Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՐԻՄԱԴՈՆՆԱՆ՝ ՄԵԾ ՍԻՐՈ «ՄԵՂԱՎՈՐ»

Մարտ 17,2009 00:00

Օպերային երգչուհի Անահիտ Մխիթարյանի շնորհիվ իսպանացի դիրիժոր Միգել Օրտեգան գտել է իր սերը

\"\"
Անահիտ Մխիթարյանը՝ Անուշի կերպարում:

\"\"
Միգել Օրտեգայի հայկական ընտանիքը:

Օպերային երգչուհի, միջազգային մրցույթների եռակի ոսկե մեդալակիր եւ երեք «Գրան պրի»-ների թագակիր, Ալ. Սպենդիարյանի անվան ազգային օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի պրիմադոննա Անահիտ Մխիթարյանը մարտի 18-ին հրավիրում է մենահամերգի՝ նվիրված թատրոնի հիմնադրման 75-ամյակին: Օպերային թատրոնի նվագախումբը կղեկավարի իսպանացի օպերային ճանաչված դիրիժոր Միգել Օրտեգան:

Մեր օրերում, մեր աչքի առաջ հուզիչ պատմություն է հյուսվել նշանավոր իսպանացի կոմպոզիտոր, դիրիժոր Միգել Օրտեգայի եւ մի պարզ ու շատերին անծանոթ հայ կնոջ միջեւ: Կին, որն իսպանացի երաժշտի համար լույս աշխարհ է բերել Մարկին (տղան արդեն 4 տարեկան է): 1997թ., երբ Իսպանիայի Մալագայի օպերային թատրոնը պատրաստում էր Չայկովսկու «Եվգենի Օնեգին» ներկայացման բեմադրությունը, երգչախմբի արտիստների հետ ռուսերենի պարապմունքների համար հրավիրվում է ճակատագրի բերումով Իսպանիայում հայտնված Հասմիկը: Իմանալով, որ վերջինս հայուհի է, առանց մեկ րոպե վարանելու Միգելը նրան ամուսնության առաջարկ է անում: Հիմա նրանց հարկի ներքո, ինչպես «Առավոտին» հայտնեցին ամուսինները, իշխում է սերն ու մեծ երազանքի իրականացումը:

Այդ մեծ սիրո «պատճառը» երգչուհի Անահիտ Մխիթարյանն է, որը, 1990-ականների կեսերից համագործակցելով դիրիժորի հետ, առիթ է տվել նրան հակվելու դեպի հայ կինը: Դիրիժորի եւ երգչուհու ծանոթությունը կայացել է Իսպանիայի Գայարեի Խոսե Կարերասի միջազգային մրցույթում, որին հետեւել է նրանց բեմելը Դոնիցետիի «Լուչիա դա Լամերմուր» օպերայում, այնուհետեւ շարունակվելով Եվրոպայի նշանավոր օպերային թատրոններում ու համերգասրահներում:

Համաձայնեք, որ սա մի լավ, իսկական ռոմանտիկ ֆիլմի սցենար է: Ինչո՞ւ մեր ֆիլմարտադրողները չօգտվեն այս գեղեցիկ իրական պատմությունից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել