Արոնյանն առաջատարների մեջ է
Ֆրանսիայի Նիս քաղաքում մեկնարկել է շախմատի աշխարհի խոշորագույն մրցաշարերից մեկը՝ «Amber»-ը, որին մասնակցում են ժամանակակից շախմատի խոշորագույն 12 ներկայացուցիչները:
Մասնակիցները պայքարում են «կույր» եւ արագ շախմատային մրցաձեւերում: Մեկնարկային տուրում Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը, որը օրերս Լինարեսում անցկացված մեկ այլ խոշոր մրցաշարում իր հնարավորություններից թույլ էր հանդես եկել, երկու անգամ առավելության հասավ Ուկրաինայի առաջատար գրոսմայստեր Վասիլի Իվանչուկի նկատմամբ: Հաջորդ օրը Լեւոնը «կույր» շախմատում տանուլ տվեց հունգարացի Պետեր Լեկոյին, սակայն մի քանի ժամ անց «վրեժխնդիր» եղավ արագ շախմատում:
Երկու տուրից հետո մրցաշարային աղյուսակը 3,0-ական միավորով գլխավորում էին Արոնյանն ու ռուսաստանցի Ալեքսանդր Մորոզեւիչը: Մյուս գրոսմայստերները նրանց հաջորդում էին հետեւյալ հերթականությամբ. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) եւ Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 2,5-ական միավոր, Պետեր Լեկո, Մագնուս Կարլսեն (Նորվեգիա), Վեսելին Տոպալով (Բուլղարիա), Սերգեյ Կարյակին (Ուկրաինա)՝ 2,0-ական, Գատա Կամսկի (ԱՄՆ), Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան)՝ 1,5-ական, Վան Յուե (Չինաստան), Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա)՝ 1,0-ական:
Երեկ կայացած երրորդ տուրում Արոնյանի մրցակիցը ամերիկացի Գատա Կամսկին էր: Ուշ երեկոյան ուրախությամբ պարզեցինք, որ մեր շախմատիստը «կույր» շախմատում հաղթել է ամերիկացուն, իսկ «արագի» տվյալները կեսգիշերին դեռ չկային:
Մեդալի հույսեր դեռ կան
Բուդվայում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց 10-րդ անհատական առաջնությունը մոտենում է ավարտին: Խաղացված 9 տուրից հետո այստեղ մրցաշարային աղյուսակը 7,0-ական միավորով գլխավորում են Ռուսաստանի ներկայացուցիչ Էռնեստո Ինարկիեւը, Հոլանդիայի դրոշի ներքո հանդես եկող Իվան Սոկոլովը եւ վրաստանցի Բաադուր Ջոբավան:
Հայաստանի ներկայացուցիչներից մրցանակային տեղերի հավակնողների մեջ են գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը՝ 26-րդ հորիզոնական, Զավեն Անդրիասյանը՝ 30-րդ եւ Արման Փաշիկյանը՝ 44-րդ: Նրանք բոլորն էլ վաստակել են 6,0-ական միավոր եւ առաջատարներից ետ են մնում ընդամենը մեկ միավորով: Առաջնության ավարտին մնացած երկու տուրերից (նախավերջինը կայացավ երեկ) յուրաքանչյուրում կորցրած անգամ կես միավորը ճակատագրական նշանակություն ունի: Ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Հակոբյանը սեւերով ոչ-ոքի արեց գերմանացի Գեորգ Մեյերի հետ, սպիտակներով հանդես եկող Անդրիասյանը նույնպես խաղաղությամբ բաժանվեց հույն Իոաննիս Պապայաննուից, իսկ Արման Փաշիկյանը հաղթեց բազմափորձ Յան Թիմանին (Հոլանդիա): Հաղթական միավորներ են ձեռք բերեկ նաեւ Տիգրան Պետրոսյանը, Արթուր Չիբուխչյանն ու Արտաշես Մինասյանը: Մրցաշարային աղյուսակի ներկայիս տեսքի մասին՝ վաղվա համարում:
Եղանակի թելադրանքով
ՀՖՖ մամուլի քարտուղարությունից տեղեկացնում են, որ 2009 թվականի ՀՀ գավաթի խաղարկության խաղացանկում տեղի են ունեցել հետեւյալ փոփոխությունները՝ կապված եղանակային անբարենպաստ պայմանների հետ: Ըստ այդմ, մարտի 17-ին կայանալիք «Փյունիկ»- «Կիլիկիա» հանդիպումը՝ նախապես հայտարարված Երեւանի «Նաիրի» մարզադաշտի փոխարեն, տեղի կունենա մայրաքաղաքի «Բանանցի» մարզաբազայում, իսկ կայանալիք «Ուլիսի» եւ «Գանձասարի» խաղը՝ Արտաշատի քաղաքային մարզադաշտում:
Նույն պատճառով մարտի 18-ին «Բանանցն» ու «Արարատը» նախապես հայտարարված Երեւանի «Նաիրի» մարզադաշտի փոխարեն կմրցեն «Բանանց» ակումբի մարզադաշտում: