Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանյան իրադարձությունները հրատապ դարձրին Ղարաբաղյան կարգավորման խնդիրը

Մարտ 17,2009 00:00

\"\"Հարցազրույց՝ քաղաքագետ Զաֆար Գուլիեւի հետ

– Տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձություններից կամ գործընթացներից որո՞նք են առավելապես ազդել (կամ կարող են ազդեցություն ունենալ) Ադրբեջանի վրա:

– Վրաստանի իրադարձությունները ոչ միայն չնվազեցրին հետաքրքրությունը, այլեւ կտրուկ ակտիվացրին այլընտրական էներգետիկ նախագծերի իրականացման ընթացքը եւ բավական հրատապ դարձրին հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման խնդիրը։ Փաստորեն, Վրաստանում լարվածության որոշ նվազումից հետո բոլոր գլխավոր տարածաշրջանային սուբյեկտների հետաքրքրությունը տեղափոխվեց Հարավային Կովկասում գերիշխանության համար պայքարի երկու առավել նշանակալի եւ փոխկապակցված գործոնների՝ այլընտրական տրանսպորտային-հաղորդակցական եւ էներգետիկ նախագծերի (մասնավորապես՝ NABUCO), ինչպես նաեւ հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հակամարտ հարաբերությունների վրա։ Այս խնդիրների լուծումից մեծապես կախված կլինի թե՛ Հարավային Կովկասի երկրների քաղաքական ճակատագիրը, թե՛ տարածաշրջանի աշխարհաքաղաքական հեռանկարը։

– Ի՞նչն է այսօր ամենից շատ բնորոշ Ադրբեջանի նկատմամբ Ռուսաստանի եւ ԱՄՆ վարած քաղաքականությանը, որքանո՞վ է փոխվել այդ քաղաքականությունը 2008թ. օգոստոսից հետո:

– Հիմքեր ունենալով ենթադրելու, որ իրեն ցանկանում են դուրս մղել ինչպես Կենտրոնական Ասիայի, այնպես էլ Կովկասյան տարածաշրջանից, Ռուսաստանը սկսում է բացահայտ ցուցադրել իր ռազմաքաղաքական ուժը (ինչպես եղավ Վրաստանում) եւ փորձում իր կողմը գրավել տվյալ տարածաշրջանի էներգետիկ պաշարները եւ տրանսպորտային հանգույցները։ Սակայն տարածաշրջանի էներգետիկ պաշարները, իրանական խնդրի առկայությունը եւ Մոսկվայի վտանգավոր «վրացական գործողությունը» մղում են ԱՄՆ-ին՝ Թուրքիայի եւ եվրոպական դաշնակիցների հետ միասին, մեծացնելու սեփական ներկայությունը (այդ թվում՝ ռազմաքաղաքական) Կովկասյան եւ Կասպիական տարածաշրջանում։ Ադրբեջանի համար ավելի ու ավելի դժվար է դառնում հավատարիմ մնալ բազմավեկտոր քաղաքականությանը եւ խուսանավել կոշտ մրցակցություն վարող շահերի միջեւ։

Վրաստանում կատարված գործողությամբ եւ սեփական իմիջի մնացորդների զոհաբերմամբ՝ Մոսկվան հասավ ուժի դիրքերից արեւմտյան երկրների եւ ընկերությունների հետ բանակցելու ցանկալի հնարավորությանը։ Քանի որ ագրեսիայի փաստով Կրեմլը նաեւ շատ բարձրացրեց սեփական ռիսկի, ինչպես նաեւ «կապալային» պահանջների մակարդակը, ապա կասկածից վեր է, որ նա առեւտուր կանի շատ կոշտ ձեւերով, որպեսզի ստիպի Արեւմուտքին (ԱՄՆ)՝ ընդունելու ազդեցության ոլորտների նոր բաժանման մասին առաջարկը եւ ճանաչելու Ռուսաստանի նախապատվությունների իրավասությունը հետխորհրդային տարածքում։

Ռուսաստանի «հակավուամային» հարձակումը, որ սկսվեց Վրաստանից, ԱՄՆ-ն ընկալեց որպես միանգամայն լուրջ սպառնալիք սեփական աշխարհաքաղաքական եւ էներգետիկ շահերի համար եւ, հավանաբար, այլընտրական նավթագազային նախագծերն իրենց տրամաբանական ավարտին հասցնելու նպատակով, ջանք չի խնայի հետխորհրդային տարածքում իր դաշնակիցների անվտանգությունն ապահովելու համար։ Ռուսաստանի դեմ Արեւմուտքի (ԱՄՆ) այս գլոբալ աշխարհաքաղաքական եւ էներգետիկ ճակատամարտում կարեւոր տեղ է հատկացվում Ադրբեջանին, որը ստեղծված իրավիճակում հազիվ թե կարողանա լռել եւ չեզոք դիրք բռնել։

– Որո՞նք են Ձեր կարծիքով եւ պաշտոնական դիրքորոշմամբ 2008թ. օգոստոսյան իրադարձությունների՝ Ադրբեջանի համար գլխավոր դասերը:

– Օգոստոսյան իրադարձություններից հետո Արեւմուտքի աշխարհաքաղաքական, էներգետիկ եւ տրանսպորտային-հաղորդակցական խաղը տարածաշրջանում եւ Ռուսաստանի ագրեսիվ հակախաղը՝ ուղղված հետխորհրդային տարածքում սեփական ազդեցության վերականգնմանը, մտան մի նոր՝ ավելի գլոբալ, ակտիվ եւ վտանգավոր փուլ։ Մի կողմից՝ աշխարհաքաղաքական եւ էներգետիկ նշանակության մեծացումը Ադրբեջանին խոստանում է քաղաքական եւ տնտեսական լավ դիվիդենդներ։ Փաստորեն, Ադրբեջանի բազմամյա արեւմտամետ ռազմավարությունն արդեն սկսել է ձեռք բերել առարկայական տեսք եւ որոշակի «աշխարհաքաղաքական իմունիտետ»։ Իսկ տնտեսական տեսանկյունից՝ բոլոր էներգետիկ նախագծերի փուլ առ փուլ իրականացումը սկիզբ դրեց երկիր մտնող նավթադոլարների եւ ներդրումների վիթխարի հոսքի, ինչը, իհարկե, ստեղծում է զարգացման գործընթացների աշխուժացման հնարավորություն։ Միեւնույն ժամանակ, տարածաշրջանում գերիշխանության համար Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ պայքարի սրումը, համաշխարհային ֆինանսական ճգնաժամի խորացումը, էներգապաշարների գների աննախադեպ անկումը եւ ղարաբաղյան եւ Իրանի խնդիրների լուծման անորոշ հեռանկարները մեծացնում են երկրի իրական ռիսկերը եւ սպառնալիքները՝ դառնալու «նավթային քարտեզի» եւ գերտերությունների միջեւ աշխարհաքաղաքական մենամարտի պատանդը։

Հետխորհրդային տարածքում Մոսկվայի ստեղծած՝ Վրաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության կոպիտ ոտնահարման վտանգավոր նախադեպը սպառնում է արմատապես փոխել երկրների փոխհարաբերությունների ամբողջ կոնֆիգուրացիան։ Փաստորեն, այն ցանկացած պետության դատապարտում է միարժեք ընտրության այդ ագրեսիվ նեոկայսերական ճնշման առջեւ «կապիտուլյացիայի» եւ Ռուսաստանից զգուշավոր, բայց հետեւողական հեռացման միջեւ։ Իհարկե, այդպիսի դիրքային ընտրության առջեւ է կանգնած նաեւ Ադրբեջանը՝ հատկապես ղարաբաղյան խնդրի առկայության պայմաններում։

Կարդացեք՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել