Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգությունը» դեռեւս ցուցակ չունի

Մարտ 18,2009 00:00

\"\"Խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը չմեկնաբանեց ՀԱԿ-ի որոշումը

Ի պատասխան «Առավոտի» հարցի՝ ի վերջո ինչպե՞ս եւ ի՞նչ ցուցակով է «Ժառանգությունը» գնալու Երեւանի ավագանու ընտրություններին, այդ կուսակցության ԱԺ խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Ժառանգությունը» դեռեւս ցուցակ չունի, առաջին համարը որոշված չէ, «Ժառանգությունը» ընդամենը ուրբաթ օրը առավելագույնը կարող է իր ցուցակի մասին ասել»: Ընտրություններին առանձին գնալու որոշումը մի՞թե ձեռնտու չէր հատկապես իշխանություններին: «ՀԺ»-ի այս հարցին պատասխանելով՝ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց, որ այդպես չի կարծում, բայց գիտի, որ «ընդդիմությանը ձեռնտու էր, որպեսզի իսկապես միասնական, հաղթող եւ մրցունակ ցուցակ կազմվեր»: Սրան, ըստ Արմեն Մարտիրոսյանի, խանգարեց այն, որ մրցունակ ցուցակի մասին ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» պատկերացումները «այս պահին մի փոքր տարբեր էին»:

Իսկ ՀԱԿ-ի հետ եղե՞լ է խոսակցություն, նրանց կողմից ինչ-որ բան առաջարկվե՞լ է: Պարզվեց՝ ամեն ինչ էլ եղել է. «Իրենք մեզ են առաջարկել, մենք իրենց ենք առաջարկել»: Չասաց, թե ով ում ինչ է առաջարկել: «ՉԻ»-ի եւ «ՀԺ»-ի ռեպլիկին՝ գիտեն, որ «Ժառանգությունն» առաջարկել է Արմեն Մարտիրոսյանին ցուցակում գրել առաջին հորիզոնականում, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ երկրորդ, պարոն Մարտիրոսյանը չպատասխանեց: Բավարարվեց ասելով, որ ցուցակի հետ կապված ինքը ոչ մի բան չի ասելու. «Եթե ՀԱԿ-ի մեր գործընկերները կցանկանան մեկնաբանություն անել, իրենք կարող են այդ մեկնաբանությունն անել»,- եղավ պատասխանը:

Նկատեցինք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը նախորդ օրը խորհրդարանում հայտարարել էր, որ ՀԱԿ-ի որոշման մասին ինքը իմացել է ինտերնետից. փաստորեն, եթե այդպես է, ուրեմն նրան ոչ ոք նախապես ոչինչ չի ասել ՀԱԿ ցուցակի մասին: Այդ դեպքում կողմերը ինչի՞ մասին էին բանակցում մի քանի օր շարունակ: Ուզեցինք հասկանալ՝ արդյոք դա՞ է վիրավորել «Ժառանգությանը»: Արմեն Մարտիրոսյանը հաստատեց՝ որ, իրոք, Րաֆֆի Հովհաննիսյանը ինտերնետից է տեղեկացել ՀԱԿ-ի որոշման մասին. «Նեղացնելու խնդիր չկա, մենք երեկ էլ ենք քննարկել ՀԱԿ-ի հետ միասնական գնալու խնդիրները, այնպես որ՝ խնդիր չկա»: «Չի»-ի թղթակիցը՝ հիշեցնելով, որ դեռ առավոտյան Անահիտ Բախշյանը խոսում էր առանձին եւ մրցունակ ցուցակով գնալու մասին, փորձեց պարզել՝ նշանակո՞ւմ է սա, որ «Ժառանգության» ներսում տարաձայնություններ կան: Խմբակցության ղեկավարը ասաց, որ կուսակցության ներսում միշտ էլ տարբեր կարծիքներ են լինում, արդյունքում ձեւավորվում է միասնական որոշում, եւ այդ վերջնական որոշումը կատարում են բոլորը: Արմեն Մարտիրոսյանը նաեւ ասաց. «Ժառանգությունը» միշտ էլ միասնական ցուցակի կողմնակից է եղել եւ ի սկզբանե իր խորհրդի նիստից հետո հայտարարել է դրա մասին եւ ըստ դրա էլ աշխատել է մինչեւ հիմա»:

«ՀԺ»-ի հարցին՝ բացառո՞ւմ է ՀԱԿ-ի հետ հետագա համագործակցությունը, պարոն Մարտիրոսյանը բացասական պատասխան տվեց. «Իհարկե, չեմ բացառում»: Իսկ ինչպիսի՞ համագործակցություն կարող է լինել ընդդիմության այս երկու թեւերի միջեւ. «Տարատեսակ, հեչ որ չլինի, նպատակների առումով, կարծում եմ, բոլորիս համար էլ քաղբանտարկյալների առկայությունը բացասական է, զոհերի սպանության հանգամանքներ, հրաման տվողներ, սպանողներ՝ ակտուալ են մնում, բարեփոխումների իրականացումն ակտուալ է մնում, այնպես որ՝ հենց կոնկրետ քաղաքապետի ընտրությունների հետ կապված համագործակցության եզրեր կարելի է գտնել»:

«Առավոտը» հարցրեց՝ արդյոք ՀԱԿ-ն իր որոշմամբ փաստի առա՞ջ է կանգնեցրել «Ժառանգությանը»: «Չեմ մեկնաբանի այդ հարցը»,- եղավ պատասխանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել