Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ԽՈՒՄԱՐՈՎ ՏԱՌԱՊՈՂՆԵՐԻՆ

Մարտ 17,2009 00:00

Եվ ոչ միայն…

Օրեր առաջ տոնեցինք մարտի 8-ը՝ Կանանց միջազգային օրը, բայց մինչեւ ապրիլի 7-ը հայ տղամարդիկ հնարավորություն ունեն շնորհավորելու իրենց սիրելի կանանց եւ աղջիկներին միամսյակի կապակցությամբ։ Կհարցնեք՝ «ինչո՞ւ տղամարդիկ». չար լեզուներն ասում են, որ տղամարդիկ «միամսյակը» իրենց համար են մոգոնել, որ որքան ուզեն՝ այնքան խմիչք ըմբոշխնեն։ Յուրաքանչյուր կնոջ՝ տոնի առթիվ շնորհավորելիս, եթե թեկուզ մեկ բաժակ ալկոհոլ խմվի՝ որպես հարգանքի նշան (իսկ եթե օրվա ընթացքում դրանք մի քանիսն են), ապա երեկոյան տունդարձի ժամանակ այդ բաժակների գումարը կկազմի անհաշիվ…

Ուրեմն եկեք զինվենք համբերությամբ եւ որոշ գիտելիքներով, որպեսզի կարողանանք ժամանակին ու ճիշտ պայքարել խումարի դեմ ու փրկել մեր բոլորի տոնական տրամադրությունը:

Քրոնիկ ալկոհոլիկներին խումարը տանջում է անդադար: Գլխացավ, դող, ստամոքսի թուլացում, ձեռքերի դող, դեպրեսիա, սրտխփոցներ եւ այլն. ահա սպիրտայինի չարաշահման տիպիկ նշանները:

Ու մինչ նա մի բաժակ չկոնծի՝ այս երեւույթները չեն անցնի: Սակայն նորմալ մարդու դեպքում, որը միայն առիթից առիթ է ոգելից խմիչք օգտագործում, խումարն առաջանում է հետեւյալ դեպքերում.

– ոչ որակյալ ոգելից խմիչքներից, որոնցում վնասակար խառնուրդների պարունակությունը գերազանցում է նորման,

– ոգելից խմիչքների չարաշահումից,

– սոված, դատարկ ստամոքսով ալկոհոլ գործածելու դեպքում,

– տարբեր սպիրտային խմիչքներ խառնելու դեպքում, օրինակ՝ գարեջուր եւ օղի, շամպայն եւ օղի,

– ալկոհոլի եւ որոշ դեղորայքների միաժամանակ գործածման պարագայում:

Խումարից խուսափելու առաջին պայմանը, անշուշտ, ամեն ինչում չափը ճանաչելն է:

Ոգելիցի ընդունման դեպքում ի՞նչ է տեղի ունենում. բերանի խոռոչում ներծծվում է մինչեւ 5% սպիրտ, եւս մոտ 25% ներծծվում է ստամոքսում, իսկ մնացածը աղիներից անցնում է արյան մեջ: Հետեւաբար խմելու ընթացքում՝ «կարգին» ուտելու դեպքում, հարբածությունը, որպես կանոն, պակաս արտահայտիչ է, իսկ հաջորդ առավոտ ձեզ չեն տանջի խումարի տհաճ զգացողությունները:

Ալկոհոլի ներծծմանը չափազանց լավ խոչընդոտում են կարտոֆիլը, միսը (հատկապես՝ խոզի) եւ բարձր յուղայնություն պարունակող մյուս մթերքները:

Արժե՞, արդյոք, օղու հետ մի փոքր ջուր կամ հյութ խմել։ Այս հարցում միասնական կարծիք չկա, քանզի յուրաքանչյուրիս օրգանիզմը յուրահատուկ է. մարդկանց մեծ մասն ավելի դանդաղ է հարբում, եթե խմելու ընթացքում գործածում է մեծ քանակությամբ հեղուկ…

Անթույլատրելի է ալկոհոլի գործածումը դեղորայքի հետ համատեղ: Օրինակ, ոգելից խմիչքի հետ կլոֆելինի զուգակցումը անմիջապես զարկերակային ճնշման անկում է առաջացնում: Այս հնարքը շատ հաճախ կիրառում են բանտարկյալները: Կարճ ասած՝ եթե դեղորայք եք ընդունել, ապա ավելի լավ է խուսափեք ալկոհոլից: Գրեթե բոլոր ոգելից խմիչքները հացօղու խառնուրդներ եւ զանազան սպիրտներ են պարունակում: Դրանց համադրությունը գինուն անկրկնելի համային փունջ է հաղորդում, սակայն հենց դրանք էլ թուլացնում են ստամոքսի լորձաթաղանթի հատկությունները, այդ պատճառով աշխատեք երբեք չխառնել տարբեր տեսակի սպիրտային խմիչքները:

Թող որ ոգելիցը միշտ տոնական տրամադրություն առաջացնի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել