Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՏՕԳՈՍՏՈՍՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆ

Մարտ 17,2009 00:00

Ինչպես եւ մի շարք այլ երկրներ, Հայաստանն ու Ադրբեջանն այսօր ստիպված են բոլորից առավել հաշվի նստել վրաց-ռուսական պատերազմի եւ միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքների հետ: Ղարաբաղյան հակամարտությամբ սերտ փոխկապված Հայաստանն ու Ադրբեջանը ձգտում են ոչ թե պարզապես նվազագույն վնասներով դուրս գալ ստեղծված բարդ աշխարհաքաղաքական եւ տնտեսական կացությունից, այլ ոչ մի դեպքում դրանում չզիջել մեկմեկու: Ստորեւ բերվող հարցազրույցներով մենք սկսում ենք հայ եւ ադրբեջանցի գործիչների, վերլուծաբանների եւ փորձագետների հարցումները՝ «Հայաստանն ու Ադրբեջանը օգոստոսյան պատերազմից հետո» թեմայով: Հարցազրույցները նույն սկզբունքով, այսինքն՝ հայ եւ ադրբեջանցի մասնագետների հետ նույն հարցերի շուրջ զրույցների ներկայացում ընթերցողներին, տպագրվում են նաեւ Բաքվում՝ «Նովոյե վրեմյա» ռուսալեզու թերթում (www.novoyevremya.com):

Այս նյութերը պատրաստվում են մեր կենտրոնի եւ Բաքվում Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի համատեղ ծրագրով, որին աջակցում է «Հաշտեցման ռեսուրսներ» (Conciliation Resourses) միջազգային կազմակերպությունը:

«Ռեգիոն» հետազոտական կենտրոն

Հայաստանի եւ Ադրբեջանի մասով ամերիկյան ներգրավվածությունը հավասարակշռված է

Հարցազրույց Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների պատասխանատու Վլադիմիր Կարապետյանի հետ

– Տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձություններից կամ գործընթացներից որո՞նք են առավելապես ազդել (կամ կարող են ազդեցություն ունենալ) Հայաստանի վրա:

– Օրիգինալ չեմ լինի, եթե ասեմ, որ Վրաստանում տեղի ունեցած օգոստոսյան պատերազմը շրջադարձային էր, եւ այն շատ հարցերում կանխորոշեց հետագա զարգացումները տարածաշրջանում: Նախ եւ առաջ Ռուսաստանը տարածաշրջանում իր դերը եւ նշանակությունը բարձրացնելու հայտ ներկայացրեց: Երկրորդ՝ մենք ավելի մեծ անորոշություն ունեցանք՝ կապված Ռուսաստանի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի ճանաչման հետ: Երրորդը, բնականաբար, Վրաստանի եւ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների զարգացման հեռանկարն է:

Ս. Սարգսյանի եւ Ի. Ալիեւի միջեւ մոսկովյան հանդիպումը նույնպես շատ կարեւոր նշանակություն ունեցավ ԼՂ հակամարտության կարգավորման տեսանկյունից՝ հաշվի առնելով ստորագրված փաստաթուղթը: Հայտնի է, որ 1994թ. հետո որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել հակամարտող կողմերի միջեւ, որտեղ չկար բոլոր կողմերի ստորագրությունը: Ինձ համար անհասկանալի է, թե ինչու մեր իշխանությունները գնացին այդ քայլին, փաստորեն՝ փոխարենը ոչինչ չստանալով: Չնայած ասում էին, որ Ադրբեջանն իր վրա ինչ-որ պարտավորություններ է վերցրել խաղաղ ճանապարհով լուծելու հակամարտությունը: Բայց փաստն այն է, որ այդ պարտավորությունները հօդս ցնդեցին, եւ իրականում Ադրբեջանը շարունակեց նույն ագրեսիվ կեցվածքը: Այսինքն՝ Հայաստանը որեւէ բան չունեցավ այդ փաստաթղթից, բայց ամբողջ աշխարհին, համանախագահներին, Ադրբեջանին ցույց տրվեց, որ կարող են ստորագրություններ լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող փաստաթղթի տակ՝ առանց ԼՂՀ-ի մասնակցության: Կարծում եմ՝ սրանք շատ կարեւոր իրադարձություններ են:

Իհարկե, Մոսկովյան հռչակագիրն ունեցավ իր հետեւանքները, եւ այս առումով ես ուզում եմ արձանագրել Ադրբեջանի ոչ կառուցողական քայլերի շարունակականությունը վերջին շրջանում: Հայաստանի գլխին կուտակված ամպերի, պատժամիջոցների սպառնալիքների համատեքստում Ադրբեջանը կարծես ավելի ինքնավստահ է զգում միջազգային կազմակերպություններում: Անցած տարվա դեկտեմբերի վերջին Ադրբեջանը տարածել էր երկու փաստաթուղթ ՄԱԿ-ում, 2008 թ. ընթացքում ընդունվել են երկու ադրբեջանանպաստ բանաձեւեր ՄԱԿ- ի եւ ԵԽԽՎ-ի շրջանակներում, ինչը թերեւս հնարավորություն է տալիս Ադրբեջանին՝ ավելի ձգձգելու խաղաղ գործընթացը:

Պատերազմը որոշակի ազդեցություն ունեցավ նաեւ հայ-թուրքական հարաբերությունների ակտիվացման ուղղությամբ: Թուրքիան ընդունեց Հայաստանի հրավերը, Թուրքիայի նախագահն այցելեց Երեւան: Դրանից հետո բավական ակտիվ շփումներ տեղի ունեցան երկու երկրների տարբեր աստիճանի պաշտոնյաների միջեւ, որոնց նախաձեռնողը, ինչպես վերջին 6-7 տարիների ընթացքում, եղել է Թուրքիան: Մինչեւ Սերժ Սարգսյանի նախագահությունը, Հայաստանի իշխանությունները զուսպ էին այդ հանդիպումների առաջարկություններն ընդունելու հարցում, որովհետեւ հստակ գիտակցում էին, որ Թուրքիան այսօր պատրաստ չէ բացելու սահմանը, հաստատելու դիվանագիտական հարաբերություններ, եւ այդ հանդիպումներն օգտագործում է իր շահերի համար՝ խոչընդոտելու Ցեղասպանության ճանաչումը երրորդ երկրների կողմից, ներկայանալու իբրեւ կառուցողական, անգամ միջնորդ երկիր, որը պատրաստակամ կեցվածք ունի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: Նման քաղաքականությամբ Թուրքիան չեզոքացրեց ԵՄ-ի, եվրոպական այլ կառույցների ճնշումները՝ հարեւանների հետ հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության վերաբերյալ: Այսօր նա բոլորին կարող է «ապացուցել», որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կա «հաշտության գործընթաց», սակայն իրականում որեւէ քայլ սահմանների բացման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման ուղղությամբ չանել: Ի տարբերություն Քոչարյանի օրոք գործող իշխանությունների, այս իշխանություններն ընդառաջել են Թուրքիայի բոլոր կոչերին եւ հանդիպումներ են անցկացնում բոլոր մակարդակներում: Այդ հանդիպումները որեւէ արդյունք չեն տվել, եւ Թուրքիան շարունակում է քաղել դիվիդենդներ, օգտվել նման իրավիճակից՝ ԱՄՆ-ին, ԵՄ-ին եւ միջազգային հանրությանը ներկայանալով կառուցողական դիրքերից:

– Ի՞նչն է այսօր ամենից շատ բնորոշ Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի եւ ԱՄՆ վարած քաղաքականությանը, որքանո՞վ է փոխվել այդ քաղաքականությունը 2008թ. օգոստոսից հետո:

– Շատ մեծ ռազմավարական փոփոխություններ չկան: Հիմա առանձնահատուկ ներգրավվածություն, շահագրգռություն կոնկրետ Հարավային Կովկասի երկրներով՝ ես չեմ դիտարկում: Միեւնույն ժամանակ, Ռուսաստանը շատ ակտիվ է Թուրքիայի հետ հարաբերություններում: Թուրքիայի նախագահի վերջին այցը Ռուսաստան (2009 թ. փետրվար- խմբ.), կարծում եմ, շատ նշանակալի իրադարձություն էր: Ռուսաստանը, փաստորեն, ճանաչեց Թուրքիայի «հատուկ շահերը» Հարավային Կովկասում, ինչը թերեւս կունենա որոշակի հետեւանքներ:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա վարչակազմի փոփոխությունը որոշակի ազդեցություն նույնպես ունեցավ ակտիվության առումով: Միեւնույն ժամանակ, մեր տարածաշրջանում ԱՄՆ-ն հավատարիմ է արտաքին քաղաքականության իր հռչակած սկզբունքներին: Ռազմավարական դաշինքի մակարդակի հարաբերություններ են հաստատվել Վրաստանի հետ, շատ նորմալ հարաբերություններ կան Հայաստանի, կարծում եմ նաեւ՝ Ադրբեջանի հետ: Հայաստանի եւ Ադրբեջանի մասով ամերիկյան ներգրավվածությունը տարածաշրջանում հավասարակշռված է: Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա այստեղ մի հանգամանք կա, որը հաճախ չի նշվում. դա հարաբերություններ խորացնելու երկու կողմերի պատրաստակամությունն է: Այսինքն՝ Վրաստանն ինքն է հռչակել արեւմտյան ուղին որպես գերակա՝ մնացած այլ վեկտորների նկատմամբ: Վրաստանն ինքն է ձգտում այդ կարգի հարաբերություններ հաստատել, միայն Ամերիկայից չի կախված, թե ինքն ինչ հարաբերություններ կունենա տարբեր երկրների հետ:

Հայաստանն էլ իր հերթին տեւական ժամանակ օգտվել է այն ըմբռնումից, որը կա Մոսկվայում եւ Վաշինգտոնում, ոչ ոք (ոչ Ռուսաստանը, ոչ էլ ԱՄՆ-ն) Հայաստանին չի դրել որեւէ մեկի ընտրության առջեւ: Կարծում եմ, որ Հայաստանի նկատմամբ այս մոտեցումը կպահպանվի առաջիկայում էլ, եւ չեն լինի այնպիսի իրավիճակներ, երբ Հայաստանը ստիպված կլինի կատարել ընտրություն: Նման վտանգ ես չեմ տեսնում: Կարդացեք՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել