Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի եւ Ադրբեջանի մասով ամերիկյան ներգրավվածությունը հավասարակշռված է

Մարտ 17,2009 00:00

Սկիզբը՝

\"\"Հարցազրույց Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների պատասխանատու Վլադիմիր Կարապետյանի հետ

– Որո՞նք են Ձեր կարծիքով եւ պաշտոնական դիրքորոշմամբ 2008թ. օգոստոսյան իրադարձությունների՝ Հայաստանի համար գլխավոր դասերը:

– Դասերը հետեւյալն են. հարեւան պետության ղեկավարը իրավունք չունի տարածաշրջանում բռնկված պատերազմի պայմաններում օրերով գտնվել հազարավոր կիլոմետր հեռավորության վրա: Կարծում եմ, որ ճիշտ չէր, որ Սերժ Սարգսյանը արագ չվերադարձավ օլիմպիական խաղերից եւ շահագրգիռ կեցվածք չցուցաբերեց ժամանակին: Առաջին իսկ օրվանից պետք է հնչեցվեր Հայաստանի վերաբերմունքը ստեղծված իրավիճակին՝ ցուցաբերելով մտահոգություն, անհանգստություն եւ պատրաստակամություն՝ մարդասիրական տարբեր կարգի օգնություն ցուցաբերելու համար: Մենք պետք է բարձրաձայնեինք, որ պատրաստ ենք ընդունել տուժածներին, վիրավորներին, անկախ նրանից, թե նրանք ո՞ր կողմն են ներկայացնում եւ ինչպե՞ս են տուժել: Հիշեցնեմ, որ առաջին հայտարարությունն արվեց միայն մեկ շաբաթ անց: Միեւնույն ժամանակ, դրական եմ համարում, որ Սերժ Սարգսյանը հաջողեցրեց կողմնակալություն չցուցաբերել: Երկրորդ հետեւությունն այն է, որ խաղաղությունը տարածաշրջանում շատ փխրուն է, այն ցանկացած պահի կարող է խախտվել: Մի քանի խաղացողներ կան տարածաշրջանում եւ միայն Երեւանից կամ Բաքվից չէ կախված, թե ի՞նչ զարգացումներ կլինեն տարածաշրջանում: Ցանկացած պահի կարող են ռազմական գործողություններ սկսվել: Մենք պետք է թե մեր զինված ուժերը պահենք պատրաստ վիճակում (չնայած վստահ եմ եւ տեղեկացված, որ հիմա էլ դա այդպես է), ավելի աչալուրջ պետք է լինենք, պետք է դիվանագիտությունն ավելի ակտիվ լինի, որպեսզի հնարավորինս կանխվեն մեզ համար անցանկալի զարգացումները: Եվ, իհարկե, դասերից է միջազգային հանրության կեցվածքը, արձագանքները, որ եղան այդ իրադարձությունների ժամանակ: Սա նույնպես վերլուծության եւ համապատասխան գնահատականի կարիք ունի: Առաջին եւ ամենակարեւոր, համենայնդեպս՝ ինձ համար, հետեւությունն այն է, որ մեր հարցերը մենք պետք է ինքնուրույն լուծենք:

– Որքա՞ն երկարատեւ կարող է լինել ռուս-թուրքական մերձեցումը, եւ ինչպե՞ս այն կարող է ազդել Հայաստանի եւ Ադրբեջանի վրա:

– Շատ հրատապ հարց է: Ռուսաստանը վերջին շրջանում առավել մեծ դերակատարություն ունի հայ-թուրքական հարաբերություններում, առկա երկխոսության մեջ: Ռուսաստանն այսօր մեծ ակտիվություն է ցուցաբերում: Ռուսաստանը եւ Թուրքիան ունեն իրենց շահերը տարածաշրջանում, որոնք, բնականաբար, չեն կենտրոնանում միայն Հայաստանի վրա: Կարծում եմ, որ ռուս-թուրքական այսպիսի մերձեցումը նաեւ տարածաշրջանում շահեր ունեցող այլ խաղացողներին է անհանգստացրել: Սա մի նոր իրադարձություն է, որը գնահատականի կարիք ունի: Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ երբեք շահերի նման համընկնում չի եղել: Այս վիճակը մեզ համար ե՛ւ մարտահրավեր է, ե՛ւ էլ՝ հնարավորություն: Ամուր, գրագետ դիվանագիտություն եւ կայուն ներքին քաղաքական իրավիճակ ունեցող պետությունը միայն կօգտվեր այս զարգացումներից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել