Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԲՐԱՀԱՄԸ 9-ՐԴ ԱՆԳԱՄ ՊԱՇՏՊԱՆԵՑ ՉԵՄՊԻՈՆԱԿԱՆ ԳՈՏԻՆ

Մարտ 17,2009 00:00

\"\"IBF-ի վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը շաբաթ օրը, Երեւանի ժամանակով կեսգիշերից

հետո, Գերմանիայի Կիլ քաղաքի «Օստցեհալլե» մարզասրահում հերթական՝ իններորդ անգամ պաշտպանեց իր չեմպիոնական գոտին:

Միանգամից ասենք, որ նա կատարեց խոստումը՝ մրցակցին առաջինն ընձեռելով ռինգը պարտվածի կարգավիճակով լքելու տհաճ պարտականությունը:

«Արքա Արթուրն» այդ օրը միավորներով՝ եզրային մրցավարների միաձայն որոշմամբ՝ 118:109, 117:110, 117:110, առավելության հասավ ավստրալական ծագումով ամերիկացի Լահուան Սիմոնի նկատմամբ: Սա հայաստանցի, բայց Գերմանիայի մարզական դրոշի պատիվը պաշտպանող բռնցքամարտիկի՝ պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 29-րդ մենամարտն էր եւ 29-րդ անընդմեջ հաղթանակը, որոնցից 23-ը նա ավարտել է ժամկետից շուտ: Արթուրի այս մարտը դիտարժանության տեսակետից, թերեւս, ամենաչստացվածն էր: Նա այնքան էլ նման չէր ինքն իրեն: Ընդհանուր առմամբ, գործում էր մի տեսակ անհավես: Եվ դա այն դեպքում, երբ մասնագետների մի զգալի հատվածը Սիմոնին համարում էր Արթուրին բաժին հասած բոլոր մրցակիցներից ամենաթույլը, թեեւ վերջինս նույնպես մինչ այդ ոչ մի պարտություն չէր կրել: Ավելին, մարզական լրատվամիջոցները Սիմոնի չպարտված լինելը վերագրում են նրան, որ նա նախկինում մենամարտել է միջազգային չափանիշներով լավագույն դեպքում «մարզումային պարկի» դերի արժանի մրցակիցների հետ: Ու, այնուամենայնիվ, Աբրահամը մարտից հետո հայտարարեց, թե գոհ է իր այդ օրվա հաղթանակից:

«Առավոտը» հնարավորության սահմաններում աշխատել է առավելագույն չափով հայ մարզասերին ներկայացնել մրցակիցների ուժերի հարաբերակցությունը, նրանց տրամադրվածության աստիճանը… Եվ Աբրահամ-Սիմոն մենամարտից հետո պայքարի նման ընթացքից որոշակիորեն անակնկալի է եկել: Նախ, այս անգամ Աբրահամը, որը, անկասկած, բոլորից ավելի լավ էր ճանաչում մրցակցին, գիտեր մակարդակը եւ խոցելի կողմերը, մարտից առաջ անսովոր մեղմ էր արտահայտվում: Կասկածից վեր է, որ հայ բռնցքամարտիկը կարող էր մարտի վերջակետը դնել իր ուզած ռաունդում եւ դրվագում, սակայն այդ ցանկությունը չերեւաց:

Սա մեր, որպես սովորական հանդիսատեսի, տպավորությունն է: Իսկ թե ինչն ինչոց էր, կիմանան միայն Աբրահամը եւ նրա մարզիչ Ուլի Վեգները: Գուցե դա Կելլի Պավլիկի հետ ծրագրված մենամարտի համար հեռահար նպատակներ հետապնդող մարտավարությո՞ւն էր: Բացառված չէ: Բայց մարտի ավարտից հետո ԶԼՄ-ներում հրապարակվեցին տեղեկատվություններ, որոնք մինչ այդ, պարզապես, չկային: Օրինակ, պարզվում է, որ Աբրահամն ամեն անգամ մարտերից առաջ 10 օրվա ընթացքում ստիպված է լինում մոտ 7 կիլոգրամ (15 ֆունտ) քաշ գցել, ինչը, հավատացեք, շատ ծանր գործընթաց է: Եվ այստեղ է, որ հասկանում ես, թե ինչո՞ւ է Արթուրը բավականին երկար ժամանակ հայտարարում, թե ինքը միջին քաշային կարգում մնում է միայն Կելլի Պավլիկի հետ հանդիպելու եւ նրա WBC/WBO գոտիներին տիրելու համար եւ միայն դրանից հետո բարձրանալ երկրորդ միջին քաշային կարգ եւ այնտեղ պայքարել չեմպիոնական նոր գոտիների համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել