Լրահոս
Օրվա լրահոսը

«Միասինը» գոհ է ակցիայից

Մարտ 17,2009 00:00

Եվ կարծում է, որ դրանով «բարեփոխում» է իրականացնում

Վերջին մի քանի օրերի ընթացքում հայ հասարակության կողմից ամենաշատ քննարկված թեմաներից էր ՄԻԱԿ-ի «Միասին» երիտասարդական ենթաճյուղի ակցիան՝ կաշառակեր դասախոսներին վերաբերող: Այն, որ կազմակերպության ներկայացուցիչները ուսանողների շրջանում իրենց անցկացրած անանուն հարցումների արդյունքում ամբողջ քաղաքով մեկ փակցրին, իրենց կարծիքով, կաշառակեր դասախոսների նկարները, բազում քննադատությունների, նախատինքների եւ սպառնալիքների տեղիք տվեց:

Երեկ «Առավոտը» զրուցեց կազմակերպության ղեկավար Հակոբ Հակոբյանի հետ՝ պարզելու, թե, ի վերջո՝ ի՞նչ տվեց իրենց այս ամենը: Հ. Հակոբյանն ասաց. «Մեր հասարակության տարբեր մակարդակներում տարբեր ներկայացուցիչների կողմից խոսվում է կոռուպցիայի մասին, որ դա խանգարում է երկրի զարգացմանն ու առաջընթացին: Բայց երբ կոնկրետ քայլեր արվեցին, հասարակության մի զգալի հատված սկսեց տարբեր որակումներ տալ: Այն, ինչ տեղի ունեցավ, համարում եմ ակցիայի հանդեպ ոչ համապատասխան ռեակցիա»: Խոսելով արդյունքների մասին՝ «Միասինի» ղեկավարն ասաց. «Ակցիայի արդյունքից գոհ եմ, քանի որ ես հիմա համոզված եմ, որ այն իր բուն նպատակին ծառայեց: Շատերից եմ լսում, որ այժմ դասախոսներն ավելի խիստ են ուսանողների հանդեպ տրամադրված, որ զգուշացնում են նրանց, թե՝ տեսեք այս քննաշրջանին ոնց ենք քննություն վերցնելու, գիտեմ նաեւ, որ բուհերի վարչական մասը միջոցներ է ձեռք առել՝ խստացնելու հսկողությունը»: «Առավոտի» դիտարկմանը՝ եթե ամեն ինչ փաստերով հիմնավորված արվեր, ավելի օգտակար գործ կկատարվեր, քան պարզապես երեւույթը շոուի վերածելը, Հ. Հակոբյանն այսպես պատասխանեց. «Միասինը» ընդամենը երիտասարդական շարժում է, որն իր առջեւ խնդիր չէր դրել դատախազական ֆունկցիա իրականացնել: Այն, ինչ արեցինք եւ առաջիկայում անելու ենք, ուղղված է երկրում բարեփոխումների իրականացմանը»: Մեր մյուս դիտարկմանը, թե մարդկանց պատվի եւ արժանապատվության հետ խաղացին, Հ. Հակոբյանը պատասխանեց. «Կատարվածն այդպես չի կարող որակվել, քանի որ նկարների վրա հայերենով գրված է, որ ակցիան կատարվում է համաձայն ուսանողների շրջանում կատարված հարցումների»:

Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ երաշխիքներ, որ այդ հարցումները արդար են: Զրուցակիցս պատասխանեց. «Մարդկանց համար անընդունելի էր հրապարակման ձեւը, քանի որ նման բովանդակության բազում հրապարակումներ են եղել: Բայց մեր ընտրած ձեւը ուսանողական էր»: Հ. Հակոբյանը նաեւ ավելացրեց. «Դժգոհություններից բացի, եղան նաեւ այնպիսի անձինք, որոնք գնահատեցին մեր համարձակությունը: Իսկ բուհերի ռեկտորները, փոխանակ սպառնալիքներ տեղալու մեր հասցեին, պիտի մտածեին, որ երիտասարդները, եթե այս քայլին են դիմել, ուրեմն նրանց ինչ-որ բան անհանգստացնում է: Ուստի՝ շահագրգիռ կողմերով հանդիպեինք եւ հարցը քննարկեինք»: Մեր դիտարկմանը, թե ԵՊՀ ռեկտորը, օրինակ, հրապարակավ դա հայտարարեց, Հ. Հակոբյանը պատասխանեց. «Որեւէ մեկը մեզ նման առաջարկ չի արել»:

Իսկ տարածված խոսակցություններին, թե «Միասինի» ետեւում Սերժ Սարգսյանն է կանգնած, Հ. Հակոբյանն այսպես պատասխանեց. «Նախագահը երկրում իրականացնում է բարեփոխումների ծրագիր, եւ այն հարցերում, որտեղ մեր տեսակետները համընկնում են, մենք աջակցում ենք նախագահի բարեփոխումների ծրագրին, ոչ թե՝ նախագահին»: Հետաքրքրվեցինք՝ իսկ նախագահը աջակցո՞ւմ է «Միասինին»: Ղեկավարը պատասխանեց. «Այն հարցերում, որտեղ մեր տեսակետները համընկնում են, նախագահը խոստացել է աջակցություն ցուցաբերել, եթե դիմենք իրեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել