Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՐ ԱՌՆԵՏԱՎԱԶՔ ՉԼԻՆԻ

Մարտ 17,2009 00:00

ԱԺ մի խումբ պատգամավորներ դիմել են Սահմանադրական դատարան, որով փորձում են վիճարկել ԱԺ Կանոնակարգ-օրենքի 12 եւ 14-րդ հոդվածները: Պատգամավորները ուզում են, որ ՍԴ-ն պարզի այդ հոդվածների սահմանադրականությունը: ԱԺ տարածքային կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը «Առավոտին» ասաց. «Սահմանադրության երկրորդ հոդվածով ամրագրված է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, եւ ժողովուրդն այն իրականացնում է ընտրությունների միջոցով: Իսկ Կանոնակարգ-օրենքի 12 եւ 14-րդ հոդվածները սահմանում են ԱԺ պատգամավորի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման կարգը եւ խմբակցությունների կազմավորման կարգը: Դեռ մինչեւ 1997-ի մայիս ամիսը ԱԺ Կանոնակարգ-օրենքում ամրագրված էր մի նորմ, ըստ որի՝ պատգամավորը կարող է դուրս գալ իր խմբակցությունից՝ միաժամանակ ներկայացնելով գրավոր դիմում իր պատգամավորական լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին: Հետո այս նորմը հանվեց: Մենք ականատես եղանք, թե ինչպես մեկ գիշերվա մեջ Երկրապահ կազմավորվեց, այո, 2006-ին նույնը տեղի ունեցավ ՕԵԿ խմբակցության հետ. երբ մենք համալրեցինք ընդդիմության շարքերը, մեզանից հեռացան»: Հովհաննես Մարգարյանը պնդում է, որ եթե ՍԴ-ն վերանայի Կանոնակարգի այս հոդվածները, ապա հնարավոր կլինի հստակություն մտցնել հարցում՝ եթե համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորը դուրս է գալիս խմբակցությունից, ապա նա պետք է վայր դնի նաեւ մանդատը. «Հակառակ դեպքում տարաբնույթ ազդեցությունների ներքո ժողովրդի կողմից ընտրված քաղաքական ուժը կարող է չունենալ խմբակցություն, եւ խորհրդարան եկած քաղաքական ուժերի ձեւաչափերը կփոխվեն. սա է, որ մենք ուզում ենք քննարկման առարկա դարձնել»: Մեր հարցին՝ այս գործընթացը կարո՞ղ է կապված լինել Երեւանի ավագանու ընտրությունների հետ, պարոն Մարգարյանը պատասխանեց. «Ըստ էության, քաղաքապետարանում եւս ձեւավորվելու են խմբակցություններ, եւ պետք է, որ ՍԴ-ն մինչեւ մայիսի 31-ը հասցնի որոշում կայացնել, եւ սա միանգամից կտարածվի Երեւանի ընտրված ավագանու վրա»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել