«ՄԱՔՈՒՐ» ՉՈՐՐՈՐԴ ՏԵՂՈՒՄ
Եվրոպայի լավագույն շախմատիստուհիները տղամարդկանց հետ զուգահեռ Սանկտ Պետերբուրգում վիճարկում են կանանց Եվրոպայի անհատական առաջնության չեմպիոնի կոչումը:
Այնտեղ խաղացված յոթերորդ տուրում մինչ այդ առաջատարի դերում հանդես եկող Լիլիթ Մկրտչյանը զիջեց Հոան Տհան Չանգին ու եւս 11 շախմատիստների հետ հայտնվեց նրան հետապնդողի դերում: Նույն օրը հաղթանակ տոնեցին Լիլիթ Գալոյանն ու Աննա Հայրապետյանը, որոնք այդպես զգալիորեն բարելավեցին մրցաշարային աղյուսակում իրենց դիրքերը: Յոթերորդ տուրից հետո Լիլիթ Մկրտչյանն ընթանում էր երրորդ տեղում՝ 5,5 միավոր, երկրորդ լավագույն ցուցանիշը Նելլի Աղինյանինն էր՝ 4,0 միավորով՝ 49-րդ հորիզոնական, իսկ Լիլիթ Գալոյանը՝ 87-րդ տեղ, Աննա Հայրապետյանը՝ 91-րդ եւ Սիրանուշ Անդրեասյանը՝ 95-րդ, վաստակել էին 3,5-ական միավոր:
Երեկ, ութերորդ տուրում Մկրտչյանն ուժերը չափում էր ռումինուհի Քրիստինա-Ադելա Ֆուազորի, Նելլի Աղինյանը՝ բելառուսցի Նատալյա Պոպովայի, իսկ Լիլիթ Գալոյանը սեւ խաղաքարերով հանդիպելու էր Ուկրաինայի ներկայացուցիչ Լյուբով Կոստյակովայի հետ: Կեսգիշերին մոտ պարզ դարձավ, որ Մկրտչյանը ոչ-ոքի է գրանցել, Աղինյանն ու Գալոյանը հաղթանակներ են տոնել: