Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸ՝ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Մարտ 17,2009 00:00

Անցյալ տարվա ապրիլի 6-ին «Նորք» հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից տեղեկացվեց, որ իրենց մոտ է տեղափոխվել 40-ամյա Վաղարշակ Ոսկանյանի դիակը:

Դատաբժշկական փորձաքննությամբ պարզվեց, որ նրա մահը վրա է հասել գլխուղեղի կենսական կարեւոր ֆունկցիաների սուր խանգարումից, գանգուղեղային վնասվածքից: Ավելին, ըստ դատաբժիշկների, Ոսկանյանի գլխի եւ դեմքի վնասվածքներից յուրաքանչյուրը կարող էր մահվան պատճառ դառնալ: Ապրիլի 7-ին Կենտրոնի քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ:

Այդ օրը, գիշերվա ժամը 11.30- 12-ի սահմաններում, Վաղարշակ Ոսկանյանը, որը վարորդ էր աշխատում տուրիստական կազմակերպություններից մեկում, հորեղբոր փեսայի հետ դուրս է եկել տնից՝ ինչ-որ մեկից անձնագիր վերցնելու նպատակով: Նորքի 5-րդ փողոցում նրանք հանդիպում են հարբած երիտասարդների, որոնցից մեկն առանց պատճառի գարեջրի շիշ է նետում Ոսկանյանի մեքենայի ուղղությամբ: Երբ Ոսկանյանն ու ազգականը դուրս են գալիս մեքենայից, կատարվածը պարզելու նպատակով, սկսվում է ծեծկռտուք: Ականատեսների վկայությամբ, վեճը հրահրած հրոսակախումբը սպասելիս է եղել մեկ այլ խմբի: Ծեծկռտուքի ժամանակ Վաղարշակը ծնոտին ստանում է ուժեղ հարված, հետագա ոտքի հարվածները դեմքին էին, գլխին: Ըստ ոստիկանության հաջորդ օրվա պաշտոնական տեղեկատվության՝ դեպքի վայրից փախուստի են դիմում ԱԺ հանգուցյալ պատգամավոր Արմենակ Արմենակյանի որդին՝ Վարազդատը, ՆԳ ներքին զորքերի նախկին հրամանատար Վահան Հարությունյանի փեսան՝ «Ռաֆուլիկը»՝ Ռաֆիկ Բարսեղյանը, թաղային հեղինակություններ «Արազիկը», «Գոջոն»:

Սպանությունից 9 օր հետո միայն՝ ապրիլի 15-ին, Արազ Բալագյոզյանի նկատմամբ ընտրվում է կալանքը՝ որպես խափանման միջոց:

Մեկ տարի առաջ, երբ անդրադառնում էինք Վաղարշակ Ոսկանյանի սպանության գործի նախաքննությանը, շրջանառվում էին լուրեր, որ կռվին մասնակից է եղել մոտ 20 երիտասարդ, եւ որ երկու անչափահաս երեխաների հայրը՝ Վ. Ոսկանյանն, անմեղ զոհ է եղել: Ի դեպ, վերջինի երեխաները սովորում են նույն այն դպրոցում, որի ներկայիս տնօրենն է Վարազդատ Արմենակյանի մայրը:

Վ. Ոսկանյանի սպանության գործի նախաքննությունը տեւեց 1 տարի: Գործն օրեր առաջ ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան: Դատական նիստերը նախագահելու է դատավոր Գագիկ Պողոսյանը: Տուժողի իրավահաջորդի՝ Վահե Ոսկանյանի (սպանվածի եղբոր) ներկայացուցիչն է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Անժելա Կարապետյանը: Ամբաստանյալները երեքն են՝ Արազ Բալագյոզյանը, Վարազդատ Արմենակյանը, Սարգիս Պետիկյանը: Երեկ տեղեկացանք, որ կողմերին ուղարկվել են մեղադրական եզրակացությունը, քրեական գործը դատարանի վարույթ ընդունելու մասին որոշումը, իրավունքների ու պարտականությունների մասին հուշաթերթիկները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել