Լրահոս
Օրվա լրահոսը

«ՓՈՐՁԵԼՈՒ ԵՆ ԴԱՐՁՆԵԼ ՀԱՄԱՐՅԱ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ»

Մարտ 17,2009 00:00

\"\"Կռահեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, երբ ընդդիմությունը դա դեռ չէր ասել

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ ընդդիմության որոշումը՝ ցուցակում առաջինը գրել Լեւոն Տեր-Պետրոսյանի անունը, իր համար սպասելի էր. «Ինձ համար դա սպասելի էր, ես ենթադրում էի, որ ընդդիմությունը, բնականաբար, ամեն առիթ պետք է օգտագործի իշխանափոխության խնդիր դնելու համար: Տրամաբանությունը դա էր հուշում՝ հանրահավաքների հետաձգումը եւ այն տրամադրությունները, որ ամեն առիթ պետք է օգտագործվի երկրում լարվածությունը թեժ պահելու, իշխանափոխության հասունացնելու համար. այս ամենը հուշում էր, որ այդպիսի որոշում կարող էր կայացվել»: Մեր դիտարկումը՝ գուցե ճիշտը արդար, ազատ ընտրությունների անցկացո՞ւմն է, այսինքն՝ թողնել, որ հաղթի այն ցուցակը, որը իրոք կհաղթի, պարոն Ռուստամյանը լսեց ժպիտով եւ ասաց. «Բայց մենք, բնականաբար, ընտրությունները պիտի անցկացնենք այնպես, ինչպես ընտրական այսօրվա տրամաբանությունն է: Երեւան քաղաքը միշտ էլ աչքի է ընկել քաղաքական ակտիվությամբ: Խնդիրն այն է, թե որքան հնարավոր կլինի այս խնդիրը քաղաքականացնել: Իհարկե, քաղաքական ենթատեքստ ունի ցանկացած ընտրություն, բայց, ի վերջո, չպիտի մոռանանք, որ սա ավագանու ընտրություն է եւ այդ աստիճանի քաղաքականացում, որը ենթադրում է ընդդիմությունը, ուղղակի չի համատեղվում ընտրության այս մակարդակի հետ»:

Արմեն Ռուստամյանը վստահ է, որ ընդդիմությունը Երեւանի ավագանու ընտրությունը փորձելու է դարձնել «համարյա նախագահականի նման ընտրություն», որը, սակայն, ըստ մեր զրուցակցի՝ «տեղին չի եւ ճիշտ չի»: Ի դեպ, երեկ, երբ զրուցում էինք Արմեն Ռուստամյանի հետ, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը դեռ չէր հայտարարել, որ ավագանու ընտրությունները ՀԱԿ-ը դիտարկում է որպես նախագահական ընտրությունների երկրորդ փուլ:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը առաջին նախագահի առաջադրումը քաղաքապետի պաշտոնի համար որակեց այսպես. «Դա իմիտացիա է, որը սպասված էր, այնպես որ՝ չեմ կարծում՝ դրանից ակնհայտ լարված նոր գաղափարախոսություններ են ծնվելու: Քաղաքական թիմը ցուցակում առաջինն իր լիդերին է դնում, ի՞նչ կա որ»: Մեր հարցին՝ այս «իմիտացիան» կարո՞ղ է փոխել հանրապետականի որոշումը, եւ ընդդիմության այս որոշումից հետո ՀՀԿ-ն որոշի, որ ցուցակը գլխավորելու է ոչ թե Գագիկ Բեգլարյանը, այլ քաղաքապետի այլ թեկնածու, պարոն Սահակյանն այսպես պատասխանեց. «Չեմ կարծում: Նման որոշում եթե լիներ, ես ինֆորմացված կլինեի, մանավանդ՝ այդ հարցերը որոշում ենք բոլորս միասին: Չեմ տեսնում որեւէ առիթ, որ հանրապետականը կամ քաղաքական մյուս թիմերը պիտի ֆորմատներ փոխեն, մանավանդ՝ հասարակությանը դեռեւս հայտնի չէ, թե Կոնգրեսը ինչպիսի հեռանկարային ծրագրերով է մասնակցելու ընտրությանը: Համոզված եմ, որ ծրագրերով հանդես չեն էլ գալու, որովհետեւ այսքան ժամանակ պայքարում են առանց ծրագրի»: Պարոն Սահակյանը արդեն հաստատ գիտի, թե ինչ է ասելու ընդդիմությունը քարոզարշավի ժամանակ եւ ընտրություններից հետո. ասելու են՝ «ընտրությունները կեղծվելու են, միեւնույն է՝ մենք Երեւանի քաղաքապետ ենք, ոնց որ մինչ այժմ ասում են՝ մենք հանրապետության նախագահ ենք, այսօր էլ պիտի ասեն՝ քաղաքապետ ենք: Բայց չեմ կարծում, որ մեր ժողովուրդը իր իմաստնությունը կորցրել է եւ վտանգավոր երեւույթներին կամ զանգվածներին պիտի առավելություն տա»:

ԲՀԿ տեսակետը մեզ փոխանցեց ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը. «Միանշանակ էր, որ եթե ՀԱԿ-ը մասնակցելու էր Երեւանի ավագանու ընտրություններին, ապա նրանց համամասնական ցուցակը պիտի գլխավորեր Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Ուստի, եթե ոմանց թվում է, թե իրենք քաղաքական դաշտին կանգնեցրել են անսպասելիության էֆեկտի առաջ, ապա խորապես սխալվում են։ Խիստ կանխատեսելի որոշում է կայացրել ընդդիմությունը, եւ մեզ համար հասկանալի չէ իրենց սեփական որոշման շուրջ իրենց իսկ բարձրացրած աժիոտաժը։ «Բարգավաճ Հայաստանը» նախապես հայտարարել էր, որ մենք բավականին լուրջ հայտով ենք մասնակցելու Երեւանի ավագանու ընտրություններին եւ առաջիկայում հանրությանը կներկայացնենք մեր համամասնական ցուցակը, ինչպես նաեւ՝ Երեւանի սոցիալ-տնտեսական զարգացման մեր համալիր ծրագիրը։ Իսկ ընտրությունը՝ առաջարկվող թիմերի եւ ծրագրերի միջեւ, բնականաբար, երեւանցիներինն է լինելու»։ ՕԵԿ-ի ներկայացուցիչները խուսափեցին հարցերին պատասխանել: Միակ բանը, որ լսեցինք սա էր. «Մենք արդեն իսկ որոշում ենք կայացրել՝ ամսի 21-ին կառավարության նիստերի դահլիճում տեղի կունենա ՕԵԿ Երեւանի կառույցների ընդլայնված նիստ կամ համաժողով, որտեղ կներկայացվեն մեր ավագանու ցուցակները»,- ասաց Հովհաննես Մարգարյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել