Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԻՐ ԳԼԽԻՑ ՄԵԾ ԳՈՐԾԵՐ ՉԻ ԲՌՆԻ

Մարտ 17,2009 00:00

\"\"Տնտեսագետների կարծիքով, թեեւ ծախսերը կրճատելու մասին որոշումն ուշացած է, սակայն այն մեր ղեկավարներին կստիպի ոտքները վերմակի չափով մեկնել:

Կառավարության վերջին նիստում որոշվեց, որ մեր պետությունն անցնելու է խնայողությունների խիստ ռեժիմի կամ, այլ կերպ ասած՝ «պետք է ծախսենք այնքան, ինչքան ի վիճակի ենք հավաքել հարկեր»: Որոշ տնտեսագետների հավաստմամբ՝ այս հայտարարության ենթատեքստն այն է, որ կավելանան տնտեսվարողների հարկային պարտավորությունները, ինչը մեր բյուջեի միակ հույսն է: Եթե նկատի ունենանք նաեւ այն, որ սպառվելու վրա է նաեւ կառավարության պահուստային ֆոնդը, ապա հարկային բեռն ավելացնելու վերաբերյալ տնտեսագետների կանխատեսումները իրատեսական են թվում: «Առավոտի» հետ զրույցում նրանցից ոմանք հավաստիացրին, որ խնայողությունների ռեժիմին անցնելու որոշումը կհանգեցնի հարկային բեռի ոչ համաչափ վերաբաշխման, այսինքն՝ խոշոր ձեռնարկությունները ավելի քիչ շահույթով կաշխատեն, իսկ փոքր ու միջին բիզնեսը պարզապես ընդլանվելու եւ զարգանալու տեղ չի ունենա:

Տնտեսական համալսարանի դասախոս, տնտեսագիտության դոցենտ Թաթուլ Մկրտչյանի ներկայացմամբ. «Ըստ այդ հայեցակարգի՝ ծախսերը մի ժամանակից տեղափոխում են մեկ այլ ժամանակի մեջ: Եթե բյուջեի եկամուտների հավաքագրումը ժամանակի ընթացքում շատ պակասի, գուցե հարկերն ավելանան»: Իսկ կառավարության կողմից՝ ներկրվող ապրանքների մաքսատուրքի բարձրացման հայեցակարգի վերաբերյալ «Առավոտի» հարցին պարոն Մկրտչյանը պատասխանեց. «Նախ, այդ ապրանքների գները անմիջապես կթանկանան այնքանով, որքանով դրանց մաքսատուրքը կավելանա: Սա կբերի այդ ապրանքների իրացման ծավալների կրճատման, սակայն մյուս կողմից, այս գործընթացն իր մեջ ներառում է նաեւ դրական բաղադրիչ. որոշ ներքին արտադրողների շահեր կպաշտպանվեն: Ներկա ճգնաժամային պայմաններում շատ քայլեր կան, որոնց չպետք է գնայինք: Մինչեւ վերջերս մեր կառավարությունը հայտարարում էր, որ «սեկվեստրի» չի գնա, բայց խնայողությունների գնալն արդեն իսկ «սեկվեստրին» նախորդող քայլն է»:

Տնտեսագետ Անդրանիկ Թեւանյանի կարծիքով էլ, ամեն ինչի պատճառն այն է, որ 2009-ի բյուջեն ի սկզբանե կազմված էր սխալ կանխատեսումների հիման վրա. «Երբ որ հաշվարկվել էր 9%-ից ավելի տնտեսական աճ, ըստ այդմ էլ բյուջեն սխալ էր կազմվել: Պետք է լինի բյուջեի ծախսերի տնտեսում, «օֆիցիալ» չի հայտարարվում, բայց փաստացի ամեն նախարարություն ներքին կարգով 10%-ի չափով կրճատել է իր ծախսերը»: Մեր հարցին, թե՝ գաղտնի՞ են խնայողություններ անում, պարոն Թեւանյանը պատասխանեց. «Ոչ թե գաղտնի, այլ նրանք օրենքը չեն ցանկանում փոխել, ասում են՝ ուզում ենք տեսնել՝ ինչ կլինի տարվա ընթացքում: Բայց արդեն դինամիկան ցույց է տալիս, որ բիզնես միջավայրի աշխուժության անկումը բերելու է հարկային մուտքերի պակասեցմանը: Էն գլխից պետք էր դա հաշվի առնել, այլ ոչ թե սպասել, տեսնել վիճակը վատանում է, դեֆիցիտը մեծանում է, հետո նոր գնալ ինչ-որ քայլերի: Ես որակել եմ այս բյուջեն ոչ թե ճգնաժամի դեմ պայքարի, այլ հենց ճգնաժամաստեղծ բյուջե»: Ըստ տնտեսագետի՝ մեր պետությունը պետք է թեթեւացնի հատկապես փոքր եւ միջին բիզնեսի հարկային բեռը, եւ նույնիսկ նրանց չպարտադրի տեղադրել ՀԴՄ-ներ: Մեր այն հարցին, թե կառավարության խնայողություններն ինչպե՞ս կանդրադառնան մեզանից յուրաքանչյուրի վրա, Ա. Թեւանյանը պատասխանեց. «Տարբեր շերտերը տարբեր կերպ կարձագանքեն: Քանի որ կառավարությունը հայտարարել է, որ սոցիալական բնույթի ծախսերը չեն կրճատելու, այդ մասով որեւէ անդրադարձ չի լինի: Իսկ ինչ վերաբերում է կապիտալ ներդրումներին եւ ծախսերին, ապա աշխուժության նվազում կնկատվի, քանի որ, բնականաբար, այդ չափի հարկեր հնարավոր չէր հավաքել»:

Հետազոտությունների եւ ռեսուրսների կովկասյան կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Հեղինե Մանասյանի կարծիքով էլ, կառավարությունը կծախսի այնքան, որքան կհավաքվի. «Իրենց ոտքը կմեկնեն իրենց վերմակի չափով, միջոցներ չլինելու դեպքում՝ ամբիցիոզ ծախսեր չեն անի»:

Մեր հարցին, իսկ խնայողությունների անցնելը ուշացած քայլ չէ՞ր, տիկին Մանասյանը պատասխանեց. «Շատերն են գտնում, որ ուշացած էր, բայց սրան էլ իր բացատրությունները կան: Եթե սպասելիքները նեգատիվ են, ապա կոլապսն ավելի խորն է լինում, քան, երբ կառավարությանը հաջողվում է մարդկանց ինչ-որ կերպ համոզել, որ որեւէ լուրջ բան չի կատարվում: Պատկերացնո՞ւմ եք, որ մի քանի ամիս առաջ դոլարի կուրսը բաց թողած լինեին, ու փոխարժեքն անընդհատ աճեր: Այս դեպքում ոչ թե միայն նրանք, ովքեր տեղյակ էին՝ ինչ է լինելու, այլեւ բոլորը, իրենց դրամային դեպոզիտները հետ կկանչեին, եւ կփորձեին փոխարկել դոլարի: Այդ դեպքում կունենայինք շատ ավելի ծանր հետեւանքներ, քան հիմա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել