Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Մարտ 14,2009 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք յոթերորդ

Գլուխ քսանվեցերորդ

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿՅԱՆՔ

 Երբ միլիցիոներներն արդեն Պետնանցին խցկում էին իրենց վիլիսը, Մրջանանցն ինձ ասաց՝ «ես հետները կգնամ, իսկ դու վազի հանրակացարան ու Հովոյին խաբար արա, որ Մյասնիկյանի քաղմաս գա», եւ ես հարցրի՝ «ի՞նչ գիտես, որ Մյասնիկյան են տանում», եւ Քոթոն ասաց՝ «էն մեկին ճանաչում եմ՝ ուզունլարցի ա» եւ ավելացրեց՝ «համ էլ՝ էս առաջին դեպքը չի» ու էդ ասելով՝ Մրջանանցը վազեց ու սողոսկեց միլիցիոներների վիլիսը, եւ, ըստ երեւույթին, միլիցիոներները երկրորդ Քոթոյի հայտնությանն ամենեւին էլ դեմ չէին, մանավանդ որ՝ մեքենայում տեղ կար, որովհետեւ չորսից թե հինգից երկուսը նստեցին երկրորդ՝ հետեւի վիլիսը, եւ երբ երկրորդ Քոթոն վիլիս սողոսկեց, վիլիսներն անմիջապես տեղներից պոկվելով ու կտրուկ շրջադարձ կատարելով՝ սլացան դեպի Ազիզբեկովի հրապարակ, ու ես էսօրվա վերնիսաժով վազեցի դեպի Վարդան Մամիկոնյան ու Մյասնիկյանի քաղմաս, որի տեղը լավ գիտեի ո՛չ միայն էն պատճառով, որ Կրիվոյի մեր տներից երկու շենք ներքեւ էր, այլեւ էն պատճառով, որ մի անգամ միլիցիայի էդ բաժանմունքում իմ պատանեկության ընկեր Կարոյի հետ մի տհաճ առիթով եղել էինք, բայց ինձ ու Կարոյին առանձնապես երկար չպահեցին, որովհետեւ էդ թվերին հորաքրոջս ամուսինը՝ Սուրիկ ձյաձյան Լենինյանի միլպետի տեղակալն էր, եւ իր հեռախոսի համարն էլ անգիր գիտեի ու հենց Մյասնիկյանից զանգեցի իրեն, եւ մի քանի րոպե անց Կարոն ու ես արդեն ազատության մեջ էինք, եւ Սուրիկ ձյաձյայի էդ անգամվա պարգեւած ազատությունն իսկական ազատություն էր, որովհետեւ էդ դեպքի մասին ինքը ո՛չ մեր տնեցիներին պատմեց եւ ոչ էլ նույնիսկ հորաքրոջս, ու ես դեպի Մյասնիկյանի քաղմաս սլանալով՝ ճանապարհին մտածում էի, որ ծայրահեղ դեպքում Քոթոյի հաշվով Սուրիկ ձյաձյային կզանգեմ, ու Վարդան Մամիկոնյանի արձանի մոտերքում միայն ուղեղս սկսեց նորմալ աշխատել, եւ Մրջանանցի ապսպրանքը հիշելով՝ հասկացա, որ ոչ թե Մյասնիկյան քաղմաս պիտի գնամ, այլ՝ ֆիզկուլտ ինստիտուտի հանրակացարանի հետեւի մեր մանկավարժականի հանրակացարան, որտեղ եւ ապրում էր Պետնանց Քոթոյի մեծ ախպեր Պետնանց Հովիկը, եւ չնայած Պետնանց Հովիկն էդ օրվա ու էդ պահի դրությամբ Մանկավարժականի հեռակա բանասիրականի դեկանն էր, տուն չուներ ու ֆիզկուլտ ինստիտուտի հանրակացարանի հետեւի մեր մանկավարժականի հանրակացարանում էր ապրում, եւ էդ իրիկուն դեպի էդ հանրակացարան վազքով սլանալիս՝ էդ սլացքի մեջ միայն մի բան էի մտածում՝ «մենակ թե՝ Հովիկը հարբած չըլնի», եւ երբ մտա հանրակացարանի իր սենյակ, կասկածներս լրիվ արդարացան, ավելի ճիշտ՝ կասկածներս դեռեւս հանրակացարանի էդ առաջին հարկի միջանցքում էին արդարացել, որովհետեւ միջանցքից արդեն լսվում էին Հովոյի ու սեղանակիցների աղաղակները, ու ես միջանցքում արդեն գիտեի, որ էդ աղաղակները Հովոյի սենյակից են գալիս, որովհետեւ էդ հանրակացարանի մյուս բոլոր սենյակներում սովորական ուսանողներ էին ապրում, որոնց խստիվ արգելված էր խմել ու մանավանդ աղմկել, եւ երբ մտա Հովոյի սենյակ, նույն գինարբուքային վիճակն էր, որի ականատեսը մի քանի անգամ եղել էի, եւ երբ ներս մտա, սենյակում լիքը խմած մարդիկ կային, եւ ներկաներից միակ օյաղը հանրակացարանի պարետ Յուրան էր, եւ երբ պարետ Յուրային դուրս հանեցի միջանցք ու պատմեցի գլխներիս եկածը, Յուրան անմիջապես մտավ Հովոյի սենյակ եւ քիչ անց մի բլոկնոտ ձեռքին դուրս եկավ ու ասաց՝ «գնանք իմ կաբինետից զանգենք», եւ ես հարցրի՝ «ո՞ւմ զանգենք», եւ ինքը պատասխանեց ու ասաց՝ «Մյասնիկյանի միլպետի տեղակալին» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «Հովիկը դրա տղի հետ հայերեն ա պարապել ու հիմի էլ իրան դաս ա տալի», եւ երբ մտանք Յուրայի կաբինետ, ինքն անմիջապես համարը հավաքեց ու հեռախոսով ասաց՝ «բարեւ ձեզ, ընկեր Պետրոսյան, ձեզ Մանկավարժականի հանրակացարանի պարետն է անհանգստացնում… երեւի չեք հիշում… հա, Յուրան… շատ շնորհակալ եմ, որ չեք մոռացել… մեր դասախոսներից Պետրոսյան Հովիկին գիտեք… այո՛, այո՛. ձեր որդու հետ հայոց լեզու է պարապել… այո, հիմա էլ դասախոսն է… Հովիկին ոչինչ էլ չի պատահել. պարզապես էս պահին Հովիկը գյուղում է՝ Շնողում… գիտեմ, որ Շնողում եղել եք… ես էլ էի ձեզ հետ. երեւի չեք հիշում… շատ շնորհակալ եմ, որ հիշում եք… Հովիկին ոչինչ չի պատահել… իր կրտսեր եղբորն է պատահել… չէ, էս անգամ ոչ մի կռիվ էլ չի եղել… պարզապես հրապարակում գոռացել է… հա, Լենինի… ճիշտն ասած, չգիտեմ՝ ինչ է գոռացել. միայն էն գիտեմ, որ ինքը հիմա՝ էս պահին ձեր բաժանմունքում է… Պետրոսյան Հենրիկ… ինքը հիմա Շնողում է. որ գա՝ կբարեւեմ, ընկեր Պետրոսյան… հոգաչափ շնորհակալ եմ, ընկեր Պետրոսյան» եւ Յուրան խոսակցությունն ավարտելով՝ լսափողը դրեց ու խորը շունչ քաշելով ասաց՝ «էս անգամ էլ բեդովլաթին պրծացրինք», եւ ես հարցրի՝ «խոստացա՞վ, որ կազատի», եւ Յուրան ինքնագոհ ասաց՝ «ասեց, որ ամենաուշը կես ժամից հանրակացարանում կըլնի», եւ ես զարմացած հարցրի՝ «ո՞վ», եւ Յուրան ինքնագոհ ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «Պետնանց Քոթո կոչեցյալը», եւ ես ասացի՝ «ուրեմն, էդ միլպետի տեղակալը Հովիկին շատ ա հարգում», եւ Յուրան ասաց՝ «ինչքան չըլնի՝ համ իրա էրեխի դասախոսն ա, համ էլ էդ էրեխի հետ անձամբ ա պարապել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «դու լավ գիտես, որ Հովիկի պարապածը պարապած ա», եւ ես ասացի՝ «գիտեմ», եւ Յուրան ասաց՝ «էդ միլպետի տեղակալը Հովոյին շատ ա հարգում», եւ ես ասացի՝ «պարզ ա, որ կհարգի», եւ Յուրան մի քիչ մտածեց ու ասաց՝ «բայց, ամեն դեպքում, պիտի խոսալու ձեւն իմանաս. կարող ա իմ փոխարեն ուրիշը զանգեր՝ չկարենար համոզեր», եւ ես ժպտալով ասացի՝ «դու շատ հեշտ համոզեցիր», եւ Յուրան ասաց՝ «ամեն մարդու հետ պիտի իրա ձեւով ու իրա մակարդակով խոսաս», եւ ես ասացի՝ «շատ ճիշտ արիր, որ զանգեցիր», եւ Յուրան ասաց՝ «Հովիկն ինքն էր ուզում զանգեր, բայց չթողեցի», եւ ես ասացի՝ «ճիշտ ես արել, որ չես թողել. Հովիկը լավ խմած ա», եւ Յուրան ասաց՝ «էդ տեղակալին մի ժամ պիտի բացատրեր՝ ինչ ա պատահել», եւ ես ասացի՝ «չէր էլ կարա բացատրեր», եւ Յուրան ժպտալով ասաց՝ «նախ մենք պիտի Հովոյին մի ժամ բացատրեինք՝ ինչ ա պատահել», եւ ես զարմացած հարցրի՝ «իրան չես պատմե՞լ», եւ Յուրան ասաց՝ «իրանից մենակ էս բլոկնոտն եմ ուզել» եւ ժպտալով ավելացրեց՝ «գիտեի, որ էդ տեղակալի համարն էս բլոկնոտի մեջ կա», եւ ես հարցրի՝ «բա չհարցրե՞ց՝ խի ես բլոկնոտն ուզում», եւ Յուրան ասաց՝ «հարցրեց, ես էլ ասեցի, որ Պետրոսյանի հետ հարց ունեմ», եւ ես հարցրի՝ «բա չհարցրե՞ց՝ ինչ հարց ա», եւ Յուրան ասաց՝ «չհարցրեց, բայց ասեց՝ թե պետք ա, ես զանգեմ, ես էլ ասեցի՝ չէ, ե՛ս կզանգեմ», եւ ես ոգեւորված ասացի՝ «փաստորեն, կարանք Հովոյին էս պատմության մասին ոչ մի բան չասենք», եւ Յուրան քմծիծաղով ասաց՝ «էրեխա ե՞ս» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «առավոտ որ օյաղանա, իրան ամեն ինչ կպատմեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «համ էլ կասեմ, որ զանգի՝ էս Պետրոսյանին գոնե բանավոր շնորհակալություն ասի», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «ճիշտ ես ասում», եւ Յուրան ժպտալով ասաց՝ «վերջիվերջո, մարդը մի օրվա համար չի» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «էն էլ՝ էս Պետրոսյանի մակարդակի մարդը», եւ մինչ Քոթոների մասին էսպես հիշելով գրում եմ, ինձ զանգեց Ջավախյանն ու որոշակի նորություններ հայտնեց քաղաքական, ավելի ճիշտ՝ ներքաղաքական կյանքից, եւ, փաստորեն, Ջավախյանի պատճառով Քոթոներին հիշեցի ու նույն Ջավախյանի պատճառով էլ պիտի դադարեցնեմ, մանավանդ որ՝ իրենց մասին ինչ որ ասելու էի՝ հիշեցի ու ասացի, ու իրենց հիշելս միանգամայն տեղին էր, որովհետեւ առաջին ու երկրորդ հատորներիս մեջ ուսանողական ժամանակներիս հնարավորինս անդրադառնալով՝ զլացել էի հիշել ու հիշատակել իմ համակուրսեցիներ Մրջանանց ու Պետնանց Քոթոներին, բայց, մյուս կողմից էլ, էդ զլացումս էլ է որոշակիորեն արդարացված, որովհետեւ երկու Քոթոներն էլ նույն կուրսերում մնալով՝ յոթանասուներեքին ու չորրորդ կուրսում էին հասել մեր կուրս, ու ես իրենց հետ ընդամենն ամառվա արձակուրդների երկու ամիսն ու մինչեւ հոկտեմբերի կեսերն ընկերություն արեցի, որովհետեւ յոթանասուներեքի հոկտեմբերի կեսերից արդեն Հոկտեմբերյանի շրջանի Լենուղի սովխոզի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի ու գրականության ամենածանրաբեռնված ուսուցիչն էի. այսինքն, ինչքան էլ չուզեցողներս ասեն ու պնդեն, թե ժամանակներն ու ամեն ինչ գրչիս տակ խառնվում ու ցաքուցրիվ են լինում, ես միանգամայն համամիտ եմ էն քչերի հետ, ովքեր գտնում են, որ շատ էլ տեղին եմ ժամանակներն ու ամեն ինչ խառնում, որովհետեւ եթե ժամանակներն իրար չխառնեի եւ Ախալքալաքցի Աշոտի ու «Ապագա բժիշկ» բազմատիրաժի իզով միագիծ առաջանալով՝ հասնեի «Ծիծեռնակ» ու Տաթեւիկ, էդ ընթացքում հատուկենտ ընթերցողներիս էլ պիտի կորցնեի, որովհետեւ քաղաքականությունից մազապուրծ հատուկենտ ընթերցողներիս իրենց կյանքն ու իրենց կյանքի էսօրվա պահերն ավելի են հետաքրքրում, քան՝ միագիծ ու անհեռանկար իմ հեռավոր անցյալը, մանավանդ որ՝ քաղաքականությունից մազապուրծ հատուկենտ ընթերցողներս էլ են էս պահին քաղաքականությամբ տոգորված, որովհետեւ Հայաստանի առաջին նախագահն արդեն վճռականապես ու վերջնականապես է որոշել մեծ քաղաքականություն վերադառնալ, եւ իր էդ վերադարձը խորհրդանշող արարողությունը տեղի ունեցավ Հայաստանի երկրորդ անկախության օրը «Արմենիա» հյուրանոցի սրահում, ու մինչ Քոթոներին կհիշեի ու իրենց մասին կգրեի, էս ընթացքում քաղաքականությունն սկսեց լրջորեն զբաղվել ոչ միայն իմ հատուկենտ ընթերցողներով, այլեւ անձամբ ինձանով, բայց քանի որ ես չափազանց պարտաճանաչ ու հետեւողական գրող եմ, պարտավոր եմ հատուկենտ ընթերցողներիս իրազեկել, որ հազար ինը հարյուր յոթանասուներեք թվականի էն իրիկուն, մինչ հանրակացարանի պարետ Յուրային կվերապատմեի, թե ինչպես եղավ, որ միլիցիոներները հրապարակից Պետնանց Քոթոյին վիլիսը խցկելով տարան, հանկարծ Յուրայի կաբինետի շեմին շողշողացին զույգ Քոթոները, որոնց նույն միլիցիոներները նույն վիլիսով հանրակացարան բերին, եւ երկու Քոթոների հետ կապված պատմելիքս ահա էսպես ու էսքանով ավարտվեց, եւ հիմա արդեն պարտավոր եմ անդրադառնալ էսօրվա ներքաղաքական իրավիճակին, որովհետեւ եթե չանդրադառնամ ու քաղաքականությամբ չզբաղվեմ, միեւնույն է, քաղաքականությունն արդեն միանգամայն հանգամանորեն ու չափազանց մոտիկից է սկսել ինձնով ու ինձպեսներով զբաղվել, որովհետեւ առաջին նախագահը միանգամայն վճռականորեն է որոշել մեծ քաղաքականություն վերադառնալ, ու մինչ Քոթոներին կանդրադառնայի, արդեն հասարակությունն իրազեկված է, որ սույն թվի հոկտեմբերի քսանվեցին Ազատության հրապարակում տեղի է ունենալու առաջին նախագահի առաջին հանրահավաքը՝ Սարգսյան Արամով ու Դեմիրճյան Ստեփանով, եւ հասարակությունը միանգամայն վճռականորեն է իրազեկված, ու վճռականության համար կենտրոնի միլիցիան երեկ իրիկուն բռնել է Նիկոլին, Շողերին, Մակեյանին ու էլի մի քանիսին, բայց էս գիշեր առաջին նախագահի պահանջով բոլորին ազատ են արձակել, ու էս առթիվ արդեն չեմ կարող չխոստովանել, որ հրատապության առումով գեղարվեստական գրականությունը լրագրության համեմատ հեչ բան է, որովհետեւ, չնայած էս պահին էսպես հրատապորեն անդրադառնում եմ Նիկոլենց էս դեպքին, էդ մասին էսօրվա թերթերն արդեն գրել ու տպել են, եւ չնայած ես է՛լ եմ արդեն գրել, բայց իմ էս գրածը հազիվ տարիուկես հետո «Առավոտում» տպվի. այսինքն, մինչեւ էս գրածս տպվի, վերջնականապես պարզ կդառնա՝ առաջին նախագահն ինչ կարգավիճակով մեծ քաղաքականություն վերադարձավ, եւ նմանապես հայտնի կդառնա՝ առաջին նախագահը հեղափոխությա՞մբ մեծ քաղաքականություն վերադարձավ, թե՞, ընդհակառակը, ընտրություններով, ու էս երկրորդ տարբերակի առումով չափազանց լուրջ կասկածներ ունեմ՝ ո՛չ միայն էն պատճառով, որ հանրապետականներն ընտրակեղծիքների արվեստին լրջորեն ու ամենայն խորությամբ են վերաբերվում, այլեւ էն պատճառով, որ առաջին նախագահի՝ առ էսօր տարած բոլոր համոզիչ հաղթանակները պսակված են եղել հեղափոխական իրադարձություններով ու ֆոնով, մինչդեռ ինքն ու իր թիմը սովորական ընտրություններում համոզիչ հաղթանակներ չգրանցեցին ո՛չ իննսունհինգին եւ՛ ոչ էլ մանավանդ իննսունվեցին, եւ դրա պատճառներից մեկն էլ էն է, որ բնության ու մանավանդ մեր իրականության մեջ հեղափոխությամբ հաղթող տեսակը ընտրությամբ հաղթող տեսակի ճիշտ եւ ճիշտ հակապատկերն է, եւ քանի որ առաջին նախագահն ու իր հին թիմը հեղափոխությա՛մբ հաղթող են, եւ քանի որ ութ թվի փետրվարին ընդամենը նախագահի հերթական ընտրություն է նախատեսված, եւ քանի որ արդեն յոթ թվի հոկտեմբերն ավարտին է մոտենում, առաջին նախագահը որոշել է մեծ քաղաքականություն վերադառնալ միանգամայն նոր թիմով եւ քաղաքացիական նախաձեռնությամբ, եւ երբ տարիուկես անց էս գրածս «Առավոտում» տպագրվի, բոլորն արդեն իմացած կլինեն՝ ովքեր են ներկայացնում էդ, ուրեմն, նոր թիմը, իսկ առայժմ՝ էսօրվա դրությամբ նորերից ընդամենը Նիկոլին գիտենք, չնայած, ըստ էության, Նիկոլն էլ նոր չի, քանի որ էս տարվա գարնանից սկսած՝ ինքն ամեն ուրբաթ մենմենակ ու միանգամայն հրապարակայնորեն էր նախապատրաստում առաջին նախագահի երկրորդ գալուստը, եւ չնայած էդ ամբողջ ընթացքում Նիկոլը կասկածողներ էր փնտրում եւ, ի դեմս ինձ, մեկին արդեն գտել էր, այդուհանդերձ, հիմա ու էս պահին ես մյուսներից ավելի եմ հավատում Առաջինի երկրորդ գալստյանը, ընդ որում՝ ոչ թե Նիկոլի կեսամյա ջանքերի շնորհիվ եմ հավատում, այլ՝ միանգամայն ինքնուրույն, որովհետեւ արդեն վերջնականապես եմ պարզել, որ քաղաքականությունը, չնայած բավական վտանգավոր, միեւնույն ժամանակ բավական երեւելի ու երեւացող զբաղմունք է՝ ո՛չ միայն գրականության, այլեւ գիտության ու առաջին հերթին պատմագիտության համեմատ, եւ միակ մարդը՝ ով էդ բանն, ըստ ամենայնի, ինձնից լավ է հասկացել, ոչ թե Նիկոլն է, այլ՝ հենց առաջին նախագահը, որը վերջին մի քանի տարիներին Կիլիկիո պատմության վրա ճգնելուց հետո երեւի վերջնականապես համոզվեց, որ գիտությունն ընդհանրապես եւ պատմագիտությունը մասնավորապես արհամարհված է ո՛չ միայն իր հակառակորդների կողմից, այլեւ՝ իր համախոհների, եւ էդ հարցում Առաջինն ու բոլորս վերջնականապես համոզվեցինք սեպտեմբերի քսանմեկին՝ «Արմենիա» հյուրանոցում արտասանած իր էդ ելույթից անմիջապես հետո, որովհետեւ իր էդ մի քանի րոպեանոց ելույթը հունից հանեց ո՛չ միայն իր հակառակորդներին, այլեւ՝ իր համախոհներին, եւ եթե համախոհները հունից դուրս գալով՝ միանգամայն ա՛յլ հուն մտան, հակառակորդներն առ էս պահը հունից դուրս գտնվելով՝ երեկ իրիկուն ձերբակալել են Նիկոլին, Շողերին, Մակեյանին ու էլի մի քանիսին, եւ առաջին նախագահը մեծ քաղաքականություն վերադարձի ճանապարհին մտել է Կենտրոնի ոստիկանատուն ու ազատել է իր համախոհներին, բայց էս հրաշապատում վերջաբանի մասին էսօրվա թերթերը լռում են, որովհետեւ առաջին նախագահին միայն գիշերվա չորսի կողմերն է հաջողվել ազատել տղերքին ու Շողերին, մինչդեռ օրաթերթերն ամենաուշը գիշերվա երկուսին են ուղարկվում տպարան, ու էդ է պատճառը, որ օրաթերթերն էս առավոտ ընդամենը առաջին նախագահի՝ Կենտրոնի ոստիկանատուն մտնելն են նշել, մինչդեռ Ջավախյանն արդեն ինձ զանգել ու ասել է, որ Նիկոլին, Շողերին ու բոլորին առաջին նախագահի շնորհիվ գիշերվա չորսի կողմերը բաց են թողել, եւ Ջավախյանի տեղեկատվությունը կասկած չի հարուցում, որովհետեւ Ջավախյանի աղջիկը Նիկոլի թերթում սրբագրիչ է աշխատում, եւ թերթը գիշերվա չորսի կողմերը տպարան ուղարկելուց անմիջապես հետո ամբողջ խմբագրակազմով գնացել են Նիկոլին ազատելու, բայց առաջին նախագահն արդեն Նիկոլին ու բոլորին ազատած է եղել, եւ չնայած էդ ամենի մասին էսօրվա թերթերում որեւէ բան չկա, էդ ամենը նվաստս արդեն գիտի Ջավախյանի առավոտվա հեռախոսազանգի շնորհիվ, եւ, մինչ էս նախադասությունը շարունակում էի, եւս երկու հոգի զանգեցին ու էդ լուրն ասացին, եւ սա էն բացառիկ դեպքերից է, երբ առավոտվա հեռախոսազանգերն ինձ ոչ թե կտրում են իմ գործից, այլ, ընդհակառակը, նպաստում են, որովհետեւ արդեն մտածում էի՝ Քոթոներից անմիջապես հետո միանգամից կվերադառնամ յոթանասունյոթ թիվ ու «Ծիծեռնակ», բայց, ինչպես տեսնում եք, էս առավոտվա զանգերն ու նախահեղափոխական իրավիճակն ինձ հիմնավորապես են կտրում «Ծիծեռնակից» ու իմ հեռավոր անցյալից, եւ սա եւս մի ապացույց է, որ եթե քաղաքականությամբ չես զբաղվում, քաղաքականությունը միանգամայն որոշակիորեն ու հանգամանորեն է զբաղվում քեզնով, եւ կոնկրետ էս դեպքում դա ինձ միանգամայն ձեռնտու է, որովհետեւ հիմա, երբ երկրում նախահեղափոխական իրավիճակ է, հատուկենտ ընթերցողներս էլ առանձնապես չեն ցանկանա ուղղորդվել յոթանասունյոթ թիվ ու «Ծիծեռնակ», բայց, մյուս կողմից էլ, մինչեւ էս նախահեղափոխական տրամադրություններս «Առավոտում» տպվեն, հեղափոխությունն արդեն հաղթած կամ պարտված կլինի, կամ, ըստ ամենայնի, միանգամայն ա՛յլ հեղափոխական կամ նախահեղափոխական իրավիճակ ստեղծված կլինի, բայց եթե նույնիսկ գրական ու գեղարվեստական էս մարգարեությունս իրականություն դառնա, դրանով է՛լ գրականությունն ակտուալ չի դառնա, որովհետեւ մինչ էս գրական գուշակություններս տարիուկես անց «Առավոտում» տպագրվում են, դրանք վաղուց արդեն իրականություն են դառած լինում, եւ, փաստորեն, գուշակություններիս վրա որեւէ զարմացող չի լինում, եւ նույնիսկ կասկածող էլ չկա, որ որոշ բաներ դեռեւս տարիուկես առաջ եմ գուշակել, չնայած, այսուհանդերձ, ես ոչ կասկածող եմ փնտրում եւ ոչ էլ Հայրիկյանի պես տանջվում եմ էն մտքից, թե՝ էսինչ ու էնինչ բաները դեռեւս տարիուկես առաջ եմ ասել եւ ահա՝ ոչ ոք չի հիշում ու ոչ ոք չի գնահատում, եւ իմ հավակնությունն ընդամենը մարդկանց ուշադրությունը գոնե մի քիչ դեպի գրականություն շեղելն է, եւ հույս ունեմ, որ տարիուկես անց՝ երբ էս նախադասությունս «Առավոտում» տպվի, ներքաղաքական էնպիսի իրավիճակ չի լինի, որ մարդիկ մտածեն, թե մարդկանց դեպի գրականություն շեղելով՝ արատավոր ու ապազգային բան եմ անում, բայց, մյուս կողմից էլ որ մտածում եմ, արդեն շուրջ քսան տարի է՝ ոմանք իմ մասին հենց էդպես էլ մտածում են, եւ միգուցե ճիշտ են անում՝ որ էդպես են մտածում, որովհետեւ ինձ պես մտածողներն ու ինձ պես ապրողները, հասարակական ու ներքաղաքական կյանքից իրենց տեւական բացակայությամբ, միանգամայն շեշտակի են խփում «մեկ, պլյուս մեկ, պլյուս մեկ» կարգախոսին. ավելի՛ն. ես ու իմնմաններն իրենց գոյությամբ ու արատավոր ռեժիմով՝ վտանգավոր նախապայմաններ ենք ստեղծում մեկ այլ ու միանգամայն վտանգավոր կարգախոսի՝ «մեկ, մինուս մեկ, մինուս մեկ» բովանդակությամբ, եւ ինձ պես ու ինձ զուգահեռ՝ արդեն տասը տարի հենց առաջին նախագահն էր էս նույն արատավոր ռեժիմով ապրում ու ստեղծագործում՝ ներքաղաքական կյանքից հիմնավորապես բացակայելով ու արարելով իր «Խաչակիրները եւ հայերը» աշխատությունը, բայց ահա առաջին նախագահն ինձ անհայտ ուժերի ճնշման տակ դարձի է եկել, եւ մինչ Քոթոների ու Նիկոլենց մասին էի գրում, ինքը ոչ միայն «Արմենիա Մարիոտում» իր առաջին ելույթն ունեցավ, այլեւ արդեն բազմամարդ հանրահավաք է արել՝ հանրահավաքը եզրափակելով իր թեկնածության առաջադրման ավետիսով, եւ արդեն պաշտոնական լրատվամիջոցներն սկսել են պախարակել Առաջինի առաջին երկու ելույթները՝ նախ խավարի ու ցրտի տարիներին մանրակրկիտ անդրադառնալով, ապա հանրությանը բացատրելով, որ ինչպես Առաջինի առաջին, այնպես էլ երկրորդ ելույթի մեջ որեւէ նոր բան չկա, մինչդեռ դա բացահայտ սուտ է, որովհետեւ, եթե Առաջինը նույնիսկ շատ ուզենար, էլի չէր կարող նոր բան չասել, քանի որ բազմահատոր ճգնանքից ու տառապանքից ազատագրված մարդը միանգամայն նորովի է սկսում նայել կյանքին, աշխարհին ու ամեն ինչին, եւ սա ընդամենը ենթադրությունս է, որովհետեւ, ինչքան զգում ու հասկանում եմ, էդ վիճակին երբեւէ չեմ արժանանալու, որպեսզի կյանքին ու ամեն ինչին նորովի նայելու հնարավորություն ունենամ, եւ չնայած պաշտոնական լրատվամիջոցները պնդում են, թե Առաջինի ելույթների մեջ որեւէ բան չկա, ես պաշտոնական պրոպագանդային դժվար թե ենթարկվեմ, որովհետեւ Առաջինի առաջին ելույթներում իսկապես լիքը նոր բան կա, եւ անձամբ ինձ համար ամենամեծ նորությունն էն էր, որ ղարաբաղցի Հեթումյաններն ամբողջ հարյուր հիսուն տարի իշխել են Կիլիկիայում, եւ էս նորության վրա հանրահավաքի մասնակիցների երջանիկ հայացքները մեկից երջանկազրկվեցին ու սարսափոտեցին, եւ ահա Առաջինը Կիլիկիո պատմությունը վերջնականապես դադարեցնելով՝ վերջնականապես վերադարձել է մեծ քաղաքականություն, եւ, ինչքան զգում եմ, անդառնալիորեն է վերադարձել, ու էս պահի դրությամբ, փաստորեն, միակ գործող պատմիչը ես եմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել