Լրահոս
Օրվա լրահոսը

Գտնվել է գենը, որը «պատասխանատու» է դեպրեսիայի համար

Մարտ 17,2009 00:00

Աստղերը՝ դեպրեսիայի մասին

Գնալով ավելի շատ ճանաչված մարդիկ են առանց քաշվելու մամուլում պատմում իրենց հոգեկան շեղումի եւ դեպրեսիայի մասին: Բրիտանական հանրահայտ «The Independent» թերթը տեղեկություններ է հավաքել կինոյի, շոու-բիզնեսի եւ սպորտի 31 ներկայացուցիչների վերաբերյալ: Նրանք բոլորն էլ պատմել են, թե որքան ծանր է ընկճվածության ու շփոթված վիճակում լինելը, ինչքան երկար կարող է տեւել դեպրեսիան, եւ ինչով է պայմանավորված դրա առկայությունը:

Բժիշկները դեպրեսիան բնութագրում են որպես տխրության, ընկճվածության, անկումային տրամադրության, անուժ եւ ֆիզիկական վատ ինքնազգացողության վիճակ, որը ուղեկցվում է մտածելու դժվարությամբ, ակտիվության եւ նախաձեռնության անկումով:

Հիշեցնենք, որ վերջերս գիտնականներին հաջողվել է գտնել այն գենը, որը «պատասխանատու» է դեպրեսիայի վիճակի համար: Հետազոտություններով զբաղվող Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականների խումբը հույս ունի, որ ապագայում կառաջարկի դեպրեսիայից բուժվելու նոր մոտեցումներ: Վերջին տվյալներով, դեպրեսիայով տառապում է մոտ 2 մլն ամերիկացի: Դեպրեսիայի հակում ունեցող մարդկանց մեջ հիվանդությունը ի հայտ է գալիս հիմնականում գարնանը եւ աշնանը: Եթե դեպրեսիան թեթեւ է՝ կապված երկարատեւ ձմռան հետ, ապա բավական է ընդունել վիտամիններ, զբաղվել սպորտով, գտնել ինչ-որ զբաղմունք: Իսկ եթե հոռետեսությունն ու տրամադրության անկումը ուղեկցվում են քնի խանգարումով, ախորժակի անկումով եւ այլ լուրջ նշաններով, ապա պետք է անմիջապես դիմել բժշկի եւ ստանալ բուժում: Պայքարել ծանր դեպրեսիայի դեմ՝ հաճախ հնարավոր է միայն համալիր միջոցներով, որը ներառում է սննդակարգի եւ կենսակերպի փոփոխություն, ինչպես նաեւ հակադեպրեսանտների ընդունում: Դեպրեսիայի ընթացքում ընկնում է տրամադրությունը, երեւան է գալիս ապատիա, հոռետեսություն, թերարժեքություն, եւ մարդը շեղվում է իր սովորական աշխատանքային ռիթմից: Շատ երկրներում դեպրեսիան սկսել են բուժել լույսի օգնությամբ, քանի որ կա տարածված տեսություն, թե այն առաջանում է լույսի բացակայությունից:

Ահա թե ինչ են պատմում աստղերը դեպրեսիայի եւ հոգեկան խանգարումների մասին:

Ջորջ Մայքլ, երգիչ. «Վախի, դեպրեսիայի եւ այլանդակությունների 12 տարի: Կարծես ինձ վրա ինչ-որ անեծք կար: Ես չէի կարողանում հավատալ, որ Աստված այդ ամենը միանգամից թափել է գլխիս»:

Ումա Թուրման, դերասանուհի. «Դա ծանր ժամանակաշրջան էր, թվում էր՝ ոչ մի հեռանկար չկար: Բայց մենք կարողացանք հաղթահարել»:

Պոլ Գասկոյն, ֆուտբոլիստ. «Ամենուր, որ կողմ նայում էի, կյանքը թվում էր խնդիրներով լի, իսկ դրանք անընդհատ կուտակվում ու կուտակվում էին: Ոչ մի հույս, որ ինչ-որ բան կփոխվի դեպի լավը»:

Ռասսել Գրանտ, հեռուստահաղորդավար. «Դա լաբիրինթոս է, քաոս: Երբեմն միեւնույն է՝ դու կենդանի՞ ես, թե՝ մեռած»:

Ֆրենկ Բրունո, նախկին բռնցքամարտիկ. «Դա կարծես եռացող թեյնիկ լինի: Եթե թեյնիկ լիներ, դու ուղղակի կանջատեիր, հասկանո՞ւմ եք, ինչի մասին եմ ես ասում: Ես ցանկանում էի անցք բացել իմ գլխին, որպեսզի գոլորշին դուրս գար: Եռալը շարունակվում էր, ճնշումը հասնում այնպիսի կետի, որ ես չէի կարողանում ինձ կառավարել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել