Պարզվում է՝ Հայաստանում Մանուկների թագավորություն կա՝ իր 250 «բնակիչներով»: Թերահավատները կարող են այցելել Էջմիածին, Շահումյան 36 եւ դրանում անձամբ համոզվել: Այստեղ ամեն ինչի մեջ՝ շինությունից մինչեւ հանդերձանք, թագավորական շունչ կա:
Թագավոր, իշխաններ, նաժիշտներ… մեկ տարի առաջ էլ արքունիքում դեսպաններ հայտնվեցին: Բոլոր երեխաները Էջմիածնի եւ հարակից բնակավայրերի դպրոցականներ են, որոնք այստեղ «ապրում» են դասերից հետո՝ ազատ ժամերին: Անցած հանգստյան օրերին էլ «տուն» վերադարձավ Մանուկների թագավորության խորհրդանիշ Փոքրիկ Իշխանը: Նրա այցին սպասում էին. նույնիսկ հատուկ պատրաստվել էին: 12-ամյա թագավորի եւ Փոքրիկ Իշխանի հանդիպումն անցավ անկաշկանդ մթնոլորտում: «Պաշտոնական» հանդիպմանը ներկա էին նաեւ Մանուկների թագավորության փոքրիկ դեսպանները: Վերջիններս, չնայած իրենց մեկամյա գործունեությանը, արդեն հասցրել են հանդիպումներ ունենալ Հայաստանում գտնվող դիվանագիտական ներկայացուցչություններում:
Փոքրիկ դեսպան Կարեն Ավագյանը, օրինակ, վերջերս հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի եւ Ուկրաինայի դեսպանատներում, զրուցել դիվանագետների հետ՝ ներկայացրել իրենց թագավորությունը: «Մեր նպատակն է ողջ աշխարհում մշակութային երկխոսություն սկսել մեր հասակակիցների հետ: Նրանց հրավիրել այստեղ, ներկայացնել մեր երկիրն ու մշակույթը: Այնքան շատ բան կա միմյանց փոխանցելու: Այնքան կարեւոր եմ համարում աշխարհաճանաչողությունը՝ հենց մեր տարիքից սկսած: Հավատում եմ, որ եթե աշխարհի մանուկներն իրար ճանաչեն վաղ տարիքից, ավելի կսիրեն միմյանց… Չնայած մեծերն ասում են, թե՝ քաղաքականության մեջ սերը կատեգորիա չէ, բայց ես կարծում եմ, որ հենց սիրո պակասն է այդքան չար ու դաժան դարձրել մարդկանց»,- ասում է Կարենը:
Շարունակելով դեսպան Կարենի բացած թեման, Գեւորգյան հոգեւոր ճեմարանի տեսուչ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, որը ներկա էր Փոքրիկ Իշխանի հյուրընկալությանը, ասաց. «Մենք չենք կարող ասել, թե ինչպիսին կլինի սերունդը տարիներ հետո: Երեխաները շուտ են ընդօրինակում հերոսներին, հետեւաբար՝ գողականներին ու մաֆիոզներին հերոսացնող փողոցն ու հեռուստատեսությունն են դառնում այն միջավայրը, որտեղ դաստիարակվում է երեխան: Բայց եթե կարելի է ընդօրինակելի դարձնել փոքրիկ իշխաններին ու մշակութային երկխոսություն սկսած մանուկ դեսպաններին, ինչո՞ւ դա չանել: Եթե երեխան պետք է ընդօրինակի, թող ընդօրինակի լավը, ազնիվը: Այնպես որ, ես ողջունում եմ այս գաղափարի ծնունդը, որի հեղինակը «Հայ միասնության խաչ» հասարակական կազմակերպությունն է»:
Փոքրիկ դեսպաններ ունենալու գաղափարը ողջունել են նաեւ այն դեսպանատներում, որտեղ ներկայացվել են Մանուկների թագավորության դեսպանները: