Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ ՎԻՐԱՎՈՐՎԵԼ ԵՆ

Մարտ 18,2009 00:00

\"\"ՀԱԿ-ի ու «Ժառանգության» տարաձայնության թիվ մեկ թեման ցուցակի առաջին հորիզոնականներն են

Մարտի 16-ի ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Հայ ազգային կոնգրեսն ու «Ժառանգություն» խորհրդարանական կուսակցությունը համաձայնության չեն եկել մայիսի 31-ին կայանալիք Երեւանի քաղաքապետի ընտրություններին միասնական ցուցակով հանդես գալու շուրջ: Հիշեցնենք, որ ՀԱԿ-ին մաս կազմող 18 կուսակցությունների առաջնորդների մասնակցությամբ տեղի ունեցած քաղաքական խորհրդի նիստում կոնգրեսականները որոշում էին կայացրել առ այն, որ ՀԱԿ-ը մասնակցելու է Երեւանի ավագանու ընտրություններին, եւ նրա համամասնական ցուցակը գլխավորելու է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: ՀԱԿ-ի այս հայտարարությունը անակնկալ է եղել «Ժառանգության» համար: Բայց նրանց առավել վիրավորել է այն, որ Կոնգրեսը հրապարակել է իր ցուցակում առաջին եւ երկրորդ տեղերը զբաղեցրած գործիչների անունները, ինչը Ր. Հովհաննիսյանի կուսակցության ներկայացուցիչները կոռեկտ չեն համարում: ՀԱԿ-ում հակադարձում են, թե իրենք «Ժառանգության» հետ որեւէ պայմանավորվածություն չեն ունեցել՝ Կոնգրեսի ցուցակը առանց «Ժառանգության» հետ համաձայնեցնելու չհրապարակելու վերաբերյալ: Կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը «Առավոտին» պարզաբանեց, որ «Ժառանգության» հետ բանակցությունները պետք է պաշտոնապես սկսվեին, երբ ՀԱԿ-ը որոշեր ընտրություններին իր մասնակցության խնդիրը, եւ այդպիսի որոշում կայացնելուց հետո իրենք հրապարակայնորեն հայտարարել են դրա մասին: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի համամասնական ցուցակը Լ. Տեր-Պետրոսյանի կողմից գլխավորելուն, ապա, Մուսինյանի ասելով, իրենք խնդիր չունեին «Ժառանգության» հետ դա համաձայնեցնելու, որովհետեւ այն եղել է Կոնգրեսին մաս կազմող ուժերի որոշումը: Մուսինյանը մանրամասնեց, որ «Ժառանգության» հետ բանակցությունները կարող էին լինել իրենց եւ այդ կուսակցության ցուցակների համադրման շուրջ: Պարզվում է՝ հենց այդ հարցում էլ կողմերը համաձայնության չեն եկել:

Երեկ «Ժառանգության» վարչության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը լրագրողների հետ իր զրույցում բացահայտել է ՀԱԿ-ի՝ միասնական նախընտրական ցուցակի վերաբերյալ կուսակցությանն արած առաջարկը. այն է՝ առաջին հորիզոնականում Լեւոն Տեր-Պետրոսյանն է, երկրորդում՝ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, իսկ երրորդում՝ «Ժառանգության» ներկայացուցիչը: Ընդ որում, համամասնական այդ ցուցակում, տիկին Բախշյանի ասելով, այս կուսակցությանը հատկացվել է ընդհանուր առմամբ 8 տեղ, ինչը, նրա համոզմամբ, «չի արտացոլում կուսակցության ներուժը»: «Ժառանգությունը» ցուցակի սեփական տարբերակն է ՀԱԿ-ին առաջարկել. առաջին հորիզոնականում՝ Արմեն Մարտիրոսյան, երկրորդում՝ Լեւոն Տեր-Պետրոսյան, երրորդում՝ Րաֆֆի Հովհաննիսյան, թեեւ վերջինս մարտի 16-ին ի պատասխան լրագրողների հարցին՝ իր կողմից «Ժառանգության» ցուցակը գլխավորելու վերաբերյալ, ասել էր, թե՝ իր անունը ընդհանրապես չի էլ քննարկվել: Այսուհանդերձ, «Ժառանգությունը» հենց իր առաջարկած ցուցակն է համարում «ավելի մրցունակ տարբերակ»՝ առանց երկար-բարակ պարզաբանումներ տալու, թե ինչու է կարծում, որ Ա. Մարտիրոսյանի գլխավորած ցուցակն ավելի իմաստալից եւ հաղթական է, քան այն, որը կգլխավորեր Լ. Տեր-Պետրոսյանը: ՀԱԿ-ը, բնականաբար, այս տարբերակը մերժել է: Կոնգրեսում շատերն են վիրավորական եւ անընդունելի համարում «Ժառանգության» առաջարկը:

Մի բան ակնհայտ էր դեռ մինչեւ ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» միջեւ մարտի 16-ի երեկոյան տեղի ունեցած բանակցությունները: Նույն օրը ցերեկը ՀԱԿ-ի ցուցակի եւ դրա առաջին-երկրորդ հորիզոնականներում տեղ զբաղեցրած գործիչների անունների հրապարակումից հետո արդեն «Ժառանգությունը» ակնարկել էր, որ բանակցությունները կարող են տապալվել: Այսպես, «Panorama. am»-ի փոխանցմամբ, այդ օրը ԱԺ-ում Ր. Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե իրենք «հաղորդակցության օղակները բաց են պահելու» եւ կողմնակից են լսելու թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական դաշտի բոլոր ուժերի տեսակետները, որ մեխանիկական միասնությունը չի կարող հաղթանակի գրավական լինել, որովհետեւ անհիմն է կարծել, թե «կարելի է 2 անուն կողք կողքի բերել ու հաղթանակ տանել»: Ըստ նրա, պետք է ավելի շրջահայաց, կոշտ եւ սառը դատողության վրա հիմնված որոշում կայացնել, իսկ «մինչեւ հիմա չի երեւում ցանկացած կողմի վերլուծության ունակությունը»:

Այսօր ընդդիմադիր դաշտում շատերն են հակված կարծելու, որ դեռ մինչեւ բանակցությունները «Ժառանգության» համար ակնհայտ է եղել, որ իրենք ՀԱԿ-ի հետ համաձայնության չեն գալու, եւ դա իշխանությունների հետ բանակցությունների արդյունք է: Իսկ երեկ ասուլիսում Տիգրան Կարապետիչն է հայտարարել, որ ՀԱԿ-ին չմիանալու «Ժառանգության» որոշումը «պարզապես դավաճանություն է»: Նրա գնահատմամբ, դրանով «Ժառանգությունը» ապացուցում է, որ իրական ընդդիմություն չէ»:

Ու թեեւ ե՛ւ ՀԱԿ-ում, ե՛ւ «Ժառանգությունում» բանակցություններն ավարտված ու կամուրջները վերջնականապես այրված չեն համարում, բայցեւ ակնհայտ է, որ փոխադարձ վիրավորվածության զգացում երկուստեք կա: Հավելենք միայն, որ «Առավոտի» տեղեկություններով, «Ժառանգություն» կուսակցության անդամների մի ստվար հատված պնդում է ՀԱԿ-ի հետ միասնական ցուցակով եւ Լ. Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ ընտրություններին մասնակցելու անհրաժեշտությունը: Այս խնդրի շուրջ քննարկումները կուսակցությունում դեռ շարունակվում են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել