Հարցազրույց քաղաքագետ Զաֆար Գուլիեւի հետ
Նպատակասլաց բազմավեկտորային քաղաքականությունը, որ պաշտոնական Բաքուն վարում էր վերջին տարիներին, երկրին թույլ էր տալիս հաջողությամբ խուսափել բազմաթիվ ռիսկերից եւ իրական քաղաքական-տնտեսական դիվիդենդներ քաղել տարբեր տերությունների հակասական շահերի հավասարակշռման ընթացքում։ Բայց Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ հակամարտության խորացման եւ բազմաթիվ տարածաշրջանային խնդիրների սրման պայմաններում բազմավեկտորային քաղաքականության շարունակության հնարավորությունները անշեղորեն նվազում են, եւ այս կամ այն հարցի վերաբերյալ սեփական դիրքի որոշակիացման անհրաժեշտությունը վերակենդանացնում է մի շարք ռիսկեր եւ սպառնալիքներ։ Երկրի արտաքին քաղաքական կուրսի ուժեղացող անորոշությունն ու հակասականությունը, ներքաղաքական ոլորտում բացասական (հակաժողովրդավարական) միտումների աճը եւ նավթային գործոնից լիակատար տնտեսական կախվածությունը լուրջ անհանգստություն են հարուցում Ադրբեջանի մոտակա ապագայի համար։ Անհասկանալի է, թե որ ուղղությամբ է շարժվում երկիրը, ինչ նպատակակետ ունի եւ ինչ արդյունավետությամբ է կառավարվում։ Արեւմուտքի եւ Արեւելքի (մասնավորապես՝ Վաշինգտոնի եւ Մոսկվայի), ժողովրդավարության եւ տոտալիտարիզմի, նեոսովետիզմի եւ ազատականության, ռեակցիոն քաղաքականության եւ բարեփոխումների, ինքնիշխանության եւ «բանանային դերի» միջեւ մշտական տատանումներն ու խուսանավումները կարող են ծայրաստիճան թուլացնել հասարակության եւ պետության «իմունային համակարգը» եւ մոբիլիզացիոն հնարավորությունները։
– Որքա՞ն երկարատեւ կարող է լինել ռուս-թուրքական մերձեցումը, եւ ինչպե՞ս այն կարող է ազդել Հայաստանի եւ Ադրբեջանի վրա:
– Ես չեմ կիսում Ադրբեջանի հասարակության մի մասի մեջ տարածված անհանգստությունը ռուս-թուրքական եւ նույնիսկ հայ-թուրքական հարաբերությունների ակտիվացման կապակցությամբ։ Ժամանակակից (եւ մեզ համար՝ եղբայրական) Թուրքիան համաշխարհային եւ առավել եւս տարածաշրջանային քաղաքականության լուրջ եւ ծանրակշիռ սուբյեկտ է։ Արդեն օգոստոսյան իրադարձությունների համատեքստում Թուրքիան հանդես եկավ անսպասելի եւ խոստումնալից նախաձեռնությամբ՝ ձեւավորելու Կայունության եւ համագործակցության կովկասյան պլատֆորմ։ Որոշ ԶԼՄ-ներ այն ժամանակ Թուրքիայի այդ նախաձեռնության մեջ տեսան ԱՄՆ-ի դեմ ուղղված եւ միաժամանակ «ռուսահաճո» քայլ։ Դրա հետ միասին, կովկասյան ինտեգրման թուրքական նախաձեռնության հիմքում ընկած գաղափարը եւ սխեման նախկինում Վաշինգտոնի կողմից առաջարկված նմանատիպ նախագծերի տրամաբանական շարունակությունն էին։
Չկան անգամ նվազագույն հիմքեր՝ դիտելու ռուս-թուրքական եւ հայ-թուրքական հարաբերությունների ակտիվացումը որպես Անկարայի կողմից իր սկզբունքային արեւմտամետ ռազմավարության, ՆԱՏՕ-ի անդամության, ԱՄՆ-ի հետ գործընկերության եւ Ադրբեջանի հետ եղբայրական հարաբերությունների վերանայման ազդանշան։ Անկասկած, Թուրքիան շահագրգռված է Ռուսաստանի հետ տնտեսական, էներգետիկ եւ քաղաքական համագործակցության խորացմամբ, ինչպես եւ Մոսկվան է հավասարապես շահագրգռված բոլոր ուղղություններով Անկարայի հետ կապերի ակտիվացմամբ։ Բայց չեմ կարծում, թե մի երկրի քաղաքական մանյովրները, որը հիմքեր ունի հավակնելու տարածաշրջանային առաջատարի դերին, անգամ եթե այդ մանյովրները թելադրված են իրավիճակային հանգամանքներով եւ «realpolitik»-ի գործոնով, կարող են հանգեցնել Թուրքիայի ռազմավարական կուրսի եւ արտաքին քաղաքական նախապատվությունների փոփոխման։ Դա չի բխում ոչ միայն Անկարայի արեւմտյան դաշնակիցների, այլեւ հենց Թուրքիայի շահերից։ Երկարաժամկետ հեռանկարում այսօրվա Թուրքիայի այդպիսի՝ ավելի ակտիվ, ճկուն, նախաձեռնողական, ինքնուրույն եւ հավասարակշռված, քաղաքականությունից իրապես կարող են շահել ամբողջ տարածաշրջանը եւ Հարավային Կովկասի բոլոր երկրները։ Հատկապես Ադրբեջանը՝ իր բոլոր խնդիրներով հանդերձ։