Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՐԱԽՃԱՆՔԻՑ՝ ՔՈՒՆ ՈՒ ԴԱԴԱՐ ՉՈՒՆԵՆ

Մարտ 17,2009 00:00

Չնայած քաղաքային իշխանությունները վստահեցնում են, որ շենքերի նկուղներում գործող օբյեկտների տերերին կարգի են հրավիրել, եւ այլեւս որեւէ բնակիչ չի տուժում այդ օբյեկտների գործունեությունից, սակայն օրերս «Առավոտի» խմբագրություն դիմած Բաղրամյան պողոտայի թիվ 2 շենքի 4-րդ եւ 5-րդ մուտքերի բնակիչներն ամեն գիշեր իրենց նկուղում տեղի ունեցող խրախճանքներից քուն ու դադար չունեն:

«Մենք բոլորս զայրացած ենք շենքի նկուղում տեղակայված «Պիոներ» բար-ռեստորանի գիշերային գործունեությունից, որը թույլ չի տալիս մարդկանց գիշերը հանգիստ քնել։ Մենք բազմիցս դիմել ենք թաղապետարան եւ քաղաքապետարան՝ այդ հարցով։ Նախկինում բնակարաններում մի քանի անգամ անցկացվեցին լսվող աղմուկի չափումներ, որոնց արդյունքները ներկայացվեցին թաղապետարան եւ քաղաքապետարան։ Այդ չափումները վկայում էին բոլոր նորմերի խախտումների մասին, սակայն մեր դիմումները ուղղակի անտեսվեցին։ Բար-ռեստորանից լսվող աղմուկն ու ռիթմիկ երաժշտությունը շարունակում է մեզ խանգարել։ Ընդ որում, այդ աղմուկը երկարատեւ է, սկսվում է երեկոյան եւ չի դադարում մինչեւ առավոտ։ Այնպիսի ձայներ են, որ կարծես քո տան նկուղում գործում է դարբնոց։ Ձայներն անցնում են պատերով եւ լսվում բոլոր հարկերում։ Աղմուկից առաջացած վիբրացիան վնասում է նաեւ շենքի ամրությանը՝ որոշ բնակարաններում առկա են դրա հետեւանքները։ Եվ սա կատարվում է ամեն օր, ավելի ճիշտ՝ ամեն գիշեր, քանի որ այդ աղմկոտ օբյեկտը աշխատում է առանց հանգստյան օրերի։ Այս բոլորին գումարած՝ այդ կետը սպասարկող մեքենաների եւ տաքսիների գիշերային աղմուկը, հարբած հաճախորդների փողոցային ու աղմկոտ պահվածքը եւ մի շարք այլ բացասական երեւույթներ: Ամբողջ օրն աշխատող հզոր օդափոխիչների աղմուկը, ռեստորանի տհաճ հոտերը եւ շենքի 5-րդ մուտքի հակասանիտարական վիճակը. ահա այսպիսին է ընդհանուր պատկերը։ Բնակիչների բողոքները՝ բար-ռեստորանի տնօրինությանը, անօգուտ են, նրանք իրենց գործն են առաջ տանում։ Իսկ անքնությունը եւ անհանգիստ վիճակը բնակիչների մոտ առաջացրել են սրտանոթային եւ նյարդային հիվանդություններ։ Պահանջում ենք վերջ տալ այս ամենին:

Պահանջում ենք դադարեցնել մեր նկուղում գտվող այս չարաբաստիկ գիշերային բար-ռեստորանի գործունեությունը։ Անհրաժեշտ է դուրս բերել այն բնակելի շենքի տարածքից եւ ապահովել մեր գիշերային հանգիստը։ Բավական է ոտնահարել մեր՝ գիշերը հանգիստ քնելու իրավունքը»,- դժգոհեցին բնակիչները։ Նրանք այս հարցով դիմել են նաեւ ՀՀ նախագահին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել