Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՔՆԱՍՊԱՆ ՉԻ ԵՂԵԼ, ՈՐՊԵՍԶԻ ՍԻՐԱԾ ԱՂՋԻԿԸ ՄԵՂՔԻ ՏԱԿ ՉԸՆԿՆԻ

Մարտ 17,2009 00:00

Մասնագետի խոսքերով, եթե մարդը դիմում է ինքնասպանության, նշանակում է, որ նա ունի մի ուժեղ ցավ եւ այլեւս չի կարողանում այդ ցավը կրել:

«Ոչ ոք չի կարող ասել, որ ես հոգեպես անհավասարակշիռ անձնավորություն եմ եւ ինքս էլ իմ մասին այդ կարծիքին չեմ, պարզապես վստահ եմ, որ յուրաքանչյուր մարդու կյանքում այնպիսի պահեր են լինում, որ նա այլեւս չի ուզում ապրել: Տարիներ առաջ, երբ ես եւ ընկերս ավտովթարի ենթարկվեցինք, նա մահացավ, իսկ ես կենդանի մնացի: Դա ամենամեծ հարվածն էր, որ ես ստացա կյանքում: Արտաքուստ շատ, նույնիսկ չափից ավելի հանգիստ էի: Կողքից անգամ զարմանում էին, թե ես այդ ամենը ինչպես եմ կարողանում այդքան «թեթեւ տանել»: Բայց թե ինչ էր կատարվում իմ ներսում՝ միայն ինձ է հայտնի: Իրականում իմ ուղեղում ամբողջ ժամանակ պտտվում էր այն միտքը, թե ես ինչու չմեռա: Մտածում էի, որ արդարացի կլիներ, եթե ես էլ մեռնեի: Էլ ո՞ւմ է պետք իմ կյանքը, ինչի՞ համար եմ ապրում: Հաճախ էի մտածում ինքնասպանություն գործելու մասին: Օրվա մեջ մի քանի անգամ այդ միտքը հայտնվում էր ուղեղումս: Ու մի օր էլ լոգարանում փակվեցի ու որոշեցի, որ այս ամենին վերջ դնելու ժամանակն է: Բայց ձեռքս դողաց: Չկարողացա: Ոչ թե նրա համար, որ մեռնելուց վախեցա, այլ պարզապես կարծես ինչ-որ մեկը ձեռքս բռնեց ու թույլ չտվեց, որ դա անեմ: Հետո, երբ այդ մասին պատմեցի ընկերուհուս, նա ինձ հանգստացրեց ու բացատրեց, որ ինքնասպանությունն ամենամեծ մեղքն է, որ Աստված ինձ ապրելու երկրորդ հնարավորություն է տվել, ու ես պետք է ապրեմ: Մեռնելով ոչինչ հետ չեմ բերի: Այդ դեպքից մոտավորապես 5 տարի է անցել: Հիմա ես ապրում եմ, եւ դա է ճիշտը»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց 27-ամյա Դիանան:

«3 տարի առաջ էր, բանակում էի: Հաշված ամիսներ էին մնացել, որ զորացրվեմ ու տուն գամ: Բայց մի առավոտ սիրածս աղջկանից նամակ ստացա: Գրել էր, որ ուրիշի հետ է ամուսնանում: Նվիրածս մատանին էլ դրել էր ծրարի մեջ ու ուղարկել: Այնպիսի իրավիճակում էի հայտնվել, որ չգիտեի՝ ինչ անել: Գրում էի՝ չէր պատասխանում, զանգում էի՝ լսափողը չէր վերցնում: Ես Ղարաբաղում էի ծառայում եւ այդ ժամանակ տուն գալու ոչ մի հնարավորություն չունեի, որ նրան տեսնեի, խոսեինք, մի բան հասկանայի: Հոգեկան այնպիսի անելանելի վիճակում էի հայտնվել, որ հիմա բառերով չեմ կարող բացատրել: Ախր նրան այնքան էի սիրում, որ նույնիսկ պատկերացնելը, թե կարող է ուրիշի կինը դառնալ՝ ինձ համար հավասար էր մահվան: Ուզում էի մեռնել. ինձ համար այլեւս ոչ մի բան իմաստ չուներ: Մի գիշեր էլ, երբ տղաները քնած էին, զգուշությամբ դուրս եկա եւ գնացի լողասենյակ: Նախապես ամեն ինչ ծրագրել էի: Որոշել էի կախվել: Բայց ընկերս պատահաբար արթնացել էր, տեսել, որ անկողինս դատարկ է, սիրտը վատ բան էր վկայել, հետեւիցս դուրս էր եկել: Վերջին պահին հասավ: Եթե մի քանի վայրկյան ուշանար՝ ես էլ չէի լինի: Հետո, երբ կարողացա իրավիճակը սթափ դատել, հասկացա, որ հենց միայն այն բանի համար, որ նրան սիրում եմ, չպետք է այդպիսի բան անեմ: Քանի որ, եթե վերջ տայի կյանքիս, նա ամբողջ կյանքում այդ մեղքի բեռը ուսերին կապրեր, իսկ ես չէի ուզում, որ նա տանջվեր: Հիմա իմ կյանքում արդեն շատ բան է փոխվել: Ես ապրելու համար արդեն ուրիշ պատճառներ էլ ունեմ»,- պատմեց 23-ամյա Ա. Դ.-ն:

Ամբողջ աշխարհում տարեկան կատարվում է 900 հազար ինքնասպանություն: Սա նշանակում է, որ ամեն 40 վայրկյանը մեկ գրանցվում է մեկ ինքնասպանության դեպք: Այսպիսին է ՄԱԿ-ի Համաշխարհային առողջապահության կազմակերպության (ՀԱԿ) տվյալները: ՀԱԿ-ի փորձագետները պարզել են, որ ինքնասպանության գլխավոր պատճառներն են աղքատությունը, գործազրկությունը, պատժվելու վախը, հոգեկան հիվանդությունները, ընտանեկան եւ անձնական խնդիրները, ծանր հիվանդությունները:

«Ինքնասպանություն երեւույթը մարդու հոգեկան աշխարհի պատասխանն է արտաքին աշխարհին: Ինքնասպանությունը կոնֆլիկտային վիճակից դուրս գալու ձեւ է: Այստեղ բախվում են մարդու արժեքները, դիրքորոշումները եւ պահանջմունքների, ցանկությունների չբավարարված լինելը: Առհասարակ՝ ինքնասպանություն երեւույթը պետք է դիտարկել ե՛ւ անհատի տեսանկյունից, ե՛ւ անհատից դուրս՝ մարդկության տեսանկյունից, քանի որ այն, որպես համընդհանուր երեւույթ, եղել է մարդկության պատմության ողջ ընթացքում: Եթե մարդն ինքնասպանություն գործելու քայլին է դիմում, ապա այդ ժամանակ նրա մեջ արթնանում է մահվան, կործանման բնազդը, որը հաղթում է բոլոր մյուս բնազդներին: Բայց բոլոր դեպքերում ինքնասպանությունը փախուստ է, իսկ փախուստը պաշտպանվելու միջոց է: Ինքնապաշտպանությունն էլ իր հերթին կյանքի բնազդ է: Եվ այստեղ կյանքի ու մահվան բնազդները ոչ թե հակադրվում են, այլ միասնաբար են գործում: Եթե մարդն այդպիսի քայլի է դիմում, նշանակում է, որ նա ունի մի ուժեղ ցավ եւ այլեւս չի կարողանում կրել այդ ցավը: Փաստորեն, նա ուզում է մեռնել՝ այդ ցավից պաշտպանվելու, ազատվելու համար»,- մեզ հետ զրույցում «ինքնասպանություն» երեւույթն այսպես մեկնաբանեց հոգեբան Նարե Գրիգորյանը:

Ըստ նրա, կան նաեւ, այսպես կոչված, «հիստերոիդ» տիպի մարդիկ, որոնք ոչ թե ուզում են վերջ տալ իրենց կյանքին, այլ պարզապես ուզում են այդ քայլով ուշադրություն գրավել. «Այդ քայլը անելուց առաջ զանգում են եւ ինչ-որ մեկին զգուշացնում կամ, ասենք, սենյակի դուռը բաց են թողնում: Նրանք պարզապես ուշադրության, հոգատարության պակաս ունեն»: Հոգեբանի խոսքերով, նման իրավիճակում հայտնված մարդկանց անհրաժեշտ է ինչպես մասնագետի, այնպես էլ շրջապատող մարդկանց՝ ծնողների, ընկերների, մտերիմների օգնությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել