Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԻՎ 31 ԴՊՐՈՑՈՒՄ ԿԱՅԱՑԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մարտ 17,2009 00:00

\"\"Գործընթացն ուղեկցվեց բազում դժգոհություններով

Երեկ Շենգավիթ համայնքի թիվ 31 դպրոցում տեղի ունեցավ դպրոցի կառավարման խորհրդի նիստ, որի օրակարգում էր կրթօջախի տնօրենի ընտրությունը: Քանի որ 2009-ի հունվարի 15-ին լրացել էր նախկին տնօրեն տիկին Սարուխանյանի աշխատանքային պայմանագրի ժամկետը, եւ ըստ ոչ առեւտրային կազմակերպությունների մասին օրենքի՝ 65 տարին լրանալու պատճառով նա այլեւս չէր կարող աշխատել, ապա թիվ 31 դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել դպրոցի ուսմասվար Ռուբեն Հակոբյանը: Փետրվարի 13-ին դպրոցի կառավարման խորհուրդը հայտարարություն էր տարածել՝ դպրոցի տնօրենի թափուր մնացած տեղի համար: Մեկամսյա ժամկետում չորս անձ ներկայացրել էր իր թեկնածությունը: Դրանց թվում էին թիվ 31 դպրոցի ռազմագիտության ուսուցիչ, նախկին տնօրենի որդի Համազասպ Մանուչարյանը, նույն դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Նելլի Օհանյանը, թիվ 66 դպրոցի դաստիարակչական գծով փոխտնօրեն Նաիրա Հակոբյանը եւ թիվ 27 դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Գոհար Ստեփանյանը: Կառավարման խորհրդի նիստին մասնակցում էին խորհրդի բոլոր 7 անդամները, նիստին ներկա էր նաեւ ԿԳՆ-ի ներկայացուցիչ Նուրիջան Մանուկյանը:

Ինչպես կարգն է, խորհուրդը, մինչ գրավոր եւ բանավոր փուլերին անցնելը, սկզբից հերթով ներս հրավիրեց բոլոր թեկնածուներին եւ ստուգեց նրանց համակարգչային գիտելիքներն ու որեւէ օտար լեզվի իմացությունը: Համակարգչային գիտելիքներ ստուգելիս թեկնածուներին տրվում էին տարրական օպերատորական հարցեր, իսկ օտար լեզվաիմացությունը ստուգելու համար թեկնածուներին խնդրեցին իրենց կենսագրությունը պատմել այդ լեզվով: Բոլոր մասնակիցներն էլ ընտրեցին ռուսերենը: Երբ խորհրդի անդամների ներկայությամբ ստուգվում էին թեկնածուներից Նելլի Օհանյանի գիտելիքները, ԿԳՆ ներկայացուցիչ Նուրիջան Մանուկյանը հայտարարեց. «Դուք չեք տիրապետում համակարգչային գիտելիքներին: 10 րոպեում 4 բառ չեք կարողանում գրել, բառերը չեք կարողանում հաջորդ տող տեղափոխել: Ուստի Դուք չեք անցնում գրավոր քննության փուլ»: Ն. Օհանյանը համառեց. «Համաձայն չեմ, միայն համակարգիչը չի կարող պատճառ դառնալ, որ մարդը չմասնակցի քննությանը»: Ն. Մանուկյանը պարզաբանեց. «Դա պարտադիր պայման է, որին Դուք չեք բավարարում»: Ն. Օհանյանին՝ գրավոր փուլ չանցկացնելու հարցը դրվեց խորհրդի քննարկման, որը միաձայն որոշեց թույլ չտալ թեկնածուին շարունակել քննությունը: Գրավոր փուլի ընթացքում թեկնածուները պատասխանեցին թեստային հարցերի: Թեստերի 7 օրինակներ, կնքված եւ փակ փաթեթներով, իր հետ էր բերել Նուրիջան Մանուկյանը: Դրանցից ընտրեց մեկը, որի հարցերին էլ պատասխանեցին թեկնածուները: Գրավոր քննության արդյունքում Համազասպ Մանուչարյանը հավաքեց 36 միավոր, իսկ Նաիրա Հակոբյանն ու Գոհար Ստեփանյանը՝ 35 միավոր: Հետո տեղի ունեցավ բանավոր փուլը, որի ընթացքում տարբեր հարցեր ուղղվեցին թեկնածուներին: Այս փուլերից հետո միայն կառավարման խորհուրդը փակ քվեարկություն անցկացրեց: Արդյունքում Նաիրա Հակոբյանը ստացավ 4 «կողմ» ձայն, Համազասպ Մանուչարյանը՝ 3 «կողմ», իսկ Գոհար Ստեփանյանը ոչ մի ձայն չստացավ: Ուստի դպրոցի տնօրեն ընտրվեց Նաիրա Հակոբյանը:

Մինչ կառավարման խորհրդի նիստը ավարտին էր մոտենում, դպրոցի բակում հավաքվել եւ աղմուկ էին բարձրացնում Նելլի Օհանյանի բարեկամները: «Առավոտի» հետ զրույցում նրա քույրը՝ Նազիկ Օհանյանն ասաց. «Նախարարության տեսուչը իրավունք չուներ քվեարկության դնելու Նելլիին դուրս հանելու հարցը, քանի որ նա թեստ պիտի գրեր եւ պատասխաներ բանավոր հարցերին: Երբ դրսում կանգնած էինք, անծանոթ մի մարդ ինձ ասում էր, թե թաղապետարանի կրթության բաժնի պետը պայքարել է Նելլիի դեմ, որ իր կինն անցնի: Ուստի վաղը գնալու եմ քաղաքապետի, նախարարի մոտ»: Նազիկ Օհանյանը, տեսնելով Նուրիջան Մանուկյանին, սկսեց բարձր տոնով, երբեմն նաեւ անեծքներով իր վրդովմունքը հայտնել, թե պարոն Մանուկյանը հատուկ է հեռացրել իր քրոջը, քանի որ ամեն ինչ նախօրոք որոշված էր: «Գալու եմ ձեր փողոց, ձեր շենք, ասեմ, որ Դուք աշխարհի ամենավատ մարդն եք»,- պարոն Մանուկյանին սպառնաց Նազիկ Օհանյանը: Իսկ թեկնածուներից Գոհար Ստեփանյանի մայրը՝ Մանուշակ Ստեփանյանը, բարձրաձայն հայտարարեց. «Նաիրա Հակոբյանը վաղուց իրենց դպրոցում հայտարարել էր, թե ինքն արդեն տնօրեն է, քանի որ ամուսինը պաշտոնյա է»: Գոհար Ստեփանյանը, հաստատելով մայրիկի ասածը, նշեց. «Իմ կարծիքով՝ տնօրենի պաշտոնին արժանի էր Համազասպ Մանուչարյանը»: Զրուցեցինք նաեւ նորընտիր տնօրեն Նաիրա Հակոբյանի հետ: Նա իր աչքի առաջ բարձրացված աղմուկ-աղաղակի կապակցությամբ այսպես արտահայտվեց. «Ես ոչ մի հայտարարություն չեմ արել: Իմ ամուսնուն ճանաչող՝ համայնքի բնակիչները կարող են վստահեցնել, որ մենք մեր օրինական աշխատանքով ենք զբաղվում: Այս խոսակցությունները պիտի լինեին՝ անկախ նրանից՝ ով կընտրվեր: Իմ նպատակը հետագայում դպրոցի բարելավումն է ի շահ երեխաների եւ դպրոցի»: Նուրիջան Մանուկյանը, որն իրեն չափազանց վատ էր զգում՝ իր հասցեին հնչեցված լուտանքներից հետո, «Առավոտին» ասաց. «Ցավում եմ, որ ինձ կապում են այս կեղտոտ գործերի հետ: Դժգոհողներն անարդար բաներ են անում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել