Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱԽՎԱԾ Է ՍՈՒԲՅԵԿՏԻՎ ՈՐՈՇՈՒՄԻՑ

Մարտ 18,2009 00:00

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը չի թաքցնում, որ ցանկացած օրենքի դեպքում կարեւորը լինելու է դատախազի սուբյեկտիվ որոշումը:

\"\"– Որո՞նք են այն տարբերությունները, որոնք առկա են 225 եւ 300 հոդվածների փոփոխությունների առաջինից երկրորդ ընթերցում հասած նախագծերի միջեւ:

– Հիմնական տարբերությունն այն է, որ մենք տալիս ենք զանգվածային անկարգություններ հասկացության սահմանումը: Այսօր 225 հոդվածում զանգվածային անկարգություններ հասկացությունն ամենեւին տրված չէ, եւ պատահական չէ, որ Վենետիկի հանձնաժողովն իր եզրակացության մեջ նշում է, որ այդ հոդվածը չի նախատեսում զանգվածային անկարգությունների սահմանում, եւ պարզ չէ, թե ժամանակային կամ տարածական ինչ կապ պետք է գոյություն ունենա զանգվածային անկարգության եւ բռնության, ջարդերի, հրկիզումների, գույք ոչնչացնելու կամ վնասելու միջեւ: Դրանով պայմանավորված էլ մենք առաջարկում ենք տալ այդ սահմանումը եւ տալիս ենք այն: Համաձայն մեր առաջարկության, սահմանվում է, որ զանգվածային անկարգություններ են համարվում բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով կամ վնասելով, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելով, կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված մեկից ավելի անձանց գործողությունները, որոնց հետեւանքով վտանգվում է հասարակական անվտանգությունը: Դրանով պայմանավորված՝ փոփոխություն է տեղի ունենում նաեւ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում: Ինչ վերաբերում է հոդվածի 3-րդ մասին՝ սպանություններով զուգորդված զանգվածային անկարգության կազմակերպում կամ գործողությունների իրականացում, ապա այդ մասը առաջին ընթերցման ժամանակ մեր կողմից առաջարկվել է ուժը կորցրած ճանաչել: Սա թերեւս ամենահիմնական փոփոխությունն է, որը տեղի է ունեցել նախագծում: Սակայն մի շարք այլ դիտողություններ եւս մենք ստացել ենք Վենետիկի հանձնաժողովի փորձագետներից եւ փորձել ենք ամրագրել այդ առաջարկությունները: Մասնավորապես, խոսքը վերաբերում է չսահմանված կարգով անցկացվող հրապարակային միջոցառմանը: Մենք ունեինք մեկ դրույթ, համաձայն որի՝ ոստիկանության ներկայացուցչի որոշմանը չենթարկվելուն ուղղված կոչերը պետք է պատժվեն: Սակայն փորձագետները շատ կարեւոր կետի վրա մեր ուշադրությունը հրավիրեցին, այն է՝ խոսքը պետք է վերաբերվի օրինական որոշմանը: Եվ մենք այդ ամրագրեցինք: Դա չի նշանակում, որ ոստիկանության ներկայացուցչի որոշման օրինականությունը տեղում պետք է անձը ստուգի: Ոչ, բայց եթե հետագայում պարզվում է, որ այդ որոշումն օրինական չէր, ապա քրեական պատասխանատվություն այդ որոշմանը չենթարկվելուն ուղղված կոչերի համար չի կարող լինել: Որոշակի հստակեցում մտցրեցինք սահմանադրական կարգի տապալմանը վերաբերող հոդվածում: Նախկինում մենք խոսում էինք սահմանադրության առաջին եւ երկրորդ հոդվածների մասին, իսկ ներկայումս խոսում ենք 1-ից 5-րդ եւ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որեւէ մի նորմի փաստացի վերացման մասին: Բայց որպեսզի ավելի պարզ լինի, թե մենք ինչ ենք հասկանում նորմի փաստացի վերացման տակ, ավելացնում ենք, որ «արտահայտվում է իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցմամբ»: Վաղը (արդեն այսօր- Մ. Ե.) խորհրդարանը կքվեարկի այս նախագիծը, որից հետո արդեն, կարծում եմ, կհետեւեն դատախազության որոշակի գործողությունները, որպեսզի համապատասխանեցվի մեղադրանքը օրենքը ուժի մեջ մտնելուց հետո առկա ձեւակերպումներին:

– Դուք կանխեցիք իմ հարցը՝ ինչպե՞ս է ազդելու օրենքի փոփոխությունը «7»-ի գործի վրա:

– Թե ինչպես պիտի ազդի, ես չէի ուզենա ասել, չեմ ուզում արտահայտել իմ դիրքորոշումը, որովհետեւ սա դատախազության իրավասության տակ է, եւ դատախազն ինքը պետք է որոշի, թե ինչ պետք է անի: Յուրաքանչյուրն զբաղվում է իր գործով, ԱԺ-ն հստակեցում է կատարում, եւ Վենետիկի հանձնաժողովի գնահատականը դրական է այս առումով, դատախազությունը պետք է անի իր գործը:

– Դուք ասում եք՝ դատախազությունը պետք է որոշի, սակայն, կարծես, օրենքը պետք է որոշի եւ ոչ թե դատախազությունը, դատախազությունը պարտավոր չէ՞ օրենքով առաջնորդվել:

– Միանշանակ, ուղղակի ինչ ձեւով է դատախազությունը համապատասխանեցնելու մեղադրանքը՝ դա կորոշի դատախազությունը, հաշվի առնելով այն ապացույցները, որ ունի իր տրամադրության ներքո:

– Այսինքն՝ սուբյեկտիվիզմը չի՞ բացառվում:

– Ընդհանրապես, քրեական դատավարությունում ամեն ինչ կառուցված է սուբյեկտիվ գնահատականների վրա, այդ թվում նաեւ՝ դատավճիռները: Սուբյեկտիվ գնահատականի արդյունքն է՝ ապացուցվա՞ծ է մեղադրանքը, թե՞ ոչ, ի՞նչ աստիճանի պատասխանատվություն պետք է վրա հասնի, ինչպիսի՞ պատիժ պետք է սահմանվի, պե՞տք է արդյոք անձը արդարացվի. այս ամենը դատարանում սուբյեկտիվ գնահատականների վրա է կառուցված:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել