Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԵԽԱՆ ՊԵՏՔ Է ԾՆՎԻ ԵՐԿՈՒՆՔԻ ՑԱՎԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ

Մարտ 17,2009 00:00

Ըստ բժշկի՝ բնությունն այսպես է նախատեսել

Դեռեւս երկու տարի առաջ ծանոթներիցս մեկը՝ շվեդաբնակ հայուհի Նաիրան, երեխա ունեցավ: Ամիսներ անց պարզվեց, որ երեխան առողջական խնդիրներ ունի: Ծանոթուհուս անհանգստացած մայրը երեխայի առողջական խնդիրները վերագրեց աղջկա՝ կեսարյան հատումով ծննդաբերելուն: Հասարակության մեջ տարածվեցին ասեկոսեներ, թե կեսարյան հատումով երեխաները հետագայում առողջական խնդիրներ են ունենում՝ թուլակազմ են լինում, շուտ են հիվանդանում, մշտապես ջերմում են, սրտի անբավարարությամբ են տառապում եւ այլն: Այժմ տարածված է, որ հիմնականում երիտասարդները երեխա ունենալու համար դիմում են բժշկական միջամտության, որպեսզի ծննդաբերությունից հետո չփչանա նրանց կազմվածքը: Շատերի համոզմամբ՝ բնական ճանապարհով ծննդաբերելիս կանայք գիրանում են, որովայնի շրջանում ճարպեր են առաջանում, մաշկը թուլանում է եւ այլն: Արդյո՞ք վերը նշվածը համապատասխանում է իրականությանը, ի՞նչ խնդիրներ ունեն կեսարյան հատումով ծնված երեխաները, ու ո՞ր պարագայում են բժիշկները դիմում կեսարյան հատման: Ապագա մայրերին եւ կեսարյան հատումով ծննդաբերած կանանց անհանգստությունը մեղմելու համար նրանց մտահոգող հարցերի շուրջ «Առավոտը» զրուցեց թիվ 1 կլինիկական հիվանդանոցի ընտանիքի պլանավորման եւ սեռական առողջության կենտրոնի՝ հղիության պաթոլոգիայի բաժանմունքի վարիչի հետ (բժիշկը չցանկացավ, որ հրապարակվի իր անունը):

Բժշկի խոսքով, մինչեւ կեսարյան հատման հետեւանքների մասին խոսելը, նախ ծննդաբերել պատրաստվող կնոջ համար պետք է պարզել՝ ինչ ասել է կեսարյան հատումը. «Դա վիրահատություն է, որն ունի ցուցումներ ու հակացուցումներ: Առանց ցուցումների՝ ոչ մի կին չի գնում կեսարյան հատման: Կան կեսարյան հատման բացարձակ եւ հարաբերական ցուցումներ: Հարաբերականի դեպքում՝ կնոջ, ինչպես նաեւ նրա հարազատների որոշումը, համաձայնությունը կամ վիրահատության դեմ լինելը ունի որոշակի նշանակություն. եթե կինը չի համաձայնում վիրահատվել, նրան ոչ ոք չի վիրահատում: Բայց այս դեպքում հաշվի է առնվում կնոջ տարիքը, պտղի հետույքային առաջադրությունը, կինը հնարավորություն ունի՞ ինքնուրույն ծննդաբերելու, թե՝ ոչ, ինչի պարագայում ռիսկն ավելի շատ է ծննդաբերական գործունեության բարդություններ, պտղի հետ կապված բարդություններ առաջանալու դեպքում: Բացարձակ ցուցումների դեպքում կնոջ կարծիքը, կարելի է ասել, հաշվի չի առնվում. եթե կինն արյունահոսում է, ճնշումը շատ բարձր է, ցնցումային սինդրոմի մեջ է, այս դեպքում ծննդաբերող կնոջը ոչ ոք չի էլ հարցնում՝ ցանկանո՞ւմ ես վիրահատվել, թե՞ ոչ: Սա այն բացարձակ դեպքերից է, որ կինն անգիտակից է»: Բժշկի ձեւակերպմամբ, գոյություն ունեն նաեւ վիրահատության պլանային եւ էքստրիմ ձեւերը. «Եթե ծննդաբերող կնոջ մոտ մինչ այդ ամեն ինչ եղել է նորմալ եւ նորմալ ընթացքով էլ նա մտել է ծննդաբերության մեջ, բայց ընթացքում սկսվել է արյունահոսություն՝ այս դեպքում նա գնում է շտապ վիրահատության: Իսկ եթե կինը հղիության ընթացքում հետազոտված է եւ փոքր ժամկետից էլ հնարավոր է ճշտել, որ նրա մոտ կա ասենք պլացենտայի առաջադրություն, տվյալ պարագայում բժիշկը նախօրոք իմանում է, որ ծննդաբերությունը պետք է լինի կեսարյան հատումով: Սա հենց պլանային վիրահատությունն է»: Ինչ վերաբերում է այդ ճանապարհով ծնված երեխաների առողջական խնդիրներին, մեր զրուցակիցն ասաց. «Նախ պետք է հաշվի առնել, որ կինը, եթե գնում է կեսարյան հատման, ուրեմն այդ վիրահատության համար պատճառներ կան, այսինքն, նա ունի խնդիրներ՝ հղիության շեղումների տեսքով, օրինակ, ծանր տոքսիկոզ է տարել, տարիքային տարբերություն կա. մի բան է 18-ամյա աղջկա ծննդաբերությունը, մեկ այլ բան՝ 40 եւ ավելի տարիք ունեցողինը: Պտղի վիճակը պայմանավորված է հղիության ընթացքում իր ինքնազգացողության հետ: Կեսարյան հատումով ծնված երեխաների ադապտացիոն շրջանը՝ առաջին երկու օրերը, մի փոքր դժվար է ընթանում, այսինքն՝ նրանց առաջնային քաշի կորուստը ավելի շատ է լինում, քան բնական ճանապարհով ծնվածինը, որը հետո մեծ դժվարությամբ է վերականգնվում: Օրինակ՝ եթե ծննդաբերությունից հետո նորմալ ճանապարհով ծնված երեխան երրորդ օրվանից է սկսում քաշ հավաքել, ապա կեսարյանով ծնվածը՝ չորրորդ, հինգերորդ օրից: Իսկ սրտի անբավարարության, մտավոր հետամնացության խնդիրներ այդ երեխաները չեն ունենում, այսինքն՝ հետագայում երեխայի մոտ գլուխ բարձրացրած առողջական խնդիրները կեսարյան հատման ճանապարհով ծնվելու հետեւանք չեն: Դրանք ժողովրդի հնարովի ասեկոսեներ են»:

Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք, արդյո՞ք լինում են դեպքեր, որ ծննդաբերող մայրերը դիմում են կեսարյան հատման՝ ցավերից խուսափելու, կազմվածքի հետ կապված հետագա թերություններից ձերբազատվելու պատճառով: Բժիշկն ասաց. «Այո, դիմում են: Մենք կոնսուլտացիաների ընթացքում բացատրում ենք, որ դուք չունեք խնդիրներ, պտուղը նույնպես, բայց պատահում են այնպիսիները, որոնք այդ միտքը որդեգրած գալիս են, եւ նրանց հակառակը համոզել չի լինում: Կեսարյան հատումը համարվում է պտղի ծնվելու ավելի խնայողական եւ հեշտ ձեւ: Կեսարյան հատումով ծննդաբերել՝ չի նշանակում ազատվել ցավերից, միեւնույն է՝ վիրահատություն է, հետո շուրջ երկու ամիս վիրահատած շրջանում ցավեր են լինում, այսինքն՝ այդ պարագայում էլ ցավերից չես ազատվում: Կազմվածքի առումով էլ՝ կեսարյանի դեպքում կար է մնում մարմնի վրա: Ամեն դեպքում բնությունը նախատեսել է այնպես, որ երկունքի ցավերի արդյունքո՛ւմ ծնվի երեխան»:

Նշենք, որ 2008 թվականի նոյեմբերին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ծննդատանը ծնվել է 65 երեխա, որից 9-ը՝ կեսարյան հատումով: «Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում» էլ այս տարվա հունվար ամսին ծնվել է 225 երեխա, որից 51-ը՝ կեսարյան հատման ճանապարհով: Ըստ բժիշկների, չնայած վիրահատական միջամտությամբ ավելի հեշտ է դառնում լուծել մանկաբարձական իրավիճակը, սակայն դրանից հետո մայրերի մոտ են հաճախ խնդիրներ առաջանում՝ մասնավորապես հակաբեղմնավորիչների օգտագործման հետ կապված: Ըստ մասնագետների, կեսարյան հատումով ավարտված ծննդաբերություններից հետո առնվազն 1-2 տարի չի թույլատրվում երեխա ունենալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել