Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտ 17,2009 00:00

BLACK BAN-Ը ԳՐԱՔՆՆՈ՞ՒՄ Է

Մարտի 22-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը տեղի կունենա աշխարհահռչակ երգիչ Գառուի մամուլի ասուլիսը, որին կարող են մասնակցել միայն հավատարմագրված լրագրողները։ Նորմալ է, որ հավատարմագրվելու համար լրագրողները պետք է ներկայացնեն համապատասխան նամակ՝ իրենց բոլոր տվյալներով: Մեղմ ասած, աննորմալ է այն, որ դրանից զատ ԶԼՄ-ն նախապես Գառուին տրվելիք հարցերն էլ պետք է ուղարկի համերգի կազմակերպիչ Black Ban պրոդյուսերական կենտրոնին, որն իրեն իրավունք է վերապահում որոշել՝ հարցերից ո՞րը հնչի, որը՝ ոչ: «Միեւնույն է, բոլորի հարցերը նույնն են լինելու»,- մեր տարակույսը հեռախոսով այսպես «փարատեց» Black Ban-ի աշխատակցուհին:

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

ՆՈՐԻՑ ԲԱՆԱՎԻՃԵՑԻՆ

\"\"«Ես գերադասում եմ սխալվող ակտիվությունը, քան ոչինչ չանող պասիվությունը»,- նկատի ունենալով «Միասին» շարժման՝ կաշառակեր դասախոսների նկարների հրապարակման նախաձեռնությունը, երեկ «Հայելի» ակումբում հայտարարեց գրող, վերլուծաբան Արծրուն Պեպանյանը: Ըստ վերջինիս, նախաձեռնությունը մեծ պրոբլեմի միայն մի մասն է եւ առանձին լուծել հնարավոր չէ, իսկ մեր հասարակությունը դեռեւս չունի այնպիսի մեխանիզմներ, ինստիտուտներ, որոնք կարգելեն նման գործողությունները: Գրող, հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանն էլ ասաց. «Կաշառք վերցնողն էլ, տվողն էլ հավասարապես անբարոյական են, բայց ավելի անբարոյական է տվողը, որովհետեւ, եթե կաշառք տվող չլինի՝ վերցնող էլ չի լինի»: Ըստ հրապարակախոսի՝ բարձրացող սոցիալական բողոքից առաջ նպատակ կա հասարակության մի շատ կարեւոր հատվածի զբաղեցնել ուրիշ խնդիրներով: «Մենք չունենք որակյալ գործադիր, օրենսդիր իշխանություն, ունենք կաթվածահար եղած դատական իշխանություն եւ էս պայմաններում ինչ-որ ջահելների ակցիա անե՞լ, ավելի ծիծաղելի է»,- ավելացրեց Տ. Պասկեւիչյանը:

Բանախոսները անդրադարձան նաեւ հանրային խորհրդի ձեւավորմանը: Տ. Պասկեւիչյանն ասաց. «Հանրային խորհուրդը նորից տեղավորվում է իր տրամաբանության մեջ. անել ամեն ինչ, որպեսզի ոչինչ չանել, ի՞նչ դեր է կատարելու Հանրային խորհուրդը, ասում են՝ պետք է հասարակությանը մոտեցնել իշխանությանը: Եվ սա այն դեպքում, երբ հասարակությունը գիտի, որ իշխանությունը կեղծելու է իր ձայները: Հասարակությունը կարող է իշխանությանը մոտենալ միայն մեկ ճանապարհով՝ ընտրելով այդ իշխանությանը»: Ըստ Ա. Պեպանյանի. «Մեր կյանքում Հանրային խորհրդի դերակատարությունը կախված է խորհրդի անդամների ընտրությունից: Ես չեմ տեսել, որ ընտրությունով խելացին ի հայտ գա, առաջ գնա, իմ հույսը միայն մյուս 12 անդամներն են: Եթե Հանրային խորհուրդը մի որոշ ժամանակվա ընթացքում չկարողանա իրական լուծումներ առաջարկել, կդառնա ավելորդություն»: Տ. Պասկեւիչյանն էլ հավելեց. «Հանրային խորհուրդ նշանակում է հանրությանը հայտնի մարդկանցից կազմված, ճանաչված, պատկառանք ունեցող մարդկանց խումբ, բայց խորհրդի 12 հոգու անունների մեջ կան ինձ ծանոթ ու սիրելի անձինք, ովքեր հանրությանը ծանոթ չեն»: Հրապարակախոսը զարմանում է՝ «Ինչպե՞ս կարող են Վազգեն Մանուկյանը (Հանրային խորհրդի ժամանակավոր նախագահ) եւ Խոսրով Հարությունյանը կազմակերպել իշխանության եւ հասարակության հաշտեցումը, եթե բազմիցս արտահայտել են իրենց խիստ բացասական վերաբերմունքը ներկայիս ընդդիմության հանդեպ»:

ԼՈՒՍԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻՆ ՀԵՌԱՑԱՎ

Կյանքի 88-րդ տարում վախճանվեց Երեւանի դրամատիկական թատրոնի հիմնադիրներից մեկը՝ ՀՀ ժողովրդական արտիստուհի, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Էմմա Վարդանյանը՝ ականավոր դերասանուհին, Հրաչյա Ղափլանյանի կյանքի ընկերուհին, Ռ. Սիմոնովի վերջին աշակերտը:

1941-1968 թվականներին աշխատելով Պատանի հանդիսատեսի, իսկ 1968-ից մինչեւ կյանքի վերջին օրերը Հրաչյա Ղափլանյանի անվան թատրոններում, Է. Վարդանյանը ստեղծեց վառ ու գունեղ բեմատիպարներ, որոնք ազգային թատրոնի հարստությունն են:

Սեփ. լր.

ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ՉԱՐԵՆՑԻՆ ՉՀԻՇԵՑԻՆ

Մարտի 13-ին՝ Եղիշե Չարենցի ծննդյան օրը, Երեւանում բնակվող մարդիկ ծաղիկներ են դնում նրա արձանին, այցելում են մեծ գրողի թանգարան: Վանաձորում Եղիշե Չարենցի արձանը չկա, եւ այդ օրը մեծ գրողին այստեղ չեն հիշում…

Ես Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում հարցում չանցկացրի, որպեսզի պարզեմ՝ ուսանողները ճանաչո՞ւմ են Չարենցին, կամ գիտե՞ն նրա ծննդյան օրը: Փաստն այն է, որ այդ օրը քաղաքում Եղիշե Չարենցին նվիրված որեւէ միջոցառում տեղի չունեցավ:

Երբ մարտի 13-ին Վանաձորի քաղաքապետարանի մշակույթի բաժնում փորձեցի ճշտել, թե ի՞նչ միջոցառումներ են պատրաստվել, ինձ մի քիչ զարմացած պատասխանեցին, որ ոչինչ էլ չկա. պետք է դիմել Ստեփան Զորյանի տուն-թանգարանի տնօրեն, ՀԳՄ Վանաձորի մասնաճյուղի քարտուղար Լենա Անթառանյանին: Այնպիսի տպավորություն էր, որ տիկին Անթառանյանը միանձնյա պատասխանատու է քաղաքի մշակութային կյանքի համար: Մարզպետարանի նույն բաժնի վարիչ Մայիս Խաչատրյանին հանդիպել չկարողացա՝ տեղում չէր:

Պարզվեց, որ Ստ. Զորյանի տուն-թանգարանում Չարենցին նվիրված ցուցատախտակ են պատրաստել: Տիկին Անթառանյանը նշեց, որ երկու տարի առաջ մեծ շուքով նշվել է Չարենցի 110-ամյակը, իսկ այս տարի հատուկ միջոցառում չկա. «Գրողների միությունում մտավորականները կհավաքվեն «կլոր սեղանի» շուրջ, կզրուցենք, բայց հրապարակային միջոցառում չի լինի»:

ԹԱՄԱՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել