Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազների հետ

Մարտ 17,2009 00:00

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը երկօրյա սեմինար էր կազմակերպել Ծաղկաձորում՝ լրատվամիջոցների եւ ՀՀ գլխավոր դատախազության հետ:

Առաջին անգամ էր, որ հասարակական կազմակերպությունը ստանձնում է միջնորդի դեր, այն էլ՝ դատախազության եւ ԶԼՄ-ների միջեւ: Մինչ այդ բազմաթիվ էին հանդիպումները դատավորների եւ ոստիկանության ներկայացուցիչների, փաստաբանների հետ: ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը բացման խոսքում ասաց, որ վերջին տարիներին ԶԼՄ-ները կայացել են, ու դա է պատճառը, որ նրանք դարձել են թիրախ: Անդրադառնալով տեղեկատվության մատչելիությանը՝ նա նաեւ ասաց. «Մենք չենք կարող դառնալ սեւ արկղ ինֆորմացիայի համար, որ ինչ-որ մեկը գա՝ թափանցի այնտեղ»:

Գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական վարչության պետ Արտակ Հարությունյանն ուշադրություն հրավիրեց դատախազության վերահսկողական գործառույթներին, դրանց իրական նվազեցմանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ տեղերում աշխատանքներ են տարվում դատախազների մասնագիտացման ուղղությամբ, քանի որ ունիվերսալ մոտեցումներն արդյունավետ չեն: Այսինքն, քրեական գործերով թրծված դատախազը չի կարող տնտեսական հանցագործությունների վերահսկման հարցերով լինել նույնքան պրոֆեսիոնալ:

Օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության, հանցագործների հանձնման եւ տեղափոխման բնագավառում ՀՀ դատախազության դերի մասին խոսեց միջազգային կապերի վարչության պետ Նելլի Հարությունյանը: Նա տեղեկացրեց, որ հայտնաբերված հետախուզվողի հետագա կալանքի հարցը լուծվում է միջազգային պայմանագրերով եւ ազգային օրենսդրության սահմանված կարգով: «Դեռեւս գործնականում հանդիպում են դեպքեր, երբ ՀՀ-ում հայտնաբերված հետախուզվողի նկատմամբ հետախուզում նախաձեռնող երկրի իրավասու մարմնի կողմից խափանման միջոց կալանքը փոփոխվում է՝ առանց գլխավոր դատախազության հետ քննարկելու ու համաձայնության: Դա լուրջ վտանգ է ստեղծում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման տեսանկյունից, այն է՝ իր քաղաքացիներին չհանձնելու դեպքում ՀՀ-ն պարտավորություն է ստանձնում հայտնաբերված անձանց քրեական պատասխանատվության ենթարկել այլ պետություններում կատարված հանցագործության համար»,- ասաց Ն. Հարությունյանը, որի դիտարկմամբ՝ նման խոչընդոտներ են հարուցում դատարանները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել