Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ՒՄ ՄԻՏՔԸ «ՂԱՅԻՄ» ՉԻ

Մարտ 18,2009 00:00

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանի եւ ՀՀԿ խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանի միջեւ երեկ խորհրդարանի դատարկ դահլիճում ծավալվեց մի վեճ, որն ընդհանրապես կապ չուներ տվյալ պահին քննարկվող համաձայնագրի հետ: Քննարկվում էր «Կենսական նշանակության ավտոճանապարհների բարելավման ծրագրի» ֆինանսավորման վերաբերյալ համաձայնագիրը: ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանը ներկայացրեց հանձնաժողովի դրական եզրակացությունը: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը հնչեցրեց Շիրակ Թորոսյանը: Իսկ «Ժառանգության» ներկայացուցիչները դեմ արտահայտվեցին, նշելով, որ միեւնույն է՝ գումարները իրենց նպատակին չեն ծառայում, քանի որ մենք ունենք վատ ճանապարհներ: Սամվել Նիկոյանը իր հերթին խորհրդարանական ընդդիմությանը մեղադրեց հայրենասեր չլինելու մեջ, քանի որ, ըստ պարոն Նիկոյանի, ընդդիմադիրները շարունակ ամեն ինչի մասին եւ «անհարկի» դեմ են խոսում: Սա դուր չեկավ Լարիսա Ալավերդյանին: Վերջինս ելույթ ունեցավ եւ հայտարարեց, որ ճիշտը հայրենասիրության իրենց ընտրած ձեւն է. «Ժողովրդի լեզվով ասած՝ եթե միտքդ ղայիմ չի, ինչի՞ չես թույլ տալիս, որ քո արածը ստուգի քո գաղափարախոսական կամ գաղափարական ընդդիմությունը: Չէ՞ որ դա կուժեղացնի պետությունը: Հիմա, եթե մենք շարունակ այս երկու հարցով հանդես ենք գալիս, իսկ մեզ գալիս են դաստիարակելու, որ մենք պետք է լինենք ավելի հայրենասեր, ես այդ հայրենասիրության որակը կասկածի տակ եմ դնում»: Տիկին Ալավերդյանը՝ հայտարարելով, որ բոլոր ոլորտներում առկա են կոռուպցիոն ռիսկեր, եւ դրա մասին գիտեն պատգամավորները, գիտեն նաեւ, որ բիզնեսը ոչ օրինական դաշտում է եւ լռում են, ասաց նաեւ. «Եվ՝ ովքեր են հովանավորները, եթե դա է կեղծ ձեւով հասկացված հայրենասիրությունը, ես մերժում եմ այդ հայրենասիրությունը: Ես մի անգամ ասել եմ եւ կկրկնեմ՝ ես կոռուպցիան դավաճանությանը հավասարեցված եմ համարում»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել