիմակայության որ կողմում է գտնվում, մեզ իրավունք չպետք է տանք անտարբեր մնալ այն հանցավոր իրողության նկատմամբ, որը ձեւավորվում է քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի շուրջ: Մամուլում տեղ գտած տեղեկատվությունը, համաձայն որի՝ կալանավորը հայտարարել է, որ իրեն անպատեհ ներարկում են կատարել, որի հետեւանքով նա, փաստորեն, գտնվում է հացադուլավորի վիճակում, սահմռկեցուցիչ է: Շոշափելիորեն ձեւավորվում է այն խարանը, որը դրոշմվելու է մեզանից յուրաքանչյուրի ճակատին՝ բնավ հաշվի չառնելով, թե այն ում ճակատն է, ինչ պարգեւների ու կոչումների տեր մարդու: Եվ հիշենք այդ սքանչելի ֆիլմի ավարտը: Հոգեբուժարանում հայտնված հսկայամարմին հնդկացին, որն, ի դեպ, խորհրդանշում էր այդ հողի բուն, էթնիկ տիրոջը, գերմարդկային ուժով պոկեց ցայտաղբյուրի ծանրածանր շինվածքը, դրանով խորտակեց արգելոցի դարպասը եւ հեռացավ, կորավ մթության մեջ:

Սթափության կոչ ենք անում մեր մտավորականներին. մեզանում որոշակիորեն ձեւավորվում է դարչնագույն հրեշի կերպարանքը: Անհավանական չէ, կգա մի օր, երբ մթության մեջ կորչելը կհամարվի բարեբախտություն: Այդպիսի՞ նախնի ենք ցանկանում լինել մեր թոռների, մեր ծոռների համար: Այս հարցին մեզանից յուրաքանչյուրը պետք է պատասխանի անձնապես, Զորավար Անդրանիկի խորհրդով՝ գիշերը, գլուխը բարձին դնելուց հետո՝ քնելուց առաջ». ասված է Մտավորականների ֆորումի ավագանու եւ համակարգող խորհրդի հայտարարության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել