Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգությունը» եւ ՀԱԿ-ը համաձայնության չեկան

Մարտ 17,2009 00:00

Առաջիկայում «Ժառանգությունը» կորոշի Երեւանի ավագանու ընտրություններին իր մասնակցության ձեւը:

Երեկ, ժամը 20-ին, մեկնարկեց «Ժառանգություն» կուսակցության վարչության նիստը, որը տեւեց շուրջ 3 ժամ: Հիշեցնենք, որ Հայ ազգային կոնգրեսի Քաղաքական խորհրդի եւ կենտրոնական գրասենյակի մարտի 15-ի համատեղ նիստում ՀԱԿ-ին մաս կազմող կուսակցությունները կենտրոնական գրասենյակին լիազորել էին քննարկել «Ժառանգություն» կուսակցության առաջարկը՝ ընտրություններում միասնական ցուցակով հանդես գալու վերաբերյալ, եւ այդ կապակցությամբ սկսել պաշտոնական բանակցություններ:

Նիստի ավարտից հետո «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն «Առավոտին» հայտնեց. «Ժառանգությունը» մարտի 16-ին ստացավ ՀԱԿ-ի կողմից պաշտոնական առաջարկ՝ միասնական ցուցակի ձեւաչափի վերաբերյալ: Այդ առաջարկը քննարկվեց վարչության նիստում, եւ «Ժառանգությունն» իր կողմից առաջարկեց իր պատկերացրած մրցունակ ցուցակի տարբերակը Հայ ազգային կոնգրեսին: Ցուցակը հավանության չարժանացավ ՀԱԿ-ի կողմից: Եվ, ընդհանուր առմամբ՝ այսօր «Ժառանգությունը» դեռ որոշում չի կայացրել Երեւանի ավագանու ընտրություններին իր մասնակցության ձեւի եւ բովանդակության վերաբերյալ: Այդ որոշումը կկայացնի առաջիկայում՝ մինչեւ օրենքով սահմանված վերջնաժամկետը»:

Հիշեցնենք, որ վերջնաժամկետը մարտի 22-ն է, երբ ավարտվում է սահմանված այն ժամկետը, որի ընթացքում քաղաքական ուժերը պետք է իրենց ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնեն կենտրոնական ընտրական հանձնաժողով: Իսկ փաստաթղթեր սկսելու են ներկայացնել այսօրվանից:

Մեր խնդրանքին՝ մանրամասնել, թե ինչ էր առաջարկել «Ժառանգությունը», որ ՀԱԿ-ի կողմից չարժանացավ հավանության՝ Հովսեփ Խուրշուդյանը պատասխանեց. «Կարծում եմ, առայժմ ճիշտ չի լինի մանրամասնելը»: Հարցը վերաձեւակերպեցինք, թե արդյոք խոսքը ցուցակի առաջին 3 անձանց հերթականությա՞ն վերաբերյալ էր, թե՞ կային այլ խնդիրներ, եւ «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակն այսպես արձագանքեց. «Նա՛եւ այդ: Եվ հիմնականո՛ւմ այդ»: Հիշեցնենք, որ ՀԱԿ-ն արդեն որոշել է, թե առաջին եւ երկրորդ տեղերում պիտի լինեն Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Ստեփան Դեմիրճյանը, իսկ երրորդ տեղը, ըստ լուրերի, առաջարկվել էր «Ժառանգությանը»:

Հավելենք, որ «Ռեգնում» գործակալությանը տված հարցազրույցում Հովսեփ Խուրշուդյանը վստահեցրել է, թե «Ժառանգության» վարչության այս որոշումը չի բացառում ՀԱԿ-ի հետ առաջիկայում համագործակցությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել