Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԵՎԱՆԻՑ ԿՍԿՍԵՆ

Մարտ 17,2009 00:00

Հայ ազգային կոնգրեսը մտադիր է Հայաստանում ժողովրդավարության եւ օրինականության վերահաստատումը սկսել մայրաքաղաքից:

Հայ ազգային կոնգրեսը, քաղաքական խորհուրդն ու կենտրոնական գրասենյակը, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մասնակցությամբ անցկացրած համատեղ նիստում քննարկելով մայիսի 31-ին կայանալիք Երեւանի քաղաքապետի ընտրություններին առնչվող հարցերն ու դրանք քաղաքական գործընթացների տեսանկյունից կարեւորելով, մարտի 15-ին եկել են այն եզրահանգման, որ Կոնգրեսը, այնուամենայնիվ, կմասնակցի այդ ընտրություններին: Ընդ որում, ինչպես արդեն հայտնի է, ՀԱԿ-ի համամասնական ցուցակը կգլխավորի ՀՀ առաջին նախագահը: Կոնգրեսի անդամ 18 կուսակցությունների առաջնորդներն ու ներկայացուցիչները Երեւանի քաղաքապետի ընտրությունները դիտարկել են որպես երկրում սահմանադրական կարգը վերականգնելու առանցքային փուլ:

Կոնգրեսին մաս կազմող կուսակցությունները միաժամանակ որոշում են ընդունել՝ կենտրոնական գրասենյակին լիազորել քննարկելու «Ժառանգություն» կուսակցության առաջարկը՝ ընտրություններում միասնական ցուցակով հանդես գալու վերաբերյալ, եւ այդ խնդրի շուրջ պաշտոնական բանակցություններ սկսել:

Երեկ «Առավոտի» հետ զրույցում ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը՝ շեշտելով Երեւանի քաղաքապետի ընտրությունների կարեւորությունը, նկատեց, որ Երեւանը, հաշվի առնելով քաղաքական, մշակութային, գիտական ու տնտեսական ասպեկտները, ոչ թե մեր հանրապետության կեսն է, այլ, կարելի է ասել, Հայաստանի մեծ մասն է: «Երեւանը քաղաքական չափազանց մեծ նշանակություն ունի երկրում տեղի ունեցող գործընթացների իմաստով: Երեւանյան ընտրությունները կարելի է վերածել համազգային, համահանրապետական ընտրությունների: Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ ՀԱԿ-ի ցուցակում որպես առաջինը ընդգրկվելու փաստով ընդգծվում է այն հանգամանքը, որ իրականում մենք գնում ենք ոչ թե սովորական ընտրությունների, այլ դա վերածում ենք համազգային ու համահանրապետական պայքարի՝ հանուն սահմանադրական կարգի եւ ժողովրդավարության, օրինականության վերականգնման: Ընդդիմության հաղթանակը Երեւանում ստեղծելու է բարենպաստ պայմաններ՝ այդ պրոցեսը ամբողջ երկրում արագ ավարտին հասցնելու եւ համաժողովրդական շարժման հաղթանակն ամրագրելու համար: Մենք դա դիտարկում ենք ոչ թե որպես քաղաքապետի ընտրություններ, այլ՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ»,- հայտարարեց Լ. Զուրաբյանը:

Արդյոք չե՞ք կարծում, որ իշխանությունները՝ ինչպես նախագահական ընտրությունների ժամանակ, առաջիկա ընտրություններում առավել եւս գործի են դնելու պետական մեքենայի ողջ վարչական լծակները, ընտրակեղծիքների, ահաբեկումների, անձնագրերի հավաքման փորձված «զինտեխնիկան»: «Այս իշխանությունները դեռ տաք են ու լիովին չեն հասկացել, թե ինչ է կատարվում: Չեն հասկացել կամ փորձում են «չհասկանալ», որ իրականում զարկ է տրվել մի պրոցեսի, որը շատ բուռն քաղաքական զարգացումների է հանգեցնելու: Լ. Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ այս ընտրություններին մասնակցելով՝ մենք իսկապես ունենալու ենք նախագահական ընտրությունների մի նոր ցիկլ: Իհարկե, բնականաբար, այս դեպքում մեր պայքարը տարբեր ուժերի ընտրացուցակների դեմ չի լինելու: Մեր պայքարը լինելու է Սերժ Սարգսյանի ղեկավարած կլանային, օլիգարխիկ ու մաֆիոզ համակարգի դեմ: Մեր հակառակորդը լինելու է հենց այդ համակարգը:

Ինչ վերաբերում է լծակներին, ապա նախագահական եւ առաջիկա ընտրությունների մեջ այդ առումով երկու տարբերություն կա: Նախ, փետրվարի 19-ին թեեւ ժողովուրդը սատարեց քաղաքացիական շարժման գաղափարներին, այնուամենայնիվ, զուտ սոցիալ-տնտեսական, կենցաղի տեսանկյունից ժողովուրդն այն ժամանակ շատ ավելի բարվոք վիճակում էր, քան հիմա է: Այսօր արդեն իրավիճակն այլ է թե՛ տնտեսական զարգացման, թե՛ սոցիալական ապահովության ու քաղաքացու պաշտպանվածության տեսանկյունից: Լավատեսության որեւէ հեռանկարն էլ է արդեն կորսված: Սա նշանակում է, որ ժողովրդի ընդվզումը եւ նրա կողմից դիմադրությունն էլ է լինելու շատ ավելի հզոր, ինչպես մասնավորապես՝ ընտրակեղծիքի, այնպես էլ համակարգի դեմ՝ ընդհանրապես: Երկրորդ, իշխանություններն այսօր այն չեն, ինչ նախագահական ընտրությունների ժամանակ էին: Նրանք, ըստ էության, սպառել են բռնությունների, ռեպրեսիաների ռեսուրսը: Նրանք դեռ չեն մարսել «Մարտի 1»-ը, որի հետեւանքները այնքա՜ն մեծ են: Իշխանությունները չեն կարող թույլ տալ բռնությունների կիրառում եւս մեկ անգամ»,- կարծիք հայտնեց Կոնգրեսի համակարգողը՝ միաժամանակ վստահեցնելով, որ իշխանությունների կողմից նորից բռնությունների դիմելը վերջիններիս համար ինքնակործանմանը հավասարազոր բան կլինի:

ՀԱԿ-ը երեկ նաեւ կոչ է արել բոլոր երեւանցիներին ակտիվորեն մասնակցել ընտրություններին՝ դրանով իսկ նպաստելով մեր երկրում ժողովրդավարության, օրինականության հաստատման հաղթանակին:

Որ երեւանցիները վճռականորեն «ո՛չ» են ասելու այս իշխանություններին եւ մայիսի 31-ին քվեարկելու են Կոնգրեսի օգտին, Լ. Զուրաբյանը չի կասկածում: Իսկ ահա Երեւանի քաղաքապետի ընտրություններում հաղթանակ արձանագրելու համար Կոնգրեսը մտադիր է պայքարել օրինական բոլոր միջոցներով:

Երեկ ՀԱԿ-ում դեռեւս չէին բացահայտում, թե ընտրացուցակում Լ. Տեր-Պետրոսյանի կողքին ովքե՞ր են տեղ զբաղեցրել եւ ցուցակն, ընդհանրապես, քանի՞ թեկնածուներից է բաղկացած: Հայտնի է միայն, որ այդ ցուցակում երկրորդը ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել