Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանները լքեցին դատարանի դահլիճը

Մարտ 17,2009 00:00

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի

նախագահությամբ «Յոթի» գործով դատավարությունը ավարտվեց առանց քաղբանտարկյալների եւ նրանց պաշտպանների:

Փաստաբանները դուրս եկան դահլիճից այն բանից հետո, երբ դատավոր Մարտիրոսյանը որոշեց սանկցիա կիրառել ԱԺ պատգամավոր, քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի՝ արդեն նախկին պաշտպան Հովիկ Արսենյանի նկատմամբ՝ դիմելով Փաստաբանների պալատին վերջինիս դեմ կարգապահական վարույթ սկսելու միջնորդությամբ: Հիշեցնենք, որ մարտի 13-ին Ս. Միքայելյանի պաշտպանը դատարանին տեղեկացրել էր, որ իր պաշտպանյալն այլեւս հրաժարվել է իր ծառայություններից եւ ցանկություն ունի գործում նոր պաշտպան ներգրավել՝ ի դեմս Արթուր Գրիգորյանի: Սակայն դատավորը, այս հայտարարությանն ի պատասխան, ասել էր, թե այդ հարցը քննարկման առարկա կդառնա, երբ Ս. Միքայելյանը դատարան բերվի: Երեկ Ս. Միքայելյանի՝ արդեն նախկին պաշտպան Հ. Արսենյանը պատշաճ կարգով եւ գրավոր դիմումով ծանուցել էր դատավոր Մարտիրոսյանին, որ ինքն այլեւս պատգամավորի շահերի պաշտպանը չէ: «Ս. Միքայելյանը որոշել է, որ շարունակելու է իր շահերը դատարանում ներկայացնել իր իսկ ընտրած փաստաբանի միջոցով եւ իր նոր պաշտպանի միջոցով է պատկերացնում իր արդյունավետ պաշտպանությունը»,- փաստարկել էր նախկին պաշտպանը՝ հայտարարելով, թե դեմ չէ, որ դատավարությունն ընթանա իր բացակայությամբ, ու որ դա «խոչընդոտ չի հանդիսանում դատաքննությունը շարունակելու համար»: Բանն այն է, որ Հ. Արսենյանը դատարանում ներկայացնում է նաեւ Ալ. Արզումանյանի եւ Մ. Մալխասյանի շահերը, բայց նրանք, բացի Հ. Արսենյանից, գործում ներգրավված այլ պաշտպաններ էլ ունեն՝ ի դեմս Լիպարիտ Սիմոնյանի եւ Մելանյա Առուստամյանի:

Այսուհանդերձ, դատավորը անհարգալից էր համարել պաշտպան Արսենյանի բացակայությունն ու նրա նկատմամբ սանկցիա էր կիրառել: «Եթե այսպես շարունակվի, մենք ոչ միայն չենք կարող պաշտպանել մեր պաշտպանյալների շահերը, այլեւ՝ մեր իրավունքները, եւ ստիպված կլինենք հրաժարվել այս գործից»,- ի պատասխան դատավորի որոշման հայտարարել են «Յոթի»՝ դատարանի դահլիճում եղած պաշտպանները: Ս. Միքայելյանին դատարանում անպաշտպան թողնելուց, տուժողների բացակայության փաստը շրջանցելուց հետո դատական նիստը շարունակելու մասին դատավորի որոշումը ստիպեց պաշտպաններին հանդես գալ համատեղ հայտարարությամբ. «2008թ. դեկտեմբերի 19-ից մինչ օրս նախագահող դատավորի կողմից թույլ են տրվում օրենքի այնպիսի կոպիտ խախտումներ, որոնք խախտում են մեր պաշտպանյալների, տուժողների եւ պաշտպանների իրավունքները: Կոպտորեն ոտնահարվում են դատավարության մասնակիցների իրավունքները: Սույն գործով դատավարությունն իրականացվում է ոչ թե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, այլ՝ նախագահող դատավորի կամայականությամբ: 2008թ.-ի դեկտեմբերի 19-ին դատական նիստին, նախագահող դատավորի թույլտվությամբ, ներկա են գտնվել ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբաններ Արթուր Գրիգորյանը եւ Արա Զաքարյանը: Մյասնիկ Մալխասյանը եւ Սասուն Միքայելյանը հանդես են եկել հայտարարությամբ, որով ցանկություն են հայտնել իրենց պաշտպանությունը իրականացնել այդ պաշտպանների միջոցով: Դատարանը մերժել է նրանց միջնորդությունը այն պատճառաբանությամբ, որ դատավորին ինքնաբացարկի հայտնման փուլում չի թույլատրվում նրանց ներգրավվումը որպես պաշտպանների»:

Արձանագրելով, որ դատարանը պարբերաբար եւ բազմիցս մերժել է պաշտպանական կողմի բոլոր միջնորդությունները, 6 քաղբանտարկյալների պաշտպանները հայտարարել են, որ «դատարանը ոչ միայն չի գործում իրավունքի եւ օրինականության դաշտում, այլեւ կատարում է կամայական գործողություններ», «ակնհայտ պատվեր» է կատարում եւ որ դատավորը «զբաղվում է ինքնիրավչությամբ՝ այսպիսով դատարանը դնելով օրենքից դուրս»: Շեշտելով, որ «արդեն մի քանի դատական նիստերի ընթացքում մենք ստիպված ենք լինում գործի համար վճռորոշ որոշումներ ընդունել առանց մեր պաշտպանյալների հետ խորհրդակցելու», պաշտպանները արձանագրել են. «Մեր ներկայությունն ապահովելով դատարանը հետապնդում է արդարադատության նպատակների հետ ոչ մի ընդհանուր բան չունեցող նպատակ՝ լեգիտիմության տեսք տալու այս կամայականություններով հագեցած դատավարությանը: Նման պայմաններում ակնհայտ է, որ մեր ներկայությունն այս դահլիճում ոչ մի ընդհանուր բան չունի փաստաբանի առաքելության հետ: Մենք պարզապես օգտագործվում ենք՝ այս դատավարությանը օրինական եւ իրավական տեսք տալու նպատակով: Մենք չենք կարող դավաճանել փաստաբանական մեր երդմանը եւ խախտել օրենքները ու ի վնաս մեր պաշտպանյալների՝ գործողություններ կատարել», ուստի՝ ստիպված դիմում են ծայրահեղ միջոցի եւ լքում են դատարանի դահլիճը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել