Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտ 17,2009 00:00

ՎՆԱՍԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Արաբական «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությունը շաբաթ օրը եթեր է հեռարձակել «Ալ-Ղաիդա» տեռորիստական շարժման ղեկավար Օսամա Բեն Լադենի ուղերձի ձայնագրությունը, հաղորդում է «Գազետա» թերթը: Բեն Լադենը կոչ է անում մահմեդականներին՝ պայքարել իսլամական աշխարհի չափավոր ռեժիմների դեմ, որոնք գործընկերային հարաբերություններ ունեն Միացյալ Նահանգների հետ: Բեն Լադենի կարծիքով, նման հարաբերությունները հավասարազոր են «սիոնիստների» հետ իրականացվող դավադրության, որի նպատակն է մահմեդական ժողովուրդների ոչնչացումը: Այդպիսի թիրախներ են, ըստ աշխարհի թիվ 1 ահաբեկչի, մասնավորապես՝ Սաուդյան Արաբիան եւ Եգիպտոսը: Բեն Լադենը նաեւ կոչ է արել՝ սրբազան պատերազմ սկսել Գազայի հատվածում իսրայելական նվաճողների դեմ, իսկ այնուհետեւ տապալել Հորդանանի կառավարությունը, որպեսզի ուղղափառ մարտիկները կարողանան դուրս գալ Հորդանանի արեւմտյան ափ եւ ազատագրել ողջ Պաղեստինը: Իսրայելի գործողությունները «ՀԱՄԱՍԻ» դեմ՝ Բեն Լադենն անվանեց «հոլոքոստ»: «Ալ-Ղաիդայի» ղեկավարը նաեւ կոչ արեց պայքարել հանցավոր ռեժիմների հեռուստաալիքների դեմ, որոնց թվում նա նշեց BBC-ին, «Ալ-Հուրան» եւ «Ալ-Արաբիան»:

ԽԱԹԱՄԻՆ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԸՆՏՐԱՊԱՅՔԱՐԻՑ

Իրանի նախկին նախագահ Մուհամադ Խաթամին հանեց իր թեկնածությունը այս տարվա հունիսի 12-ին կայանալիք նախագահական ընտրությունների ընտրարշավից: Այդ քայլի պատճառն առայժմ հայտնի չէ: Ըստ lenta.ru-ի, Խաթամիի թիմի անդամներից մեկը հայտարարեց, որ նախկին նախագահը առաջիկայում կնշի, թե բարեփոխական թեւի որ թեկնածուին է նա սատարելու: Քաղաքական դիտորդների կարծիքով, Խաթամիի նախընտրած թեկնածուն կարող է լինել նախկին վարչապետ Միր Հոսեյն Մուսավին: Վերջինս համարվում է գործող նախագահ, արմատական-պահպանողական ուղղության գործիչ Մահմուդ Ահմադինեջադի լուրջ մրցակիցը: Իրանցի ընտրողների համար մեծ նշանակություն ունի, թե որ թեկնածությունն է պաշտպանելու երկրի հոգեւոր առաջնորդ այաթոլա Ալի Համենեին: Իրանական սահմանադրության համաձայն, նախագահի բոլոր թեկնածությունները պետք է հաստատվեն իսլամական հեղափոխության պահապանների խորհրդի կողմից:

ՍՈՄԱԼԻՈՒՄ ԱՌԵՎԱՆԳՎԵԼ ԵՆ ՄԱԿ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ

Մի խումբ զինյալներ երեկ Սոմալիում առեւանգել են 4 հոգու, որոնք ՄԱԿ-ի հովանու տակ զբաղվում էին մարդասիրական օգնությամբ: Ըստ որոշ լուրերի, առեւանգվածների թվում կարող է լինել Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների առնվազն մեկ քաղաքացի: Քենիայում Ռուսաստանի հյուպատոս Արմեն Պոպովը չհաստատեց ռուսաստանցու առեւանգման փաստը, սակայն ասաց, որ կատարվում է մանրամասների հետաքննություն: Ըստ newsru.com-ի, տարբեր լրատվական գործակալություններ նշում են առեւանգվածների այս կամ այն ազգությունը: 1990-ականների սկզբից Սոմալին, ըստ էության, դադարել է գոյություն ունենալ՝ որպես միասնական պետություն՝ բաժանվելով մի քանի քվազիպետական կազմավորումների, որոնց ղեկավարները չեն վերահսկում իրավիճակն իրենց տարածքներում: Այդ ամենի հետեւանքով Սոմալին դարձել է ամենավտանգավոր տեղը հումանիտար առաքելություն իրականացնողների համար, քանի որ տարբեր ավազակախմբեր՝ մարդկանց առեւանգելը եւ նրանց համար փրկագին ուզելը դարձրել են սովորական բիզնես: 2008 թվականի ընթացքում Սոմալիում առեւանգվել է միջազգային մարդասիրական կազմակերպությունների 26 աշխատող, իսկ 35-ը՝ մահացել է:

ՕԲԱՄԱՅԻ ՎԱՐԿԱՆԻՇՆ ԸՆԿՆՈՒՄ Է

Իր նախագահության առաջին 50 օրվա ընթացքում Բարաք Օբամայի վարկանիշն ընկել է ավելի արագ, քանի նույն ժամանակահատվածում Ջորջ Բուշինը: Օբամայի անձը շարունակում է գրավիչ լինել ամերիկացիների համար, սակայն նրա քաղաքականությունը գնալով ավելի անընդունելի է դառնում: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, ընդամենը 2 ամիս առաջ, երբ Ջորջ Բուշը լքում էր Սպիտակ տունը, նա համարվում էր երկրի պատմության մեջ ամենավատ նախագահը: Այն ժամանակ թվում էր, որ նրա իրավահաջորդը այդպիսով կստանա ամրության մեծ պաշար, սակայն վերջերս հայտնի սոցիոլոգ Դուգլաս Շոենի անցկացրած հարցման համաձայն՝ այժմ Օբամայի վարկանիշն ավելի ցածր է, քան Ջորջ Բուշ կրտսերինը, երբ վերջինս հատեց իր նախագահության 50-օրյա սահմանագիծը: Ամերիկացիների 56%-ն առայժմ դրական է գնահատում Օբամայի գործունեությունը, սակայն 43%-ը դրան վերաբերվում է բացասական: Հարցման մասնակիցների 83%-ը մտավախություն ունի, որ Օբամայի հակաճգնաժամային ծրագիրը չի աշխատելու, եւ իրավիճակը վատթարանալու է: 82%-ը անհանգստացած է, որ կառավարությունը քամուն է տալիս տարբեր ծրագրերի համար հսկայական գումարներ, չնայած՝ այդ գումարները նախատեսված են միջին ամերիկացու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել