Լրահոս
Օրվա լրահոսը

Չեն կրճատում՝ վերաձեւավորում են

Մարտ 17,2009 00:00

Հայաստանյան բջջային կապի օպերատորները վստահեցնում են, որ ճգնաժամը կապի ոլորտին ամենաուշն է հասնում:

Արդեն քանի ամիս է՝ «ԱրմենՏել» եւ «ՎիվաՍել-MTC» ընկերությունների աշխատակիցների շրջանում խուճապ է տարածված: Ընկերությունների աշխատակիցներին տեղեկություններ են հասել, որ օպերատորները պատրաստվում են մեծ թվով կադրային կրճատումներ անել: Այն աշխատակիցներն էլ, որոնք վերջերս են ընդունվել կամ դիրքերն այնքան էլ ամուր չեն՝ «շունչները պահած» սպասում են, թե իրենց երբ են աշխատանքից ազատելու: Մեր տեղեկություններով՝ կրճատվելու մտքից հատկապես անհանգստացած են «ԱրմենՏել» ընկերության շարքային աշխատակիցները: Նրանցից ոմանց խոսքերով, վերջին 1-2 տարիների ընթացքում այդ ընկերությունից տասնյակ աշխատակիցներ արդեն կրճատվել են: Ընկերությունների աշխատակիցները սպասվող կրճատումների հանգամանքը պայմանավորում են համաշխարհային տնտեսական ճգնաժամով:

Այս առնչությամբ, «ԱրմենՏելի» մամուլի քարտուղար Անուշ Բեղլոյանը «Առավոտի» հետ զրույցում պարզաբանեց, որ 1 տարուց ավելի է, ինչ իրենց մոտ աշխատակազմի վերաձեւավորում է տեղի ունենում. «Ամենայն հավանականությամբ, այդ է պատճառը, որ փոփոխությունները վերագրում են ճգնաժամին, բայց մենք դա անում ենք սպասարկման որակի բարձրացման համար: Մենք ցանկանում ենք, որ սպասարկման որակը համապատասխանի բաժանորդների պահանջներին: Նշեմ, սակայն, որ վերջերս մեծ փոփոխություններ չեն եղել, այսինքն՝ մեծ թվով մարդիկ չեն դուրս եկել: Կրճատումներ եղել են անցալ տարի, երբ մենք միանգամից 50-60 թափուր աշխատատեղի համար մրցույթ հայտարարեցինք: Մենք այսօր այն քիչ ընկերություններից ենք, որ նույնիսկ այս պայմաններում աշխատանքով ապահովելու մասին հայտարարություն ենք տալիս: Բայց չեմ կարող ասել՝ վաղը ինչ կլինի»: Մեր հարցին, թե ինչպե՞ս է ճգնաժամն ընդհանուր առմամբ անդրադարձել «ԱրմենՏելի» վրա, Ա. Բեղլոյանը պատասխանեց. «Հեռահաղորդակցության ինդուստրիան այն ոլորտն է, որի վրա ամենավերջում է ճգնաժամն անդրադառնում, քանի որ հեռախոսներն արդեն մտել են մարդկանց կյանք եւ չնայած ամեն ինչին՝ մարդիկ շարունակում են խոսել: Դա նույնն է, եթե ասենք, որ ճգնաժամի պատճառով օճառ ավելի քիչ ենք գնելու: Բայց մենք զգույշ ենք: Այն ծրագրերը, որոնք ուղղակիորեն կապված չեն բիզնեսի հետ, ավելի զգուշավոր ենք իրականացնելու: Ծրագրերը հաստատելիս՝ ավելի մեծ ուշադրություն կդարձնենք ռիսկերին: Այսինքն՝ անելու ենք այն, ինչն անհրաժեշտ է»:

Մեր տեղեկությունը, թե օրերս «ՎիվաՍել-MTC»-ից էլ են աշխատակիցներ կրճատվել, ընկերության մամուլի քարտուղար Վահե Իսահակյանը հերքեց, ասելով, որ նման բան չկա. «Հնարավոր է պայմանագրով աշխատողներին է դա վերաբերել, որոնք մշտական աշխատողներ չեն եւ մեզ մոտ աշխատանքի են անցնում որոշակի ժամանակահատվածի համար: Երեւի պայմանագրի ժամկետը լրացել է, ու նրանք այլեւս մեզ հետ չեն կարող համագործակցել: Մեր մշտական աշխատակիցներից ոչ ոք աշխատանքից չի ազատվել: Պարոն Յիրիկյանը մշտապես հայտարարել է, որ ոչ մի աշխատող «ՎիվաՍել-MTC»-ից չի կրճատվելու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել