Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հարկադրված՝ կթանկացնեն վառելիքը

Մարտ 17,2009 00:00

\"\"Նոր կանոնակարգի համաձայն՝ գազալցակայաններից յուրաքանչյուրը պետք է մոտ 200 հազար դրամի ծախս անի, ինչն էլ կհանգեցնի գազի գնաճի:

Այսօր աշխարհը ուղիներ է փնտրում տնտեսական ճգնաժամի բացասական հետեւանքները հնարավորինս մեղմելու համար, իսկ մեր կառավարության՝ նախորդ մի քանի ամիսներին ընդունված շատ հայեցակարգեր ու կանոնակարգեր տնտեսվարողների համար լրացուցիչ խնդիրներ են առաջացնում: Մասնավորապես, նախորդ տարեվերջին մշակվել եւ հաստատվել է «Ավտոգազալիցքավորման ճնշակայանների կառուցման եւ շահագործման նվազագույն պահանջների տեխնիկական կանոնակարգը», որի պատճառով գազալցակայանների սեփականատերերը ստիպված են լրացուցիչ ծախսեր կատարել, ինչը նշանակում է նաեւ, որ այն կհանգեցնի հեղուկ գազի գնաճի:

Այս մասին «Առավոտի» հետ հարցազրույցում ասաց «Ռուսական ազգային այլընտրանքային վառելիքի ասոցիացիայի» անդամ, փորձագետ Արթուր Ղազարյանը: Նրա ներկայացմամբ, կառավարության նորամուծությունը գազալցակայաններից յուրաքանչյուրին 200 հազար դրամ ծախսի տակ կգցի, քանի որ նրանք պարտավոր են տեղադրել որոշ սարքավորումներ, որոնց անհրաժեշտությունն, ըստ էության, չկա: «Օրինակ, մեր գազալցակայաններին ամենեւին էլ պետք չեն գազի չորացման համակարգերի ներդրումը, քանի որ Հայաստանում գազը այնքան էլ խոնավ չէ: Ուկրաինան նույնպես ընդունել էր նման հայեցակարգ եւ արդյունքում գազալցակայանները հերթով փակվեցին: Եթե մեր կառավարությունը այս տեմպերով շարունակի, մեզ մոտ նույնպես գազալցակայանները կփակվեն, առանց այդ էլ այս ոլորտում զարգացում չկա»,- նշեց Ա. Ղազարյանը: Նրա խոսքերով, գազալցակայաններին ճնշում է նաեւ հարկայինը. «Այլ պետություններում գազալցակայանները հարկ են վճարում օգտագործված խորանարդ մետրերի դիմաց, իսկ Հայաստանում սահմանել են ինչ-որ հաստատագրված գումար եւ պարտադրում են, որ վճարեն, ինչն էլ գազի սակագնի բարձր գին է ենթադրում»: Երկրորդական խնդիրների հետեւից ընկնելու փոխարեն, Ա. Ղազարյանը մեր ղեկավարներին խորհուրդ է տալիս զբաղվել ոլորտի առաջնային խնդիրներով, օրինակ՝ ավտոմեքենաների գազաբալոնային համակարգերի անվտանգության հարցով. «Վարորդների մի մասը արդեն հրաժարվում է իրենց ավտոմեքենաների գազաբալոնային համակարգերից եւ անցնում են բենզինով վարելու եղանակին: Պատճառը նաեւ վախն է. միայն նախորդ տարի 18 պայթյունի դեպք գրանցվեց ամբողջ երկրում, ինչը բավականին մեծ ցուցանիշ է»:

Փորձագետի կարծիքով, տնտեսական ճգնաժամը առիթ է նաեւ, որպեսզի մեր ղեկավարները մտածեն այլընտրանքային վառելիքի մասին. «ԱՄՆ-ն արդեն իր երկրի ընդհանուր նավթային վառելիքի 30%-ը փոխարինել է էթանոլով եւ մինչեւ այս տարվա վերջ նախատեսում է այն հասցնել 45%-ի: Պարզել եմ, որ Հայաստանում՝ ոչ Ազգային ակադեմիայում, ոչ էլ Էներգետիկ հետազոտման ազգային ինստիտուտում տեղյակ չէին այս ոլորտից, ասում էին, որ այդ մասին լսել են, սակայն ուսումնասիրություններ չեն արել: Պետք է հնարավորինս շուտ այս ուղղությամբ քայլեր ձեռնարկել, քանի որ արդեն հաշվարկվել է, որ Ռուսաստանում նավթային վառելիքը կվերանա 2021, իսկ Ուզբեկստանում՝ 2030 թվականին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել